Իրան. սոցիալական բողոքից` «տնտեսական վիրահատություն»

Իրան. սոցիալական բողոքից` «տնտեսական վիրահատություն»

Ի՞նչ է կատարվում Հայաստանի բարեկամ և անմիջական հարևան երկրում՝ Իրանում։ Վերջին շաբաթներին այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների թեմա թե՛ փորձագիտական, թե՛ մեդիա դաշտում։ Տարբեր վերլուծաբաններ իրավիճակը ներկայացնում են տրամագծորեն հակադիր կերպով․ մի մասը խոսում է խորացող ճգնաժամի, ընդլայնվող բողոքի ցույցերի և անգամ իշխանության դեմ կոշտ կարգախոսների մասին, մինչդեռ մյուսները պնդում են, որ նման գնահատականները չափազանցված է և ավելի շատ արտաքին քարոզչության արդյունք են։

Իրական պատկերն, ինչպես հաճախ լինում է, առավել բարդ և բազմաշերտ։ Ի՞նչ գործընթացներ իրականում ընթանում են Իրանում բացատրեց իրանցի քաղաքագետ Փույա Հոսեինին։

Բողոքի երկու շերտ՝ սոցիալական դժգոհություն և անվտանգային մարտահրավերներ

Նրա խոսքով՝ Իրանում այսօր ձևավորվել է բողոքի երկու հիմնական շերտ։ Առաջինը՝ լայն հասարակական զանգվածներն են, որոնք դժգոհում են սոցիալ-տնտեսական վիճակից։ Վերջին ամիսներին երկրում գրանցվել են մի քանի փուլ   գների թանկացման, իսկ ազգային արժույթի՝ ռիալի փոխարժեքը դոլարի նկատմամբ զգալիորեն արժեզրկվել է։ Սա ուղիղ հարված է հասցրել բնակչության գնողունակությանը և դարձել է փողոցային բողոքների հիմնական պատճառը։

Միաժամանակ, Իրանի հոգևոր առաջնորդը հրապարակային մակարդակով ընդունել է, որ խաղաղ բողոքի ակցիաները լեգիտիմ են։ Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը հայտարարել է, որ չի խոչընդոտում խաղաղ ցույցերին և ընդունում է հասարակության դժգոհության ձայնը՝ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ։

Խաղաղ բողոք և ոստիկանության դերակատարումը

Քաղաքագետի ներկայացմամբ՝ Իրանում այսօր կա հստակ տարբերակում խաղաղ բողոքի և անկարգությունների միջև։ Խաղաղ ցույցերի դեպքում իրավապահները հիմնականում աջակցող դիրք են գրավում, մինչդեռ այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս սադրանքներ, բախումներ կամ անվտանգային սպառնալիքներ, ոստիկանությունը գործում է շատ կոշտ։

Ըստ Հոսեինի՝ իրավապահ մարմինները հատուկ ուշադրություն են դարձնում այն խմբերին, որոնք կարող են կապված լինել ներքին կամ արտաքին ուժերի հետ և փորձել խաղաղ ցույցերը վերածել անկարգությունների։ Նման դեպքերում իրականացվում են ձերբակալություններ և կանխարգելիչ գործողություններ։

Տնտեսական ճգնաժամի խորքային պատճառները

Իրանի տնտեսական խնդիրների առանցքում, ըստ քաղաքագետի, գտնվում է երկակի փոխարժեքի համակարգը։ Երկրում գոյություն ունի դոլարի երկու փոխարժեք՝ պետական և շուկայական։ Սա լուրջ խեղաթյուրումներ է ստեղծում առևտրի և ֆինանսական հոսքերի մեջ։

Արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերությունները պարտավոր են արտահանման արդյունքում ստացված դոլարային եկամուտները վերադարձնել երկիր՝ պետական բանկային համակարգի միջոցով։ Սակայն երբ պետական փոխարժեքը էապես ցածր է շուկայականից, արտահանողները շահագրգռված չեն այդ գումարները վերադարձնել։ Արդյունքում, ըստ Հոսեինի, Իրանից դուրս է մնում միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ, ինչը խորացնում է դոլարի պակասը երկրի ներսում և նպաստում փոխարժեքի հետագա աճին։

«Ծանր, բայց անհրաժեշտ վիրահատություն»

Այս իրավիճակից դուրս գալու համար Իրանի իշխանությունները փորձում են իրականացնել այն, ինչ քաղաքագետը բնութագրում է որպես «ծանր, բայց անհրաժեշտ տնտեսական վիրահատություն»։ Խոսքը պետական և շուկայական փոխարժեքների միավորման մասին է։ Սա պետք է խթանի արտահանողներին վերադարձնել դոլարային միջոցները երկիր և կայունացնի ֆինանսական համակարգը։

Սակայն նման քայլը ունի կարճաժամկետ ծանր հետևանքներ․ գների կտրուկ աճ, սոցիալական լարվածություն և բնակչության համար զգալի դժվարություններ։ Պետությունն արդեն փորձում է մեղմել այդ ազդեցությունը՝ սոցիալական փոխանցումների, սննդային զամբյուղների ապահովման և այլ աջակցության մեխանիզմների միջոցով։

Սակայտ  Իրանի ներսում չկա միանշանակ վերաբերմունք առաջարկվող բարեփոխման նկատմամբ։ Մասնագետների մի մասը կարծում է, որ նման «վիրահատությունը» պետք էր իրականացնել միայն տնտեսության նախնական կայունացումից հետո, հակառակ դեպքում կա վտանգ, որ տնտեսությունը պարզապես չի դիմանա ծանրաբեռնվածությանը։ Մյուսները, հակառակը, համոզված են, որ առանց այս քայլի ճգնաժամը միայն կխորանար։

Արտաքին գործոնների վտանգը

Հոսեինը նաև զգուշացնում է, որ ստեղծված անկայունության պայմաններում ակտիվանում են արտաքին ուժերի գործակալական ցանցերը։ Նրանց նպատակը, ըստ քաղաքագետի, խաղաղ ցուցարարներին ներքաշելն է բախումների մեջ՝ իրավապահների հետ, զոհերի ստեղծման միջոցով իրավիճակը առավել սրելու և ներքին անկայունությունը խորացնելու համար։ Հենց այս ռիսկերն են, որ Իրանի ազգային անվտանգության և իրավապահ մարմիններին դրդում են կոշտ գործողությունների՝ նման սադրիչ տարրերի դեմ։



👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top