Ռուսաստանը այլևս ի վիճակի չէ ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, և նրա դիրքերը երկրում փաստացի կորսված են։ Նման համոզմունք է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե ժամանակավոր դժվարությունների, այլ համակարգային թուլացման մասին է։
Բադալյանի խոսքով՝ Ռուսաստանի թուլացման ամենախոսուն օրինակներից մեկը Կապանում հյուպատոսություն բացելու ձախողված փորձն է։ «Երկու տարի է՝ Ռուսաստանը փորձում է Կապանում հյուպատոսություն բացել, բայց չի կարողանում։ Մինչդեռ Իրանը կարողացավ դա անել։ Սա շատ հստակ ցուցիչ է․ Ռուսաստանը այլևս այն հին Ռուսաստանը չէ», — նշում է նա։
Ուկրաինան՝ որպես ռեսուրսների սպառման կենտրոն
Փորձագետի գնահատմամբ՝ Ռուսաստանի հիմնական ռեսուրսներն ամբողջությամբ կենտրոնացված են Ուկրաինայի վրա։ «Ռուսաստանի ամբողջ ռեսուրսը գնում է միայն Ուկրաինայում՝ օրը մի գյուղ գրավելուն։ Մնացած բոլոր տարածաշրջաններում Ռուսաստանը զիջում է իր դիրքերը», — ասում է Բադալյանը։
Այս պայմաններում, նրա կարծիքով, Մոսկվան կարող է փորձել ինչ-որ քայլեր ձեռնարկել նաև Հայաստանում, սակայն այդ փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ գործիքակազմը փաստացի բացակայում է։
«Փափուկ ուժի» կորուստը Հայաստանում
Բադալյանի խոսքով՝ Ռուսաստանը վերջին երեք տասնամյակների ընթացքում ամբողջովին կորցրել է Հայաստանի հասարակության հետ աշխատելու հնարավորությունը։ Նա հիշեցնում է, որ Հայաստանից Ռուսաստան ուղարկված դեսպանների գործունեությունը հիմնականում չի կրել ռազմավարական բնույթ։
«Դեսպանները ավելի շատ զբաղված էին կոնյակի համտեսներով, քան լուրջ քաղաքական կամ հասարակական աշխատանքով։ Բացառությամբ մեկ դեպքի՝ 1998 թվականին, երբ մի դեսպան կարողացավ աջակցություն ցուցաբերել իշխանափոխության գործընթացին», — նշում է նա։
Մնացած բոլոր դեպքերում, ըստ Բադալյանի, հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են ձևականության վրա։ Նույնը վերաբերում է նաև ռուսական «փափուկ ուժի» ինստիտուտներին՝ Ռոսսոտրուդնիչեստվոյին, Մոսկվայի տանը, որոնք, նրա բնորոշմամբ, հաճախ վերածվել են ձևական կառույցների կամ «փող լվալու» մեխանիզմների։
Տնտեսական և ռազմավարական լծակների կորուստը
Բադալյանը համոզված է, որ եթե Ռուսաստանը շարունակաբար պարտություններ կրի նաև Հայաստանում, ապա կկորցնի վերջին տնտեսական և ռազմավարական լծակները։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ՀԷՑ-ին, երկաթուղուն և ատոմային էներգետիկային։
«ՀԷՑ-ը ժամանակի ընթացքում ամբողջովին դուրս կգա ռուսական վերահսկողությունից, երկաթուղու լիցենզիան պարզապես չեն երկարացնի, ատոմակայանի նոր բլոկի կառուցման պայմանագրեր չեն ստորագրվում։ Ամենայն հավանականությամբ՝ այն կիրականացվի եվրոպական կամ ամերիկյան ընկերությունների միջոցով», — ասում է նա։
Նույն տրամաբանությամբ, Բադալյանը չի բացառում նաև ռուս սահմանապահների և զորքերի դուրսբերումը Հայաստանից՝ անկախ այն հայտարարություններից, թե նման օրակարգ գոյություն չունի։
Տարածաշրջանային փոփոխվող իրականություն
Քաղաքական ռազմավարագետի խոսքով՝ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը չի փոխելու իրավիճակը Հայաստանի շուրջ։ «Խնդիրը միայն Հայաստանը չէ։ Վրաստանում ամրապնդվում է արևմտյան ազդեցությունը, Ադրբեջանը Թուրքիայի փաստացի կցորդն է, և Թուրքիան այստեղ ևս կփորձի ամրապնդել իր դիրքերը», — նշում է նա։
Բադալյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան, պետք է նախ ամրապնդի իր դիրքերը Ադրբեջանում կամ Վրաստանում՝ ապահովելով հաղորդակցություն և ազդեցության նոր ուղիներ։ Սակայն ներկայիս պայմաններում նման հեռանկարը չափազանց հեռու է իրականությունից։

