TRIPP. Վաշինգտոնի և Թեհրանի միջև

ԱՄՆ-ում ստորագրված «փաստաթուղթը» իրավական ուժ չունի

Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը  ոչ միայն իրավական առումով որևէ արժեք չունի, այլև պարունակում է լուրջ սպառնալիքներ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության համար։ Նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։  
Ոչ թե փաստաթուղթ, այլ ցանկությունների ցանկ

Խոսելով ստորագրված փաստաթղթի բովանդակության մասին՝ Թորոսյանն նշում է՝ արդյոք դա կարելի՞ է ընդհանրապես փաստաթուղթ համարել իրավական իմաստով։

«Այս հարցին պատասխանելու համար բավական է կարդալ հենց առաջին նախադասությունը»,– նշում է նա։ Փաստաթղթում արձանագրված է, որ այն ուրվագծում է Թրամփի նախաձեռնած «ուղու հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման շրջանակը և միտված չէ ստեղծելու որևէ իրավական պարտավորություն կամ հանձնառություն Հայաստանի կամ Միացյալ Նահանգների համար։

«Սա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե փաստաթղթի, այլ պարզապես ցանկությունների մասին թղթի հետ»,– ընդգծում է Թորոսյանը։ Նրա խոսքով՝ նման «հուշագրերը» որևէ իրավական հետևանք չեն կարող ունենալ, ինչը բնական հարց է առաջացնում․ եթե դա փաստաթուղթ չէ, ինչո՞ւ է այն ընդհանրապես ստորագրվում։

Նա հիշեցրեց է, որ դեռ օգոստոսի 8-ին ևս ստորագրվել էր հուշագիրը, որը նույնպես որևէ իրավական պարտավորություն չէր ստեղծում կողմերի համար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում ստորագրվել է երեք հուշագիր՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցության, էներգետիկ համակարգի և այժմ արդեն այս նախաձեռնության շրջանակում։

«Եթե սա լիներ իրական գործընթաց, ապա նախորդ հուշագրերին պետք է հաջորդեր համաձայնագիր՝ հստակ պարտավորություններով և իրավական հետևանքներով։ Բայց համաձայնագրեր չկան։ Կան միայն հուշագրեր, որոնք ոչինչ չեն պարտադրում»,– նշում է Թորոսյանը։

Մեկ հնարավոր բացատրություն՝ քարոզչական նպատակ

Այս պայմաններում նա տեսնում է միայն մեկ հնարավոր բացատրություն՝ քարոզչական նպատակ։ Նրա համոզմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ հասարակությանը ցույց տալու համար, թե իբր Հայաստանը խորացնում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

«Սա հնարավորություն է տալիս ներկայիս իշխանություններին ասել՝ տեսեք, մենք փաստաթուղթ ենք ստորագրել ԱՄՆ-ի հետ։ Բայց իրականում փաստաթուղթ չկա, և սա պետք է մարդիկ հստակ գիտակցեն։ Սա խաբեություն է»,– ասում է Թորոսյանը՝ հավելելով, որ երբ ապագայում համաձայնագիր ստորագրվի, այն կարող է ունենալ բոլորովին այլ բովանդակություն և որևէ կերպ կապված չլինել այս հուշագրի հետ։

Թորոսյանը անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչու է Միացյալ Նահանգները համաձայնում ստորագրել նման փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ այստեղ ևս կա երկու գործոն։ Առաջինը՝ ԱՄՆ նախագահի մշտական հայտարարությունները խաղաղության հաստատման մասին։ Սակայն, ինչպես ընդգծում է նա, այդ «խաղաղությունները» իրականում գոյություն չունեն։

Փաստաթղթի տեքստը որևէ առնչություն չունի ոչ խաղաղության, ոչ էլ ինքնիշխանության հետ

Երկրորդ և առավել կարևոր հանգամանքը, ըստ նրա, աշխարհաքաղաքական շահն է։ Փաստաթուղթը խոսում է Հայաստանի տարածքում «անխոչընդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության» ստեղծման մասին՝ իբր տարածաշրջանային խաղաղության, կայունության և ինտեգրման նպատակով։ Սակայն, Թորոսյանի գնահատմամբ, փաստաթղթի տեքստը որևէ առնչություն չունի ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ էլ պետությունների ինքնիշխանության հարգանքի հետ։

«Սա պարզ առևտրային հուշագիր է, որն ունի հստակ աշխարհաքաղաքական նպատակ՝ հաստատել Միացյալ Նահանգների գործնական ներկայությունը Հայաստանում և տարածաշրջանում»,– ասում է նա։

Այս համատեքստում Թորոսյանը հիշեցնում է, որ դեռ 1990-ականներին Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա կառուցվել են նավթամուղ և գազամուղ։ Այսինքն՝ արդեն գոյություն ունի փորձարկված և անվտանգ ճանապարհ, որով Ադրբեջանը կարող է կապ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց Հայաստանի տարածքը ներգրավելու։

Փաստաթղթով Հայաստանը փաստացի ոչինչ չի ստանում

«Եթե այդ ճանապարհը կա, ապա ինչո՞ւ են հրաժարվում դրանից և ընտրում Հայաստանի տարածքը։ Միակ բացատրությունն այն է, որ այս փաստաթղթով Հայաստանը փաստացի ոչինչ չի ստանում, բայց տալիս է Միացյալ Նահանգներին անսահման հնարավորություններ վերահսկելու այդ տարածքը»,– նշում է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ խոսքը նույնիսկ պարզապես ճանապարհի մասին չէ, այլ ամբողջական տարածքի։ Փաստաթղթի մանրամասները, ըստ նրա, ցույց են տալիս, որ նախաձեռնությունը կարող է աստիճանաբար տարածվել Հայաստանի ողջ տարածքի վրա, սահմանների վերահսկողությունը փաստացի կարող է անցնել ամերիկյան կողմին։

Առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն ձևակերպումը, ըստ որի նախաձեռնությունը պետք է կապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ և դառնա կենսական օղակ Տրանսկասպյան առևտրային երթուղում։ Թորոսյանի խոսքով՝ այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են առավելություններ՝ առանց որևէ պարտավորություն ստանձնելու։

«Ի՞նչ առավելություն է սա ստեղծում Հայաստանի համար։ Ոչ մի հստակ պատասխան չկա։ Տրանսկասպյան երթուղին օգտագործելու է Միացյալ Նահանգները, ոչ թե Հայաստանը»,– ընդգծում է նա։

Այս ամենի արդյունքում, ըստ Թորոսյանի, Հայաստանը տալիս է իր տարածքը, որպեսզի Միացյալ Նահանգները լծակ ստանա Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, մինչդեռ այդ լծակը պետք է ծառայեր հենց Հայաստանի շահերին։

«Մենք ստանում ենք միայն լուսանկարներ ամերիկյան պաշտոնյաների հետ, որոնք ունեն զուտ քարոզչական արժեք»,– ասում է նա՝ հավելելով, որ դրա դիմաց Հայաստանը տալիս է լիարժեք ներկայություն ԱՄՆ-ին իր տարածքում։

Իրանի արձագանք

Թորոսյանը նաև կարևորում է Իրանի արձագանքը։ Նրա խոսքով՝ Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունները բացառիկ երևույթ են դիվանագիտական պրակտիկայում և վկայում են, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզապես բողոքի ցույցերը։

«Խոսքը Հայաստանի՝ Իրանի դեմ ուղղված կենտրոն դառնալու վտանգի մասին է։ Սա լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար»,– եզրափակում է Տիգրան Թորոսյանը։

Նրա գնահատմամբ՝ հարևանների շահերը լիովին անտեսելը և սեփական շահերը չպաշտպանելը կարող է Հայաստանը կանգնեցնել չափազանց վտանգավոր իրավիճակի առաջ՝ անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ բառերով է փաթեթավորվում տվյալ նախաձեռնությունը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top