Բաքվում ընթացող դատավարությունները քաղաքական հաշվեհարդար են

Բաքվում ընթացող դատավարությունները քաղաքական հաշվեհարդար են

Բաքվում շուրջ մեկ տարի շարունակվող դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության որևէ չափանիշի և իրենց բնույթով քաղաքական հաշվեհարդարի գործիք են։ Այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։                           

Նրա խոսքով՝ դեռևս մեկ տարի առաջ Բաքվում մեկնարկած դատավարությունները, որոնք վերաբերում են հայերին վերագրվող արարքներին, պաշտոնապես սկսվել են 2025 թվականի հունվարի 17-ին։ Սակայն դրանց մեկնարկը ադրբեջանական իշխանությունները նախապես ներկայացրել էին որպես «պատմական» գործընթաց՝ ներքին հանրային դիսկուրսում դրանք համեմատելով նույնիսկ Նյուրեմբերգյան դատավարությունների հետ։

Գործերի անջատում՝ առանց իրավական հիմքի

Սահակյանը հիշեցնում է, որ դեռ հունվարի 16-ին Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դատավարությունները ֆարս են, ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել, իսկ նախաքննության փուլում ստորագրված արձանագրությունները կեղծ են։ Նրա խոսքով՝ փաստաբաններն ու թարգմանիչները այդ արձանագրությունները ստորագրել են պարտադրանքի ներքո։

Մասնագետի գնահատմամբ՝ առանձնապես խնդրահարույց է նաև գործերի արհեստական անջատումը։ Նախաքննության փուլում առկա է եղել մեկ միասնական գործ՝ նույն փաստերով և նույն ապացույցներով, սակայն հետագայում կայացվել է որոշում առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը։ Արդյունքում ձևավորվել են երկու զուգահեռ դատավարություններ՝ մեկը մեկ ամբաստանյալով, մյուսը՝ 15 ամբաստանյալներով, որոնց թվում են Արցախի յոթ ռազմաքաղաքական ղեկավարներ և ութ գերիներ, գերեվարված 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման ընթացքում։

«Իրավական տեսանկյունից գործի անջատման որևէ հիմք չկա։ Մենք այստեղ տեսնում ենք ոչ իրավական, այլ անձով պայմանավորված քաղաքական որոշում», — ընդգծում է Սահակյանը։

«Բաց» դատավարությունների փակ իրականությունը

Սահակյանի խոսքով՝ թեև ադրբեջանական իշխանությունները իմիտացրել են բաց դատավարություն, իրականում դրանք փակ են եղել անկախ լրագրողների, միջազգային դիտորդների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների համար։ Դատական գործընթացի լուսաբանումը իրականացվել է բացառապես ադրբեջանական պետական լրատվական գործակալության միջոցով, ինչի արդյունքում հանրությանը ներկայացվել է միակողմանի տեղեկատվություն։

Նրա պմդմամբ՝ այն դեպքերում, երբ հաջողվել է ստանալ այլընտրանքային տեղեկություններ, արձանագրվել են լուրջ անհամապատասխանություններ և փաստերի թերի ներկայացում։ Դատավարության մուտքի թույլտվության բոլոր դիմումները կամ մերժվել են, կամ անտեսվել, ինչը նույնպես հանգեցրել է իրավունքների խախտման։

Մոտ մեկ տարվա ընթացքում անցկացված ավելի քան 150 դատական նիստերի ընթացքում, ըստ Սահակյանի, չեն ներկայացվել կոնկրետ ապացույցներ կամ փաստեր, որոնք կհիմնավորեին մեղադրանքները։ Նրա գնահատմամբ՝ դատավարություններում գերակշռել են քաղաքական թեզերի վերարտադրությունը, իսկ գործընթացի հիմնական նպատակը եղել է Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումը և ցուցադրական պատիժը այն հայերի նկատմամբ, որոնք գործունեություն են իրականացրել Արցախի օգտին։

Դատավարությունների եզրափակիչ փուլն ու առաջարկվող պատիժները

Սահակյանը նշում է, որ արդեն նոյեմբեր ամսին դատական նիստերը թևակոխել են եզրափակիչ փուլ։ Այդ փուլում հնչել են նաև առաջարկվող պատժաչափերը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասի համար պահանջվել է ցմահ ազատազրկում։ Միայն երկու անձանց պարագայում, որոնք արդեն լրացրել են 65 տարին, օրենսդրական սահմանափակումների պատճառով պահանջվել է 20 տարվա ազատազրկում։

Ռուբեն Վարդանյանի գործով, Սահակյանի խոսքով, կարևոր զարգացում է տեղի ունեցել հոկտեմբերին, երբ նա հրաժարվել է մասնավոր փաստաբանի ծառայություններից։ Շարժառիթը եղել է պաշտպանությունը կազմակերպելու փաստացի անհնարինությունը։ Նրա խոսքով՝ դատարանին ներկայացվել է ավելի քան 400 հատորից բաղկացած գործ, որը գերազանցում է 100 հազար էջը։ Այդ նյութերը կիրառվել են թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ 15 ամբաստանյալների գործով դատավարություններում։ Սակայն դրանք չեն թարգմանվել հայ ամբաստանյալներին հասանելի լեզուներով, իսկ դրանց ամբողջական ուսումնասիրության հնարավորություն չի տրվել։

Ավելին՝ փաստաթղթերի մի զգալի մասը դասակարգվել է որպես գաղտնի, ինչը լրացուցիչ սահմանափակումներ է առաջացրել։ «Ակնկալվել է, որ առանց մեղադրական եզրակացությանը և գործի նյութերին ծանոթանալու, հայերը պետք է կազմակերպեն ձևական պաշտպանություն», — նշում է Սահակյանը։

Նրա խոսքով՝ բոլոր միջնորդությունները, որոնք ուղղված են եղել իրական պաշտպանություն ապահովելուն, մերժվել են, ինչի արդյունքում խախտվել է կողմերի իրավահավասարության և «զենքերի հավասարության» սկզբունքը։

Ձգձգումներ և վերջին խոսքի արգելափակում

Սահակյանը հիշեցնում է, որ մինչև հոկտեմբեր հնարավոր էր ստանալ դատավարությունների վերաբերյալ համեմատաբար բազմակողմանի տեղեկատվություն։ Սակայն մասնավոր փաստաբանի հեռացումից հետո միակ աղբյուրը դարձել են ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները։

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 15 ամբաստանյալների գործով վերջին նիստը, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Վճիռը սպասվում է առաջիկայում։

Ռուբեն Վարդանյանի գործով, սակայն, Սահակյանի գնահատմամբ, ակնհայտորեն նկատվում են գործընթացի ձգձգման միտումներ։ Դեկտեմբերի 27-ին նախատեսված նիստը, որի ընթացքում նա պետք է հանդես գար վերջին խոսքով, նախ հետաձգվել է հանրային պաշտպանի փաստաբանի առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ապա՝ դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելու անհեթեթ հիմնավորմամբ։

«Եթե սա իրական պատճառ լիներ, ապա նույն հիմնավորմամբ պետք է հետաձգվեր նաև նախորդ նիստը», — ընդգծում է Սահակյանը՝ հավելելով, որ այս հանգամանքները թույլ են տալիս ենթադրել՝ Ռուբեն Վարդանյանի գործով կա նպատակային ձգձգում։

Ռազմական դատարանների իրավասության խնդիրը

Սահակյանը առանձնահատուկ խնդիր է համարում այն, որ բոլոր գործերը քննվել են ռազմական տրիբունալների կողմից, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի գործը, որտեղ կա մեկ ամբաստանյալ քաղաքացիական անձ։

Նրա խոսքով՝ ռազմական դատարանների իրավասությունը ենթադրում է, որ մեղադրյալը պետք է լինի ռազմականացված սուբյեկտ։ Հետաքրքրական է, որ կալանքի սկզբնական փուլում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջնորդությունները ներկայացրել են քաղաքացիական դատարաններ, իսկ միայն հետագայում է որոշում կայացվել գործերը փոխանցել ռազմական դատարաններին։

«Մենք սա մեկնաբանում ենք որպես քաղաքական պատվերի դրսևորում», — նշում է Սահակյանը։

Կրոնական գործոնի առկայության մասին

Իրավապաշտպանը չի բացառում, որ դատավարություններում առկա է նաև կրոնական գործոն։ Նրա խոսքով՝ գործ ունենք քրիստոնյա հայերի դատապարտման հետ, և դա արտացոլվում է վերաբերմունքի մի շարք դրվագներում։

Թեև որոշ գրքեր թույլատրվում է փոխանցել հայ բանտարկյալներին, Աստվածաշնչի փոխանցումը արգելվում է՝ առանց որևէ հիմնավոր բացատրության։ Արգելվել են նաև կրոնական սիմվոլները, իսկ հրապարակային զեկույցներում նշվել են դեպքեր, երբ այդ սիմվոլները հեռացվել են կամ ոչնչացվել։

Սահակյանի գնահատմամբ՝ քրիստոնյա լինելը ևս գործոն է, որը կարող է ազդել այս խնդրի լուծման վրա։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top