Կառավարությունը քննարկման է ներկայացրել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագծ, որը պաշտոնապես ներկայացվում է որպես համապարփակ լուծում՝ ուղղված որոնման, նույնականացման և անհայտ կորածների ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերին։ Սակայն օրենքի ձևակերպումների և առաջարկվող մեխանիզմների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ, չնայած ակնհայտ առաջընթացին, ներկայացված փաթեթը պարունակում է նաև կառուցվածքային թերություններ, որոնք թույլ չեն տալիս այն գնահատել որպես վերջնական և ամբողջապես բավարար լուծում։
Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքները
Նախագծով ամրագրվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները։ Դրանց թվում են՝ անհետացման պատճառների և հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքը, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների և հուղարկավորման վայրի մասին տեղեկություն ստանալու իրավունքը, մարմինը կամ մասունքները ստանալու իրավունքը։
Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող արտոնությունները։ Դրանց մեծ մասը համահունչ է գործող օրենսդրությանը, սակայն ամրագրվում է մեկ միասնական իրավական փաթեթում։
Մասնավորապես՝ դատարանի կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ տարվա ընթացքում մեկ անգամ, բնակարան չունեցող կամ չորրորդ աստիճանի վթարային բնակարան ունեցող ընտանիքները հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և կարող են ստանալ բնակարան կամ դրա ձեռքբերման աջակցություն, զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները և ամուսինը կամ կինը բուհերում ունեն ընդհանուր մրցույթից դուրս ընդունելության և անվճար ուսումնառության իրավունք։
Անհայտ կորած անձի ընտանիքի անդամները իրավունք ունեն կենսաթոշակային ապահովության և նպաստների ստացման՝ ոլորտային օրենքներով սահմանված կարգով։ Կառավարության կողմից սահմանված չափերով տրամադրվում է նաև դրամական աջակցություն։
Բացի այդ, ընտանիքի անդամները օգտվում են հարկային արտոնություններից՝ ազատվելով իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկից։
Նախագծով նախատեսվում է նաև սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում անհայտ կորած անձի ընտանիքի անդամներին։
Հետախուզման ընթացակարգը և դրա դադարեցման պայմանները
Օրենքի նախագծով սահմանվում է անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու հստակ ընթացակարգ։ Դիմումը կարող է ներկայացվել լիազոր մարմին՝ ընտանիքի անդամի, պետական մարմնի, կամ հասարակական կազմակերպության կողմից։
Դիմումի ներկայացումից հետո անհայտ կորած անձի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են համապատասխան միասնական ռեեստր։ Լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը։
Որոնողական աշխատանքները կարող են երկարաձգվել, սակայն օրենքով ամրագրված է, որ ձեռնարկված միջոցառումների և առկա վիճակի վերաբերյալ 15 օրը մեկ պարտադիր կերպով տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։
Հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրի, հուղարկավորման վայրի կամ մարմնի մասունքների գտնվելու վայրի պարզվելուց երեք օրվա ընթացքում՝ այդ մասին անհապաղ նշում կատարելով նաև ռեեստրում։ Սակայն դատարանի վճռով մահացած ճանաչված, բայց մարմինը չհայտնաբերված անձի դեպքում հետախուզումը չի դադարեցվում։
Որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Նրա լիազորությունների շրջանակում ընդգրկվում են՝ անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգումը, պետական մարմիններից ստացված տեղեկատվության հավաքագրումն ու մշակումն, որոնողական աշխատանքների իրականացումը, նույնականացմանը նպաստող տվյալների ստուգումը, հաղորդակցումը ընտանիքի անդամների հետ, որոնման ընթացքի, արդյունքների, անհետացման պատճառների և քննության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Լիազոր մարմնի ներքո ստեղծվելու է անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։
Ծնողների և հարազատների մտահոգությունները հաշվի առնելով՝ օրենքի նախագծով սահմանվում է, որ անհայտ կորելու փաստով հետախուզման դիմում ներկայացված լինելու և միաժամանակ քրեական վարույթ հարուցված լինելու դեպքում քննիչը պարտավոր է անհապաղ դիմել դատարան՝ հեռախոսազանգերի և տեղաշարժի տվյալներ ստանալու թույլտվության համար։
Դատարանի որոշումը հիմք է հանդիսանում անհայտ կորած անձին որոնելու նաև բջջային հեռախոսի գտնվելու վայրի միջոցով՝ պարզելով, թե ում հետ է կապ հաստատել և որտեղ է գտնվել հեռախոսը։
Նախագծով կարգավորվում են նաև անհայտ կորած անձանց մարմինների որոնման, նույնականացման, արտաշիրիմման, դրանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև միջազգային համագործակցության հետ կապված հարցերը։
Հարակից օրենքների նախագծերով սահմանվում է նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի և նպաստի իրավունքը՝ հստակեցնելով դրանց կիրառման ընթացակարգերը։
Որտեղ է հիմնական խնդիրը
Թեև օրենցդրական փաթեթը ունի ակնհայտ առավելություններ գործող կարգավորումների հետ համեմատած, սակայն միևնույն ժամանակ, օրենքը ակնհայտորեն ունի ինստիտուցիոնալ թուլություն։ Անհայտ կորածների հարցերով լիազոր մարմնի դերը վերապահելով Ազգային անվտանգության ծառայությանը՝ պետությունը խնդիրը դիտարկում է գերազանցապես անվտանգության և քննչական գործողությունների տրամաբանության մեջ։ Մինչդեռ անհայտ կորածների թեման ոչ միայն իրավական կամ քրեական, այլ նախևառաջ մարդասիրական և սոցիալական խնդիր է։
Սա վտանգ է ստեղծում, որ ընտանիքները շարունակելու են մնալ երկրորդ պլանում, իսկ տեղեկատվության տրամադրումը հնարավոր կլինի սահմանափակվել «քննչական շահերով»։ Շատ երկրներում նման գործառույթներն իրականացվում են քաղաքացիական կամ խառը մոդելով գործող մարմինների կողմից՝ ապահովելով ավելի մեծ թափանցիկություն և վստահություն։
Բացի այդ, օրենքում զգացվում է պետության պատասխանատվության հարցի խուսափողական ձևակերպումը։ Խոսվում է որոնման, տեղեկատվության տրամադրման, աջակցության մասին, սակայն գրեթե բացակայում է հստակ պատասխանատվությունը՝ ինչ է տեղի ունենում, եթե որոնումը տարիներով արդյունք չի տալիս, կամ եթե պետական մարմինները չեն կատարում իրենց պարտականությունները։
Ավելին՝ սոցիալական արտոնությունների փաթեթը մեծ հաշվով կրկնում է գործող կարգավորումները և չի առաջարկում որակապես նոր լուծումներ։ Այո, ընտանիքներին տրվում են նպաստներ, հարկային արտոնություններ, կրթական հնարավորություններ, սակայն այս ամենը հաճախ չի համարժեք այն անորոշությանը, որի մեջ ապրում են անհայտ կորածների հարազատները տարիներով։
Օրենքը չի լուծում հիմնական բարոյական և իրավական հակասությունը՝ ընտանիքը փաստացի ապրում է կորստով, բայց իրավաբանորեն ստիպված է սպասել անորոշ վիճակում՝ առանց հստակ ժամկետների կամ միջանկյալ իրավական կարգավիճակների։

