Հայաստանի առաջ կանգնած անվտանգային խնդիրները հնարավոր չէ հասկանալ կամ լուծել առանձին վերցրած փաստաթղթերով կամ նախընտրական քարոզչական ձևակերպումներով։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Ըստ նրա՝ դրանք պետք է դիտարկել այն խորքային փոփոխությունների համատեքստում, որոնք այսօր տեղի են ունենում միջազգային քաղաքականության մեջ՝ Միացյալ Նահանգների քաղաքականության կտրուկ վերափոխման ֆոնին։
Կդառնա՞ն Միացյալ Նահանգները ՀՀ անվտանգության երաշխավոր
Հիմնարար հարցը, ըստ Դանիելյանի, հետևյալն է․ արդյոք Միացյալ Նահանգները կարող են իրականում ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի դեր։ Գործող իշխանությունը փորձում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ ներկայացնել այսպես կոչված «TRIPP-ի ծրագիրը», որը պետք է անցնի Սյունիքով, որպես անվտանգության և տնտեսական բարգավաճման հնարավորություն։
Սա արվում է այն պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան բացահայտ սպառնում են Սյունիքը գրավելու հեռանկարով։ Կան ոչ միայն տեսակետներ, այլև տվյալներ այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում էր ռազմական ճանապարհով բացել ճանապարհ դեպի Նախիջևան։ Այդ գործընթացին Հայաստանի իշխանությունը կարողացավ ներգրավել Միացյալ Նահանգներին և դա ներկայացնել որպես լուրջ քայլ անվտանգության ապահովման ուղղությամբ։
Դանիելյանը հիշեցնում է Վաշինգտոնում վերջերս ստորագրված փաստաթուղթը։ Ըստ նրա՝ այդ փաստաթղթի առանցքային դրույթներից մեկն այն է, որ այն ոչ մի իրավական երաշխիք չի ենթադրում։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները որևէ իրավական պարտավորություն չեն ստանձնում Հայաստանի անվտանգության հարցում։
Միևնույն ժամանակ պետական ապարատը սկսում է որոշակի քայլեր իրականացնել այդ ծրագրի շրջանակում՝ մաքսային, հարկային և այլ ոլորտներում։ Կա նաև տեսակետ, որ հիմնական գործողությունները նախատեսվում են ընտրություններից հետո՝ այն դեպքում, եթե գործող իշխանությունը վերարտադրվի։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց․ արդյոք արտաքին վտանգի դեպքում, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Միացյալ Նահանգները որևէ իրական պարտավորություն կվերցնե՞ն իրենց վրա։
Թրամփի քաղաքականությունը պատահականությո՞ւն չէ
Այս հարցին պատասխանելու համար, ըստ Ստեփան Դանիելյանի, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսին է այսօրվա Միացյալ Նահանգների քաղաքական էությունը։ Շատերը Դոնալդ Թրամփին ընկալում են որպես էքսցենտրիկ, պատահական երևույթ՝ ենթադրելով, որ իշխանափոխությունից հետո ԱՄՆ քաղաքականությունը կվերադառնա նախկին ուղուն։ Սակայն Դանիելյանի համոզմամբ՝ սա խորապես սխալ մոտեցում է։
Թրամփի քաղաքականությունը պատահականություն չէ։ Այն հիմնված է հստակ գաղափարական և ռազմավարական փաստաթղթի վրա՝ Project 2025 ծրագրի, որը մշակվել է ամերիկյան աջ պահպանողական ուղեղային կենտրոնների կողմից։ Ծրագիրը կազմվել է 2022 թվականին, հրապարակվել՝ 2023-ին, իսկ 2024-ին լայնորեն քննարկվել է ԱՄՆ-ի նախընտրական գործընթացների ընթացքում։
Դանիելյանը շեշտում է, որ Թրամփը իրականացնում է հենց այն կետերը, որոնք ամրագրված են Project 2025-ում։ Այդ ծրագրի մշակմանը մասնակցել են մի քանի հարյուր բարձրակարգ փորձագետներ, որոնց թվում՝ Թրամփի առաջին վարչակազմի 144 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա, ըստ քաղաքագետի, Միացյալ Նահանգների «խորքային պետության» կողմից պատրաստված փաստաթուղթ է։
Ներքին քաղաքականության վերափոխումը՝ արտաքին քաղաքականության հիմքում
Project 2025-ի առանցքային դրույթներից մեկը ներքին քաղաքականության արմատական փոփոխությունն է։ Նախատեսվում է ուժեղացնել նախագահի ապարատը՝ թուլացնելով կախվածությունը դատական համակարգից, հատուկ ծառայություններից և Կոնգրեսից։ Դանիելյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում ԱՄՆ-ում, հենց այդ ծրագրի իրականացումն է, և բազմաթիվ ամերիկացի փորձագետներ արդեն հայտարարում են, որ սահմանադրական հավասարակշռությունը խաթարված է։
Երկրորդ կարևոր ուղղությունը արժեքային համակարգի փոփոխությունն է։ Շեշտը դրվում է ավանդական ընտանիքի մոդելի վրա, սահմանափակվում է աբորտների հասանելիությունը, փոխվում է LGBTQ համայնքի նկատմամբ քաղաքականությունը։ Պատահական չէր, որ Թրամփը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց՝ ԱՄՆ-ում գոյություն ունեն միայն երկու գենդեր՝ կին և տղամարդ։
Ավելին, մեծացվում է կրոնների և կրոնական համայնքների դերը։ Թրամփի ընտրական հաղթանակը մեծապես ապահովվել է բողոքական եկեղեցիների աջակցությամբ, որոնց ընտրազանգվածը կազմում է շուրջ 25 միլիոն մարդ։
Միջազգային կառույցների մերժումը և ուժի քաղաքականությունը
Project 2025-ի կարևորագույն առաջարկներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային կազմակերպություններից և հրաժարվեն գաղափարախոսական պայքարից։ Փոխարենը՝ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի մաքուր շահի և ուժի վրա՝ ռեալպոլիտիկայի տրամաբանությամբ։
Դանիելյանի խոսքով՝ սա արդեն իրականություն է․ Միացյալ Նահանգները լքում են տասնյակ միջազգային կառույցներ, հարցականի տակ է դրվում նույնիսկ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գոյությունը։ ԱՄՆ նախագահը բացահայտ հայտարարում է, որ միջազգային հարաբերություններում գերակա է միայն ամերիկյան շահը։
Օրինակները բազմաթիվ են․ Վենեսուելայի նավթը կարող է չօգտագործվել ԱՄՆ-ի կողմից, բայց չի թույլատրվի, որ այն օգտագործի որևէ այլ երկիր։ Գրենլանդիան պետք է անցնի ԱՄՆ վերահսկողության տակ, որովհետև «պետք է»։ Արևմտյան մայրցամաքը հայտարարվում է ԱՄՆ անվտանգության գոտի։
Նոր աշխարհակարգ՝ մինչ 1914 թվականի մոդելով
Այս իրավիճակում, ըստ Դանիելյանի, աշխարհը վերադարձել է այն մոդելին, որը գոյություն ուներ մինչև 1914 թվականը՝ Առաջին համաշխարհային պատերազմը։ Այդ ժամանակ աշխարհը ղեկավարվում էր մի քանի հզոր պետությունների կողմից, որոնք մրցում էին գաղութների և ռեսուրսների համար։
Այսօր նույն տրամաբանությունն է գործում․ պայքար էներգետիկ պաշարների, հազվագյուտ մետաղների, ազդեցության գոտիների համար։ Նավթադոլարի պահպանման համար Միացյալ Նահանգները ձգտում են վերահսկել համաշխարհային էներգետիկ ռեսուրսները։
Այդ պայմաններում ուժի գործոնը դառնում է վճռորոշ։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահը, միջազգային հարաբերություններն այլևս չեն գործում, գործում է միայն ուժը։
Փոքր պետությունների դիլեման․ Հայաստանը ընտրության առաջ
Այս նոր աշխարհակարգում փոքր պետությունների առաջ, ըստ Դանիելյանի, կա երեք տարբերակ, որոնցից իրականում միայն երկուսն են կենսունակ։ Փոքր պետությունը կարող է պահպանել անկախությունը միայն այն դեպքում, երբ մեծ տերությունների միջև գոյություն ունի ուժերի բալանս։ Եթե այդ բալանսը խախտվում է, փոքր պետությունները կորցնում են իրենց սուվերենությունը։
Երրորդ տարբերակը՝ մտնել որևէ մեծ տերության ազդեցության գոտի՝ սահմանափակ սուվերենությամբ։
Այսօր աշխարհում ընթանում է հզոր պետությունների մրցակցություն, և փոքր երկրների առաջ դրված է հարցը․ ո՞ր ազդեցության գոտում ես գտնվում, և արդյոք կարող ես պահպանել պետական ինստիտուտներդ։
Հայաստանի առաջ կանգնած ընտրությունը
Դանիելյանը բերում է երկու օրինակ նախկին խորհրդային տարածքից։ Ուկրաինան կարող էր դառնալ բալանսավորող երկիր Ռուսաստանի և Արևմուտքի միջև և դրանից օգտվել։ Սակայն ընտրեց կոնֆլիկտի կողմ դառնալու ճանապարհը և այսօր պատերազմի դաշտ է։
Մյուս օրինակը Վրաստանն է։ Վրաստանին նույնպես ստիպում էին ընտրություն կատարել, սակայն երկրի ղեկավարությունը, հասկանալով միջազգային տրենդները, դիմադրեց այդ ճնշմանը և ընտրեց բալանսի ուղին։
Այսօր, ըստ Ստեփան Դանիելյանի, Հայաստանը կանգնած է նույն ընտրության առաջ։ Նախընտրական փաստաթղթերով, արժեքային հղումներով և արդեն փլուզվող միջազգային կարգի վրա հիմնված քաղաքականությամբ անվտանգություն կառուցել հնարավոր չէ։
«Փոքր երկրները կամ վերանում են, կամ մտնում են որևէ մեկի ազդեցության գոտի։ Երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի»,- եզրափակում է քաղաքագետը։

