Հայաստանը ներկայացնող գեղասահորդներին Ադրբեջանի պահանջով արգելվել է հանդես գալ «Արցախ» անվանումը կրող ստեղծագործությամբ։ Թեև առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը զուտ սպորտային կամ տեխնիկական հարցի մասին է, իրականում այն շատ ավելի խորքային և քաղաքական նշանակություն ունի։ Այս մասին նշում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
Նրա խոսքով՝ սա վկայում է ոչ միայն այն մասին, որ քաղաքականությունը ներթափանցել է սպորտ, այլ նաև այն մասին, թե ինչ է իրականում նշանակում այսպես կոչված «խաղաղությունը», որի մասին այսօր խոսվում է միջազգային հարթակներում։ «Երբ մեզ ասում են, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, պետք է հասկանալ՝ ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե այսօր արդեն ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև միջազգային ատյանները փաստացի արգելում են անգամ «Արցախ» բառի օգտագործումը», — նշում է Զոլյանը։
Ցեղասպանություն իրականացրած կողմը ներկայացվում է որպես խաղաղության նախաձեռնող
Զոլյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը հատկապես ցնցող է այն համատեքստում, որ Արցախում իրականացված բռնի տեղահանությունը և էթնիկ զտման գործընթացը միջազգային մակարդակում պատշաճ գնահատական չեն ստացել։ Ավելին, այսօր արդեն ոչ միայն մարդկանց են վտարել իրենց հայրենիքից, այլ արգելվում է նույնիսկ այդ տարածքի անվան հիշատակումը։
«Սա հետևանք է այն իրավիճակի, երբ ցեղասպանություն իրականացրած կողմը ներկայացվում է որպես խաղաղության նախաձեռնող, իսկ միջազգային, բավականին հեղինակավոր ու կարծես թե անկախ կառույցները ընդունում են հենց նրա թելադրանքը», — ընդգծում է Զոլյանը։ Նրա համոզմամբ՝ սա պատմության մեջ գրեթե աննախադեպ երևույթ է։
Իրավական խախտումներ և Հայաստանի դիրքորոշման հարցը
Զոլյանը կարևորում է նաև իրավական կողմը՝ նշելով, որ տվյալ ստեղծագործությունը «Արցախ» անվան տակ գրանցված է միջազգային հեղինակային իրավունքի շրջանակում։ Ըստ նրա՝ որևէ կառույց իրավունք չունի առանց հեղինակի համաձայնության փոխել երաժշտական ստեղծագործության անվանումը։ «Նախ պետք էր համաձայնություն ձեռք բերել հեղինակի հետ, ինչը չի արվել», — նշում է նա։
Բացի այդ, Զոլյանը հիշեցնում է, որ նույն ստեղծագործությունը նախկինում արդեն հնչել է միջազգային հարթակներում, և այդ ժամանակ Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել։ «Այդ ժամանակ, խաղաղություն չկար, բայց որևէ խնդիր չտեսան։ Հիմա, այսպես կոչված խաղաղության պայմաններում, ճնշումը հասնում է նույնիսկ մշակույթի ու բառապաշարի մակարդակին», — ասում է նա։
«Արցախ» բառի արգելքը փոքր դրվագ չէ, այլ մեծ ողբերգության խորհրդանիշ
Զոլյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է Հայաստանի պետական դիրքորոշման։ Նրա խոսքով՝ եթե պետությունը փաստացի հրաժարվում է պաշտպանել այս հարցերը կամ անգամ կանգնում է հակառակ կողմի դիրքերում, ապա անհատների, կուսակցությունների կամ հասարակական կազմակերպությունների բոլոր ջանքերը դատապարտված են ձախողման։
«Երբ միջազգային ատյաններում բարձրացվում է բնակչության արժանապատիվ վերադարձի, մշակութային ժառանգության պահպանության կամ այլ հիմնարար հարց, պատասխանը մեկ է լինելու՝ ձեր պետությունը դեմ է, որովհետև դա հակասում է խաղաղության օրակարգին», — ընդգծում է Զոլյանը։
Նրա խոսքով՝ «Արցախ» բառի արգելքը փոքր դրվագ չէ, այլ ամբողջ ողբերգության խորհրդանիշ։ «Սա ցույց է տալիս, որ խաղաղությունը կառուցվում է հայերի հաշվին՝ բոլոր մակարդակներում։ Սա խաղաղություն չէ հավասարների միջև, այլ մի գործընթաց, որտեղ մի կողմը թելադրում է իր պայմանները, իսկ մյուսը ստիպված է լռել», — եզրափակում է Զոլյանը։

