ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարած քառօրյա տարածաշրջանային այցը հայաստանյան իշխանությունների կոխմից մեծ շուքով ընդունվեց։ Իշխանական շրջանակները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցը որակեցին «պատմական»՝ շեշտելով հայ-ամերիկյան հարաբերությունների նոր փուլ մտնելու մասին։ Սակայն նույն այցը բոլորովին այլ կերպ ներկայացվեց ադրբեջանական տեղեկատվական դաշտում։
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանի խոսքով՝ Բաքվում այցը ներկայացվեց չափազանց զուսպ, գրեթե աննկատ։ «Ադրբեջանական մամուլում ես չտեսա այն շեշտադրումը, այն “կայծը”, որը փորձում էին ձևավորել Հայաստանում։ Ընդհակառակը՝ այն մատուցվում էր որպես հերթական, հիմնականում պրոտոկոլային այց», – նշում է նա։
Ադրբեջանը՝ բազմավեկտոր, Հայաստանը՝ միակողմանի
Այցից առաջ և դրա ընթացքում ակտիվորեն քննարկվում էր՝ արդյոք Վենսը կբարձրացնի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Ըստ Հայրապետյանի՝ հրապարակային մակարդակում այդ մասին հստակ հայտարարություններ չեղան, և հնարավոր չէ ասել՝ արդյոք հարցը քննարկվել է փակ հանդիպումների ընթացքում։
Միևնույն ժամանակ, Վենսը Երևանից մեկնելուց առաջ նշել էր, որ այդ հարցը կբարձրաձայնի նաև Բաքվում։ Այստեղ, ըստ փորձագետի, Հայաստանի համար կարևոր լծակ կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգոստոսի 7-ի հայտարարությունը, որով ամերիկյան կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել գերիների հարցի լուծմանը։ «Այդ հայտարարությանը պետք է պարբերաբար վերադառնալ և հիշեցնել ամերիկյան կողմին իր իսկ ստանձնած խոստումների մասին», – ընդգծում է Հայրապետյանը։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ այցի նախօրեին Ադրբեջանը բավականին ակտիվ աշխատում էր Չինաստանի ուղղությամբ՝ հերթական անգամ ցուցադրելով իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։ «Ի տարբերություն Հայաստանի, որը հստակ արձանագրում է ԱՄՆ-ին որպես իր հիմնական գործընկեր, Ադրբեջանը խուսափում է մեկ կենտրոնից կախվածություն ունենալուց և մանևրում է տարբեր ուղղություններով», – նշում է նա։
Ընդհանուր առմամբ, Վենսի այցը, բացառությամբ Ալիևի հասցեին արված կատակների, տեղավորվում էր դասական պրոտոկոլային դիվանագիտության շրջանակներում։
TRIPP նախագիծը՝ միջանցք, թե հնարավորություն
Այցից հետո Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը բացահայտեց մի շարք մտահոգիչ դետալներ։ Մասնավորապես, վարչապետը փաստացի խոստովանեց, որ առաջարկված որոշ փաստաթղթերի հետ ծանոթացել է արդեն վերջնական փուլում։ «Սա ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե երկար բանակցված փաստաթղթի, այլ սեղանին դրված պատրաստ տարբերակի մասին է, որի վերաբերյալ պետք է արագ “այո” կամ “ոչ” ասել», – ընդգծում է փորձագետը։
Առանձին ուշադրության է արժանացել TRIPP ներդրումային ծրագիրը։ Հայրապետյանի խոսքով՝ եթե այս նախագիծը իսկապես լիներ զուտ հայ-ամերիկյան նախաձեռնություն, ապա ադրբեջանական ստորագրության հարց չէր առաջացնի։ «Եթե Ադրբեջանի հետ կապ չկար, ինչո՞ւ է նրանց ստորագրությունը այդ փաստաթղթի տակ», – նշում նա։
Ըստ փորձագետի՝ վերջնականապես ոչինչ դեռ որոշված չէ․ կա ընդհանուր սխեմա, սակայն բովանդակությունը ձևավորվում է բանակցությունների ընթացքում։ Եվ հենց այստեղ է վճռորոշ դառնում բանակցողի որակը։
Հայրապետյանը շեշտում է, որ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում՝ ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի սպասողական դիրքով և Իրանում շարունակվող անկայունությամբ, Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, թե ով և ինչպես է բանակցում։
«TRIPP-ը կարող է դառնալ թե՛ վտանգավոր միջանցք, թե՛ իրական հնարավորություն Հայաստանի համար։ Բայց դա կախված է նրանից, թե բանակցողը որքանով է առաջնորդվում պետական շահերով և երկարաժամկետ մտածողությամբ», – եզրափակում է նա։

