Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների իրականացրած ռազմական գործողությունները դասական պատերազմ չեն։ Այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Փորձագետը նշում է, որ ոչ բոլոր ռազմական գործողությունները կարելի է համարել պատերազմ։ Նրա խոսքով՝ այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում տվյալ գործողությունները և ինչ արդյունքի են փորձում հասնել դրանց նախաձեռնողները։
Նահապետյանի գնահատմամբ՝ ներկայիս գործողությունների հիմնական նպատակը Իրանում իշխանափոխություն իրականացնելն է։ Նա հիշեցնում է, որ նման փորձեր արդեն եղել են․ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձել են նման սցենար իրականացնել նաև անցյալ տարի՝ հունիսին ռազմական գործողությունների տեսքով, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին՝ ներքին խժդժություններ հրահրելով։
«Իմ գնահատմամբ՝ հիմա նույն նպատակն է հետապնդվում, ինչ երկու անգամ փորձեցին անցյալ տարի՝ հունիսին, ինչպես նաև անցյալ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին։ Խոսքը իշխանափոխության մասին է։ Սա պատերազմ չէ։ Այսինքն՝ ռազմական օպեռացիան օգտագործվում է, որպես գործիքակազմ իշխանափոխություն իրականացնելու համար», — նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ այժմ իրականացվում է այդպիսի երրորդ փորձը, բայց այս անգամ կիրառվում է առաջին 2 սցենարների համակցված տարբերակը՝ հրթիռակոծությունների և ռմբակոծությունների հետ մեկտեղ ստաղծվում են անկայունության օջախներ։Բացի այդ, փորձագետը նշում է, որ փորձ է արվում գեներացնել անջատողական տրամադրություններ և ակտիվացնել «հինգերորդ» կամ «վեցերորդ» շարասյունները։
Նահապետյանը նկարագրեց նաև այն սցենարը, որը տեսականորեն կարող է ձևավորվել նման գործողությունների արդյունքում։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մոտ 90 միլիոն բնակչություն ունեցող Իրանի տարբեր կրոնական համայնքների կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միլիոններով դուրս գան փողոց։
«Օրինակ տեսականորեն կարող է լինել հետևյալ սցենարը․ շուրջ 90 միլիոնանոց Իրանի տարբեր կրոնական համայնքների կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միլիոններով դուրս են գալիս փողոց, ոստիկանությունն ու բանակը անցնում են ժողովրդի կողմը, և իշխանությունները հրաժարական են տալիս», — ասում է փորձագետը՝ նշելով, որ ըստ ամենայնի ԱՄՆ-ն և Իսրայելը նպատակեն դրել հենց նման սցենարի իրագործում։
Նահապետյանը միաժամանակ ընդգծում է, որ այս դեպքում խոսքը դասական ռազմական ներխուժման մասին չէ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը խնդիր չեն դրել զորքեր մտցնել Իրանի տարածք, հասնել Թեհրան, գրավել կառավարության շենքը և այդ շենքի վրա բարձրացնել իրենց դրոշները։ Հետևաբար, փորձագետի համոզմամբ, տեղի ունեցող գործընթացները պետք է գնահատել ոչ թե որպես պատերազմ, այլ որպես իշխանափոխության փորձ՝ իրականացվող նաև ռազմական գործիքակազմով։

