Հարավային Կովկասի եվրաինտեգրումը ֆեյք է․ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում 

Հարավային Կովկասի եվրաինտեգրումը ֆեյք է․ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում 

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի առջև ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Եվրամիության հետ ինտեգրման հեռանկարների մասին՝ միաժամանակ անդրադառնալով տարածաշրջանային մի գործոնի, որը, նրա գնահատմամբ, որոշակիորեն խոչընդոտում է այդ գործընթացին։ Խոսքը Վրաստան–Եվրամիություն հարաբերությունների մասին է, որոնք, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, Փաշինյանի խոսքում հայտնվել են ոչ պատահական։
Վրաստանի գործոնը՝ որպես քաղաքական «պրովայդեր»

Բադալյանի գնահատմամբ՝ Վրաստանը վերջին շրջանում որոշ իմաստով դարձել է հայ-ադրբեջանական գործընթացի «պրովայդեր»՝ նպաստելով այդ գործընթացի նաև քարոզչական էֆեկտի ձևավորմանը Հայաստանի իշխանությունների համար։ Որպես օրինակ նա բերում է ադրբեջանական բենզինի տարանցման հարցը․ Վրաստանը հայտարարել է, որ սահմանել է խորհրդանշական վճար այդ բենզինի տարանցման համար դեպի Հայաստան։

Այս հանգամանքը, ըստ մեկնաբանի, հարցեր է առաջացնում․ ինչո՞ւ է հենց ադրբեջանական բենզինի համար սահմանվում նման արտոնյալ պայման, մինչդեռ այլ ուղղություններից ներկրվող վառելիքի պարագայում նման մոտեցում չկա։ Նրա կարծիքով՝ այստեղ ակնհայտ է Վրաստանի դերակատարումը, և չի բացառվում, որ Թբիլիսին ակնկալում է փոխադարձ աջակցություն՝ արդեն եվրոպական հարթակներում։

Վրացական ուղղությունը՝ որպես «ալիբի»

Մեկնաբանի դիտարկմամբ՝ Վրաստանի թեմայի շեշտադրումը Փաշինյանի համար ունի նաև այլ նշանակություն։ Այն կարող է ծառայել որպես որոշակի «ալիբի»՝ Եվրամիության հետ հարաբերություններում։ Չնայած փոխադարձ հայտարարություններին հարաբերությունների խորացման մասին, կողմերի միջև շարունակում են պահպանվել անվստահությունն ու կասկածները։

Բադալյանը նշում է, որ այս պայմաններում Եվրամիությունը ավելի ուժեղ դիրքեր ունի Հայաստանի նկատմամբ։ Իսկ Փաշինյանը, ըստ նրա, փորձում է եվրոպացիների հետ շփումներում օգտագործել Վրաստան–ԵՄ հարաբերությունների բարդությունը՝ որպես փաստարկ․ եթե Բրյուսելը ակնկալում է ավելի մեծ առաջընթաց Երևանից, ապա պետք է հաշվի առնի նաև սեփական խնդիրները Թբիլիսիի հետ, որոնք, ի վերջո, ազդում են տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունների վրա։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին «ֆեյք» թեզ է

Անդրադառնալով այն գնահատականներին, որ Փաշինյանն այս թեզը օգտագործեց ներքին լսարանի համար՝ արդարացնելու ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հայտարարելու հարցում հապաղելը՝  Բադալյան նշեց, որ  չի կարծում, թե եվրոպական ինտեգրման թեման լուրջ խնդիր է Փաշինյանի համար էլեկտորալ տեսանկյունից։ Թեև կան շրջանակներ, որոնք սպասում էին, որ Ստրասբուրգում կհայտարարվի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկը, այդ սպասումները, նրա գնահատմամբ, չեն ստեղծում էական քաղաքական ռիսկեր իշխանության համար։

Ավելին՝ նա պնդում է, որ նույնիսկ այդ սպասումներն ունեցող շրջանակները մեծ հաշվով հասկանում են, որ Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության գործընթացը ներկայումս ունի առավելապես «ֆեյք» բնույթ՝ քաղաքական մի շարք պատճառներով։

ԵՄ-ի համար Հարավային Կովկաս պրոբլեմատիկ անկլավ է

Բադալյանի կարծիքով՝ Եվրամիությունն ինքն էլ առանձնապես շահագրգռված չէ Հարավային Կովկասում նոր անդամ ունենալու հարցում։ Տարածաշրջանը, նրա բնորոշմամբ, դիտարկվում է «անկլավային» տրամաբանությամբ, ինչը սահմանափակում է դրա ռազմավարական արժեքը Բրյուսելի համար։

«Եվրամիության համար Հարավային Կովկասից անդամ երկիր ունենալը՝ լինի դա առանձին երկիր, թե տարածաշրջանն ամբողջությամբ, առանձնապես նպատակահարմար չէ։ Տարածաշրջանը ԵՄ-ի համար գտնվում է «անկլավային» վիճակում։ Եթե հաշվի առնենք նաև Թուրքիայի գործոնը, ապա կարելի է ասել, որ Հարավային Կովկասը կարող է իրականում մտածել ԵՄ անդամակցության մասին միայն այն դեպքում, եթե այդ հարցը լուծվի նաև Թուրքիայի համար։ Այսինքն, երբ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ։ Հակառակ դեպքում Եվրոպայի համար ի՞նչ իմաստ ունի ունենալ նման «անկլավային» տարածք՝ ստանձնելով ավելի մեծ պատասխանատվություն, բայց չունենալով համարժեք հնարավորություններ և շահ», — եզրափակեց։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top