Հայաստանի ջրային ռեսուրսների նկատմամբ անփույթ վերաբերմունքը երկիրը հասցրել է վտանգավոր իրավիճակի, որի հետևանքները դեռ ամբողջությամբ տեսանելի չեն հասարակության համար։ Այս մասին հայտարարել է ֆիզիկոս, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկանը։
Նրա խոսքով՝ հատկապես արտեզյան ջրերի անվերահսկելի շահագործումը լուրջ սպառնալիք է դարձել Հայաստանի համար։ Մանուկյանը նշել է, որ ստորգետնյա ջրային պաշարները ռազմավարական նշանակություն ունեն բոլոր երկրների համար, մինչդեռ Հայաստանում դրանց օգտագործումը հաճախ դուրս է գալիս թույլատրոլի սահմաններից։
Պատճառներիս մեկը ձկնաբուծության ոլորտն է։ Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 25 հազար տոննա ձուկ, ինչը, ըստ նրա, անհամաչափ է երկրի ջրային ռեսուրսների նկատմամբ։ Նրա խոսքով՝ տարիներ առաջ ստորգետնյա ջրերի մակարդակը որոշ հատվածներում նվազել էր մինչև հինգ մետրով։ «Սա էկոլոգիական աղետի ուղիղ սպառնալիք է», — նշել է Մանուկյանը։
Թեև այժմ որոշակի վերականգնում նկատվում է, սակայն ջրային շերտերի դատարկվածությունը կարող է բերել լուրջ երկրաբանական հետևանքների՝ սողանքների, հողի շերտերի տեղաշարժերի և սեյսմիկ ռիսկերի աճի, ասաց Մանուկայնը։
Մանուկյանը նշեց, որ աշխարհում հանքարդյունաբերական մի շարք շրջաններում նման վտանգները կանխելու համար հանքերի դատարկ հատվածները ջրով են լցվում, որպեսզի կանխեն հողի շարժը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի դեպքում ջրային հավասարակշռության խախտումը կարող է դառնալ երկարաժամկետ խնդիր։
Ըստ նրա՝ բացասական սցենարները կանխելու համար Հայաստանում ձևավորվող ջրային ռեսուրսների հնարավորինս մեծ ծավալի պահպանումը երկրի ներսում։
Մանուկյանի խոսքով՝ ներկայում Հայաստանը կարողանում է օգտագործել իր ջրային շրջապտույտի ընդամենը 31-32 տոկոսը, մինչդեռ մնացած ջրերը գետերով հոսում են դեպի հարևան երկրներ՝ Ադրբեջան, Թուրքիա և Վրաստան։
Հաշվի առնելով, որ ապագայում աշխարհը կարող է բախվել «ջրային պատերազմների»՝ առավել ուժեղ դիրքերում կլինեն այն երկրները, որոնք կկարողանան արդյունավետ կառավարել և պահել իրենց ջրային ռեսուրսները։ Այդ իսկ պատճառով Հայաստանում արդեն այսօր պետք է քայլեր ձեռնարկվեն Հայաստանում պահպանելու օդից, երկնքից և ընդերքից եկող ջրերի հնարավորինս մեծ քանակը՝ նոր ջրամբարների կառուցման, Արփա-Սևան թունելի վերագործարկման և Սևան-Հրազդան կասկադի կարգավորման միջոցով։
Այս համատեքտում Մանուկյանը, որպես կարևոր նախագիծ առանձնացրել է Արփա–Սևան ջրատար թունելի լիարժեք գործարկումը։ Նրա խոսքով՝ դրա վերագործարկումը թույլ կտա բարձրացնել Սևանա լճի մակարդակը, ավելացնել Սևան–Հրազդան կասկադի էներգետիկ արդյունավետությունը և ստեղծել լրացուցիչ ջրային ու էներգետիկ պաշարներ։
«Խնդրում եմ ուշադիր լսեք։ Արփա-Սևան ջրամբարը, ջրատարը, թունելը հիմա չի աշխատում։ Դա պետք է բացվի։ Դա հեշտ է, թանկ ծրագիր չէ։ Սևանի ջրամակարդակը մի քիչ բարձրանում է։ Սևանի բարձրացած ջրամակարդակը Սևան-Հրազդան կասկադով ավելացնում է էներգետիկ համակարգը»,- նշել է Մանուկյանը։
Նա առաջարկել է կառուցել խոշոր ջրամբար, որը կկարգավորի ջրային և էներգետիկ համակարգերը։ Անհրաժեշտության դեպքում ջրի թողարկումը թույլ կտա ավելացնել էներգիայի արտադրությունը, իսկ պահեստավորման ժամանակ՝ կրճատել այն։
«Այս լրացուցիչ ջուրը Սևանը չի մեծացնում, քանի որ Սևանը որքան ջուր է ստանում, այնքան էլ թողնում է կասկադով։ Այդ ջուրը հոսում է դեպի այլ ջրամբարներ, մասնավորապես՝ Եղվարդի ջրամբար, որը կարող է դառնալ Հայաստանի երկրորդ խոշոր ջրամբարը՝ 230 միլիոն խորանարդ մետր ծավալով։ Սա հզոր էներգետիկ, ջրային, էկոլոգիական և գյուղատնտեսական համակարգ կստեղծի»,- ասել է նա։
Արամ Մանուկյանի խոսքով՝ այս ծրագրի իրականացման դեպքում Հայաստանը կլուծի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ռազմավարական, և հայկական ջուրը կմնա Հայաստանում՝ ծառայելով Հայաստանին։

