Պուտին-Փաշինյան բանակցություններ. Ո՞ւմ վրա է իրականում խաղադրույք անում Մոսկվան

Ռուսաստանը և փափուկ ուժը անհամատեղելի են

Ռուսաստանը «փափուկ ուժի» տրամաբանությամբ գործող երկիր չէ, և այդ եզրույթը ռուսական քաղաքական մշակույթին ընդհանրապես բնորոշ չէ։ Այս մասին նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին  հայտարարություններին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում կարծում են, որ իրենց «փափուկ ուժը» հենց զինված ուժերն են։ Այդ պատճառով, երբ Պուտինը խոսում է «փափուկ ապահարձանի» մասին, ըստ Հակոբյանի, դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

«Ես կարծում եմ, որ այստեղ լուրջ ընտրության հարց է դրվում, և որքանով դա «փափուկ» կլինի մեծ հարց է», — նշել է նա՝ ընդգծելով, որ Պուտինը խոսել է ոչ միայն «փափուկ ապահարձանի», այլ նաև դրա հնարավոր հետևանքների մասին՝ սոցիալ-տնտեսական, անվտանգային և արտաքին քաղաքական ոլորտներում։

Հակոբյանը հիշեցրել է նաև Պուտինի կողմից արված համեմատությունները Ուկրաինայի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ակնարկել է, որ «Ուկրաինայում էլ էր այսպես սկսվում» և հիշեցրել, թե ինչ ավարտ ունեցավ այդ գործընթացը։

«Սա ակնարկ էր, ես կարծում եմ՝ ավելի քան ակնարկ», — ասել է նա՝ հավելելով, որ «Ռուսաստանը և փափուկ ապահարձանը, Ռուսաստանը և փափուկ ուժը անհամատեղելի են ընդհանրապես», որովհետև դա Ռուսաստանի «հաղթաթուղթը չէ»։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ Պուտինը հիմա ավելի շատ շփվում է ոչ թե Հայաստանի իշխանության, այլ հայ ժողովրդի հետ։ Նա նշել է, որ Ռուսաստանը մշտապես շեշտում է՝ եթե հայ ժողովուրդի որոշումը, իրենք հաշվի կառնեն։

Միևնույն ժամանակ, Հակոբյանի կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը որևէ հստակ տրամաբանության կամ «կարմիր գծերի» մեջ չի տեղավորվում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի համար։

«Վստահության զրոյական մակարդակ է, և յուրաքանչյուր ուժային կենտրոն փորձում է ուղղակի սիտուացիոն օգուտներ քաղել այսօրվա իշխանության ոչ կոմպետենտությունից և անպատասխանատվությունիցն», — նշել է նա։

Անդրադառնալով Պուտինի՝ «շուտափույթ ռեֆերենդումի» գաղափարին՝ Հակոբյանը պնդել է, որ խոսքը փաստացի վերաբերում է հունիսի 7-ի ընտրություններին, որոնք, ըստ նրա, Ռուսաստանի համար ունեն ռեֆերենդումի նշանակություն։

Նրա խոսքով՝ Մոսկվան այդ ընտրությունները դիտարկում է որպես ընտրություն աշխարհաքաղաքական վեկտորների միջև։ Եթե ժողովուրդը կրկին ընտրի գործող իշխանությանը, ապա դա Ռուսաստանի համար կլինի պատասխան այն հարցին, թե «ինչ է իրենից ներկայացնելու Հայաստանը» և «ինչպես է պետք վարվել Հայաստանի հետ՝ փափուկ ապահարձանո՞վ, թե՞ առանց դրա»։

Միևնույն ժամանակ, Հակոբյանի կարծիքով, եթե ընտրությունների արդյունքում տեղի ունենա իշխանափոխություն, ապա իրավիճակը կփոխվի։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր կլինի անցնել գործնական հարաբերությունների և փորձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա խնդիրները լուծել գործընկերային քննարկումների միջոցով փոխշահավետ պայմաններում։

«Այն ռեֆերենդումը, որի մասին խոսում էր Պուտինը, հունիսի 7-ին է լինելու», — եզրափակել է նա։

Scroll to Top