Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երևանյան այցի շրջանակում ստորագրվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ր «ԹՐԻՓՓ-ի մասին» շրջանակային համաձայնագիրը ։ Պետդեպարտամենտի գնահատմամբ՝ այս փաստաթղթերը խորացնում են հայ-ամերիկյան հարաբերությունները և զարգացնում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած հայ-ադրբեջանական խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։
Սակայն տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ գնահատականները միանշանակ չեն։ Քաղաքագետ Վարդան Պետրոսյանը կարծում է, որ TRIPP նախագիծն իրականում «մեծ քաղաքական բլեֆ» է և կյանքի չի կոչվելու։
Նրա խոսքով՝ ներկայացվող միջանցքի հիմնական գաղափարը Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքաշրջանառության արագացումն է, սակայն այստեղ առաջանում է առանցքային հակասություն․ եթե Չինաստանը ներկայումս ԱՄՆ-ի գլխավոր ռազմատնտեսական մրցակիցն է, ապա ինչո՞ւ Վաշինգտոնը պետք է սեփական նախաձեռնությամբ ստեղծի մի ճանապարհ, որը կուժեղացնի հենց Պեկինի տնտեսական հնարավորությունները Եվրոպայի ուղղությամբ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ TRIPP-ը իրականում ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ քաղաքական գործիք։ Պետրոսյանը համոզված է՝ Վաշինգտոնն այսօր արդեն հասկանում է, որ աստիճանաբար նվազեցնելու է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում, և հենց այդ պատճառով փորձում է տարածաշրջանից հեռանալիս իր նախաձեռնությունները «փաթեթավորել» և վերածել քաղաքական արժեքի։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը փաստացի փորձում է այս միջանցքային նախագիծը վաճառքի հանել ապագա պայմանավորվածությունների համար։
Քաղաքագետը նշում է, որ նման «փաթեթի» հավանական գնորդները երեք հիմնական ուժերն են՝ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։
Անդրադառնալով հենց Ռուբիոյի այցին՝ Պետրոսյանը այն որակում է որպես «վերջին այցերից մեկը» տարածաշրջան։ Նրա համոզմամբ՝ անկախ առաջիկա ընտրությունների արդյունքներից,Արևմուտքը արդեն պատրաստվում է տարածաշրջանային վերադասավորումների նոր փուլին։
Քաղաքագետը նաև պնդում է, որ համաշխարհային քաղաքական համակարգում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և ԱՄՆ-ը աստիճանաբար զիջում է իր նախկին գերիշխող դիրքերը։ Նրա գնահատմամբ՝ այս ֆոնին հատկապես ակնհայտ էր Չինաստանի աճող դերը, ինչը վկայում է նոր աշխարհակարգի ձևավորման մասին, որտեղ Վաշինգտոնի ազդեցությունը այլևս անվերապահ չէ։

