TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը, որը պաշտոնապես ստորագրվեց երեկ, ներկայացվում է որպես տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման շրջանակային համաձայնություն։ Սակայն ուշադիր ուսումնասիրության դեպքում պարզվում է, որ այն շատ ավելի ընդգրկուն է, քան սովորական ներդրումային նախագծերը: Խոսքը երկրի ռազմավարական օբյեկտի կառավարման համակարգի ստեղծման մասին է՝ ամերիկյան կողմի աննախադեպ մասնակցությամբ, հատուկ իրավական ռեժիմներով և երկարաժամկետ բացառիկ իրավունքներով:
Առաջին հայացքից տեքստը տարածաշրջանում համագործակցության, զարգացման և խաղաղության ամրապնդման մասին է: Սակայն դիվանագիտական ձևակերպումների հետևում թաքնված է մի կառուցվածք, որը բազմաթիվ հարցեր առաջացնում ինքնիշխանության սահմանների, արտաքին ազդեցության թույլատրելիության և այն գնի մասին, որը երկիրը կվճարի ներդրումների ու կասկածելի աշխարհաքաղաքական աջակցության դիմաց:
Ով է իրականում վերահսկելու նախագիծը
Համաձայնագրի կենտրոնական տարրն է դառնում համատեղ կառույցի՝ «TRIPP Զարգացման Ընկերության» ստեղծումը: Հենց դրա միջոցով է նախատեսվում ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել Հայաստանի տարածքում՝ երկաթգծերից ու ավտոմայրուղիներից մինչև խողովակաշարեր, էներգետիկ ցանցեր և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ:
Սակայն արդեն բաժնեմասերի բաշխման փուլում պարզ է դառնում, որ խոսքը հավասարազոր գործընկերության մասին չէ: Ըստ փաստաթղթի՝ ամերիկյան կողմը ստանում է ընկերության 74%-ը, իսկ Հայաստանը՝ միայն 26%-ը: Ձևականորեն սա կոչվում է համատեղ ձեռնարկություն, բայց փաստացի վերահսկողությունը մնում է ԱՄՆ շահերը ներկայացնող կառույցին:
Իրավիճակին առանձնակի զգայունություն է հաղորդում այն հանգամանքը, որ խոսքը մասնավոր ներդրողի մասին չէ: Փաստաթղթում ուղղակիորեն նշվում է, որ ամերիկյան կառույցը լինելու է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) դուստր ձեռնարկությունը, որն ամերիկյան պետության գործիքն է: Ավելին, առանձնակի ընդգծվում է, որ այդ կառույցը միշտ պետք է մնա Ամերիկայի Միացյալ Նահանգների սեփականության և վերահսկողության տակ:
Փաստացի Հայաստանը համաձայնում է մի մոդելի, որի դեպքում երկրի ռազմավարական ենթակառուցվածքների վերաբերյալ առանցքային որոշումները կայացվելու են մի համակարգում, որտեղ վճռորոշ ձայնը պատկանում է ամերիկյան կողմին: Եվ թեև փաստաթուղթը մշտապես օգտագործում է «համատեղ կառավարում» տերմինը, հենց 74-ը 26-ի հարաբերակցությունը ցույց է տալիս՝ վերահսկողությունը հեռու է համատեղ լինելուց:
Ինչու է համաձայնագրում հայտնվել Նյու Յորքը
Ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Կողմերի հարաբերությունները կարգավորող առանցքային փաստաթղթերից մեկը՝ բաժնետերերի համաձայնագիրը, պետք է գործի Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ:
Սովորական կոմերցիոն գործարքների համար նման պրակտիկան վաղուց դարձել է նորմ: Բայց այստեղ խոսքը մի համաձայնագրի մասին է, որը շոշափում է այլ պետության ռազմավարական օբյեկտները: Ըստ էության, Հայաստանի ենթակառուցվածքների կառավարման կարևորագույն մեխանիզմների մի մասը դուրս է բերվում հայաստանյան իրավազորությունից և տեղափոխվում օտարերկրյա իրավական դաշտ:
Ամերիկյան կողմի տեսանկյունից սա հասկանալի է. ներդրողները միշտ ձգտում են նվազեցնել ռիսկերը և գերադասում են իրենց ծանոթ իրավական համակարգը: Սակայն Հայաստանի համար նման կառուցվածքը նշանակում է, որ վեճերի, շահերի բախման կամ սկզբունքային տարաձայնությունների դեպքում առանցքային կողմնորոշիչը կլինի ոչ թե հայաստանյան օրենսդրությունը, այլ օտարերկրյա իրավազորության նորմերը:
Փաստացի երկրի ռազմավարական ենթակառուցվածքային գործընթացները սկսում են կարգավորվել ոչ թե Երևանում, այլ մեկ այլ պետության իրավական համակարգի միջոցով:
Գրեթե մեկդարյա հորիզոն
Առանձնահատուկ տպավորություն են թողնում փաստաթղթում ամրագրված ժամկետները: Համաձայնագիրը ենթադրում է բացառիկ իրավունքների փոխանցում 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այլ կերպ ասած՝ խոսքը գրեթե մեկդարյա հորիզոնի մասին է:
Ցանկացած պետության համար սա ահռելի մեծ ժամկետ է: Հարյուր տարվա ընթացքում փոխվում են քաղաքական համակարգեր, արտաքին քաղաքական դաշինքներ և համաշխարհային տնտեսության կառուցվածքն ինքնին: Այս համապատկերում Հայաստանի գործող իշխանությունը փաստացի փորձում է կանխորոշել ռազմավարական ենթակառուցվածքների կառավարման մոդելը մինչև XXI դարի վերջ:
Ընդ որում, փաստաթուղթն ուղղակիորեն նախատեսում է, որ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանը կստանա իր բաժնեմասի ավելացում 26%-ից մինչև 49%: Բայց այստեղ էլ ի հայտ է գալիս նոր հանգամանք. գրեթե մեկ դար անց վերահսկիչ փաթեթը միևնույն է չի անցնում հայկական կողմին:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք գործող իշխանությունն իրավունք ունի կայացնելու այնպիսի հետևանքներով որոշումներ, որոնք կանխորոշելու են մի քանի սերունդների կյանքը:
Օրենքներից բացառությունները՝ որպես կառավարման առանձին համակարգ
Փաստաթղթի ամենավիճահարույց դրույթներից է դառնում Հայաստանի պատրաստակամությունը՝ սեփական օրենսդրությունից հատուկ բացառություններ ստեղծելու վերաբերյալ: Շրջանակային համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում գերակա ուժ ունի սույն Համաձայնագիրը»:
Այսինքն՝ տեքստում ուղղակիորեն ասվում է, որ պետությունը պարտավորվում է հատուկ ռեժիմներ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, պետական գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ոլորտներում:
Ինքնիշխանության և անկախության հզորացման մասինԵշխող ուժի խոսույթի ֆոնին՝ TRIPP-ի կառույցների համար ինքնիշխան Հայաստանի կանոնները բացարձակապես ոչինչ չեն նշանակելու:
Ժամանակակից ժողովրդավարական համակարգերի ողջ տրամաբանությունը կառուցված է բոլոր մասնակիցների համար միասնական կանոնների վրա: Իսկ երբ կոնկրետ նախագծի համար ստեղծվում են հատուկ իրավական բացառություններ, ավտոմատ կերպով հարց է առաջանում թափանցիկության և վերահսկողության մասին:
Փաստացի պետությունը նախապես համաձայնում է նախագիծը դուրս բերել ստանդարտ ընթացակարգերից: Իսկ սա նշանակում է սովորական մրցութային մեխանիզմների շրջանցման հնարավորություն, պայմանագրերի կնքման հատուկ պայմաններ և միջոցների ու կապալների բաշխման նկատմամբ սահմանափակ հանրային վերահսկողություն:
Հենց նմանատիպ կառուցվածքներն են ամենից հաճախ դառնում աշխարհի տարբեր երկրներում ամենաաղմկահարույց կոռուպցիոն և քաղաքական սկանդալների աղբյուրը:
Հող, կոնցեսիաներ և բացառիկ իրավունքներ
Ոչ պակաս զգայուն է թվում նաև հողային հարցերին նվիրված գլուխը: Հայաստանը պարտավորվում է ապահովել անհրաժեշտ տարածքների փոխանցումը, մաքրել դրանք ցանկացած ծանրաբեռնվածությունից և ստանձնել դրա հետ կապված բոլոր ծախսերը:
Դրանից հետո «TRIPP Զարգացման Ընկերությունը» ստանում է օգտագործման և կառուցապատման բացառիկ իրավունքներ՝ 49 տարի ժամկետով: Ընդ որում, այդ իրավունքները կարող են փոխանցվել նախագծի դուստր կառույցներին:
Պետությունը ստանձնում է նախագծի համար լիովին պատրաստի տարածքային բազա ստեղծելու պարտավորություն՝ հողով, թույլտվություններով, լիցենզիաներով և ենթակառուցվածքային պայմաններով:
Ձևականորեն փաստաթղթում ընդգծվում է, որ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է Հայաստանի կողմից: Բայց միաժամանակ երկիրը օտարերկրյա կառույցին տրամադրում է երկարաժամկետ բացառիկ իրավունքների գրեթե աննախադեպ մակարդակ:
Հարկային ռեժիմ
Փաստաթղթում հատուկ տեղ է զբաղեցնում հարկային բլոկը: TRIPP-ը և դրա հետ կապված կառույցները փաստացի ստանում են առավելագույն բարենպաստության ռեժիմ: Փաստաթուղթը նախատեսում է՝ շահաբաժինների հարկից ազատում, կապիտալի հավելաճի հարկի բացակայություն, իրավունքների փոխանցման ժամանակ հարկերից ազատում, հատուկ պայմաններ դուստր կառույցների համար: Կառավարող ընկերությունը, ըստ էության, դառնում է «պետություն պետության մեջ»՝ առանձին տնտեսական իրավազորությամբ:
Թերևս փաստաթղթի կողմնակիցները փորձեն սա արդարացնել/հիմնավորել խոշոր միջազգային կապիտալի ներգրավմամբ: Սակայն, փաստացի, պետությունը ոչ միայն փոխանցում է ռազմավարական ակտիվներն ու կառավարման իրավունքները, այլև կամավոր սահմանափակում է իր սեփական ապագա հարկային եկամուտները:
Ինչու է «ինքնիշխանություն» բառը կրկնվում այդքան հաճախ
Հետաքրքիր է, որ փաստաթղթի գրեթե յուրաքանչյուր զգայուն մասում հեղինակներն առանձին ընդգծում են՝ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը, սահմանների նկատմամբ վերահսկողությունը և իրավազորությունը իր տարածքում:
Նման համառությունը ախտանշանային տեսք ունի: Սովորաբար փաստաթղթերը ինքնիշխանության մասին մշտական հիշեցումների կարիք չեն ունենում, եթե բուն տեքստը դրա պոտենցիալ սահմանափակման զգացողություն չի ստեղծում:
Այսպես, փաստաթղթում բազմիցս ընդգծվում է, որ «Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը», սակայն դրա հետ մեկտեղ նախագծերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը, օպերատորների ընտրությունը, կոնցեսիոն պայմանների մշակումը, կառավարման կառուցվածքը, ֆինանսական ճարտարապետությունը փոխանցվում են ամերիկյան վերահսկողությամբ կազմակերպությանը: Վեճերը չեն լուծվում հայաստանյան օրենսդրության հիման վրա:
Պարզ ասած՝ կողմերն ակնհայտորեն փորձում են քաղաքական փոխհատուցում ապահովել ինքնիշխանության փաստացի սահմանափակումների դիմաց:
Դիանա Ներսիսյան

