Հայաստանում առավել թանկացել են սննդամթերքը, տրանսպորտն ու կրթությունը

Ռուսական սահմանափակումները կպահպանվեն մինչև ընտրությունների ավարտը

Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ազդեցությունը կարող է զգալի լինել հատկապես առաջիկա երկու ամիսներին, քանի որ դրանք համընկնում են գյուղատնտեսական արտահանման ակտիվ սեզոնի հետ։ Նման կարծիքի է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ 

Նախընտրական տրամադրությունների վրա ազդելու փորձ

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ ունի և կարող է կապված լինել Հայաստանում նախընտրական տրամադրությունների վրա ազդելու փորձերի հետ։ 

«Դա կարող է խնդիր լինել, բայց, ըստ իս, սա նախընտրական որոշակի տրամադրությունների վրա ազդելու միջոց է Հայաստանում, և ամենայն հավանականությամբ արդեն մինչև հուլիս կարող ենք տեսնել, որ այս իրավիճակը որևէ ձևով կկարգավորվի։ Հենց որ սկսվում է ծիրանի ամենաակտիվ արտահանման շրջանը՝ հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, այս իրավիճակը, կարծում եմ, կկարգավորվի։ Նոր քաղաքական իրավիճակում արդեն նոր պայմանավորվածություններ կլինեն կամ հարցը լուծում կստանա»,- նշել է տնտեսագետը։

Առավել խոցելի ոլորտներ

Խոսելով առավել խոցելի ոլորտների մասին՝ Ֆանյանը նշել է, որ հայկական արտահանման մի շարք ուղղություններ գրեթե ամբողջությամբ կախված են ռուսական շուկայից։

«Ձկնամթերքի արտահանման ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, կոնյակի դեպքում՝ ավելի քան 80 տոկոսը, գինու դեպքում՝ 88 տոկոսը, ծիրանի, թանի և պտուղ-բանջարեղենի դեպքում՝ 90 և ավելի տոկոսը։ Եթե նայում ենք ապրանք առ ապրանք, ապա յուրաքանչյուր ոլորտում կան որոշակի առանձնահատկություններ»,- ասել է նա։

Տնտեսագետը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել կոնյակի ոլորտի վրա՝ նշելով, որ այստեղ առկա է նաև վերաարտահանման գործոն։

«Մենք բոլորս տեղյակ ենք, որ կոնյակի ոլորտում որոշակի վերաարտահանում է իրականացվում։ Ներմուծվում է սպիրտ, հետո հայկական կոնյակի անվան տակ վերաարտահանվում է։ Հենց առաջին թիրախը դա է լինելու։ Եթե սահմանափակվի մեր ձեռնարկությունների արտահանումը, առաջին հերթին սահմանափակվելու են նաև այդ ներմուծումները՝ ներառյալ Վրաստանից, Իսպանիայից և այլ երկրներից կատարվող մատակարարումները»,- նշել է նա։

Ելքը՝ դիվերսիֆիկացում

Տնտեսագետը հիշեցրել է, թե ինչպես էին հայկական ընկերությունները վերջին տարիներին հարմարվել միջազգային շուկաների փոփոխություններին։

«Երբ ռուսական ներմուծողների հնարավորությունները սահմանափակվել էին հոլանդական ծաղիկների բորսայում, հայկական խոշոր ընկերություններից մի քանիսը սկսեցին ջերմոցային արտադրությունը վերակողմնորոշել դեպի ծաղիկների արտադրություն և արտահանում։ Այժմ այդ ուղղությամբ ևս սահմանափակումներ են առաջացել, և լուծումը ճկունություն դրսևորելու ունակության մեջ է»,- ասել է նա։

Ֆանյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում հայկական բիզնեսը պետք է ավելի մեծ ճկունություն ցուցաբերի և նոր շուկաներ փնտրի։

«Եթե քենիական կամ էկվադորյան ծաղիկը կարողանում է հասնել Հոլանդիա, ապա հայկականը ևս հաստատ կարող է հասնել։ Տրանսպորտային ծախսերը առնվազն համադրելի են, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ցածր։ Պետք է աշխատենք որակի, մրցունակության և նոր շուկաների ուղղությամբ։ Իհարկե, կան նաև հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ, որոշ սորտերի օգտագործման համար անհրաժեշտ է ռոյալթի վճարել, ինչը լրացուցիչ ծախս է, բայց մեր տնտեսվարողները վաղուց պետք է մտածեին դիվերսիֆիկացման մասին»,- նշել է տնտեսագետը։

Պետության սուբսիդավորումը լուծում չէ

Միաժամանակ Ֆանյանը նշել է, որ գյուղմթերքի և հարակից արտադրատեսակների արտահանման հետ կապված խնդրի ֆինանսական ծավալները բավական մեծ են։

«Եթե փորձենք դրամային կամ դոլարային գնահատական տալ, ապա խոսքը մոտավորապես 400-ից մինչև 800 միլիոն դոլարի մասին է։ Այդ շրջանակում են գյուղմթերքը, կոնյակը, ձկնամթերքը և մյուս ապրանքները, որոնց մասին այսօր խոսում ենք»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ կառավարությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել տնտեսվարողների հնարավոր կորուստները։ Նրա խոսքով՝ պետության աջակցությունը կարևոր է, սակայն միայն պետական աջակցության վրա հույս դնել հնարավոր չէ, քանի որ պետական ռեսուրսները նույնպես սահմանափակ են։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top