Հայաստանին չեն վտարի ԵԱՏՄ-ից, սակայն տարբեր պատրվակներով կզրկեն միության ընձեռած արտոնություններից

Հայաստանին չեն վտարի ԵԱՏՄ-ից, սակայն կզրկեն միության ընձեռած արտոնություններից

Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի հասցեին ուղղված հայտարարությունը և հանրաքվեի անհրաժեշտության մասին ակնարկները ճնշման տարրեր պարունակող քաղաքական ուղերձ են։Այս մասին նշել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ 

Անդրադառնալով Աստանայում ընդունված հայտարարություններին՝ Պապյանը հետաքրքիր է համարել այն հանգամանքը, որ դրանց հեղինակներից մեկը Ղազախստանն է, որի տնտեսական հարաբերություններն այսօր առավել բազմազան են, քան Հայաստանի դեպքում։ Նրա խոսքով՝ Ղազախստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Չինաստանն է, երկրորդը՝ Եվրամիությունը, և միայն երրորդ տեղում է Ռուսաստանը, մինչդեռ Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 41 տոկոսը կապված է Ռուսաստանի հետ։ «Փաստորեն մենք մի քանի անգամ ավելի պրոռուսական տնտեսական կառուցվածք ունենք, քան Ղազախստանը», — նշել է նա։

Պապյանի կարծիքով՝ Աստանայի հայտարարության ընդունման  հիմնական դերակատարությունը Ռուսաստանինն է։ Նա հիշեցրել է խորհրդային շրջանի հայտնի «կոլեկտիվ նամակի» մեխանիզմը, երբ որոշումների պատասխանատվությունը բաշխվում էր մի քանի դերակատարների միջև։ «Պուտինին անհրաժեշտ էր, որ այդ ուղերձը հնչեր ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս անդամ երկրների անունից, որպեսզի պատասխանատվությունը նույնպես կիսվի», — նշել է քաղաքագետը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին, որտեղ Հայաստանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ վերջնական քննարկման առարկա։ Սակայն նրա համոզմամբ՝ Հայաստանի անդամակցության կասեցումը կամ դուրս մղումը դեռևս ծայրահեղ միջոց է, որին Ռուսաստանը չի դիմիՒ  «Դա վերջին փամփուշտն է։ Եթե Հայաստանը դուրս մղեն, դրանից հետո այլ գործիք գրեթե չի մնա», — նշել է նա։

Միաժամանակ Պապյանը ավելի հավանական է համարում ոչ թե անդամակցության դադարեցումը, այլ տնտեսական սահմանափակումների աստիճանական ընդլայնումըՒ։ Քաղաքագետը նշել է, որ արդեն իսկ սահմանափակումների են բախվել հայկական մի շարք ապրանքներ՝ ծաղիկներ, ձուկ և գյուղատնտեսական արտադրանքներ։ Նրա խոսքով՝ հետագայում հնարավոր են նաև նոր սահմանափակումներ, որոնք պաշտոնապես քաղաքական պատճառներով չեն հիմնավորվի։ «Կասեն, որ ապրանքը որակին չի համապատասխանում, կամ ինչ-որ հիվանդություն է հայտնաբերվել, բայց կդիմեն սահմանափակումների ընդլայմանը», — ասել է նա։ Պապյանը նաև չի բացառել գազի գնի բարձրացման շուրջ ճնշումների շարունակությունը։

Քաղաքագետի համոզմամբ՝ ներկայիս իրավիճակում իշխանությունները պետք է կենտրոնանան ոչ թե ներքաղաքական պայքարի, այլ նոր տնտեսական ուղղությունների ձևավորման վրա։ Նա որպես առաջնահերթություն նշել է Եվրամիության և Պարսից ծոցի երկրների շուկաները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և տարածաշրջանի այլ երկրներ։ Պապյանի խոսքով՝ այդ շուկաները կարող են դառնալ հայկական որակյալ արտադրանքի իրացման նոր ուղղություններ, եթե պետությունը հետևողական աշխատանք իրականացնի։

Նա նաև ընդգծել է պարենային անվտանգության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի նման փոքր և շրջափակված երկրի համար գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունի։

«Պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գյուղացին չմնա առանց շուկայի և չհայտնվի սոցիալական ծանր վիճակում», — եզրափակել է քաղաքագետը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top