Ընտրություններ 2026․ Միակ օրակարգը՝ Կոնսենսուս մինուս մեկ

Վերաքվեարկության հիմքեր կային, սակայն ԿԸՀ-ն ընտրեց այլ ճանապարհ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պետք է քննարկեր նաև վերաքվեարկություն նշանակելու հարցը, քանի որ առկա խախտումները փաստացի ազդեցություն էին ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Այս մասին նշեց ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը։ 

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում արդյունքների ավտոմատ չեղարկման դեպքում պարտադիր վերաքվեարկություն, սակայն ԿԸՀ-ն ունի գնահատման իրավասություն՝ պարզելու, թե արդյոք արձանագրված խախտումները բավարար չափով ազդել են ընտրության արդյունքների վրա։

«Այս դեպքում խոսքը ոչ թե գնահատականների, այլ թվերի մասին է։ Վերահաշվարկի արդյունքները ցույց տվեցին, որ եթե երեք տեղամասերի արդյունքները չչեղարկվեին, ապա մանդատների բաշխման պատկերը կփոխվեր, և մեկ կուսակցություն կստանար խորհրդարանական ներկայացվածություն։ Սա նշանակում է, որ ընդունված որոշումն ազդեցություն է ունեցել ընդհանուր արդյունքի վրա», – նշում է փորձագետը։

Նրա խոսքով՝ վիճահարույց տեղամասերի արդյունքները չեղարկելը անհրաժեշտ քայլ էր, քանի որ զինվորների քվեարկության վերաբերյալ հանրային կասկածները կարող էին լրջորեն վնասել ընտրությունների նկատմամբ վստահությանը։ Սակայն հենց այդ հանգամանքն էլ, ըստ Հովեյանի, հիմք էր տալիս վերաքվեարկություն նշանակելու համար։

Փորձագետը հիշեցնում է, որ վերաքվեարկության մեխանիզմը բացառիկ կամ արտակարգ գործիք չէ։ Այն նախատեսված է Ընտրական օրենսգրքով և կարող է կիրառվել տարբեր մակարդակների ընտրությունների դեպքում՝ համայնքայինից մինչև համապետական։

«Վերաքվեարկությունը հենց վիճելի իրավիճակների համար նախատեսված գործիք է։ Եթե օրենքը նման հնարավորություն է տալիս նույնիսկ փոքր համայնքներում անցկացվող ընտրությունների դեպքում, ապա այն կիրառելուց չպետք է խուսափել նաև այն ժամանակ, երբ խոսքը համապետական ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցած խախտումների մասին է», – ընդգծում է Հովեյանը։

Նրա կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, փոխարենը վերջնական քաղաքական և իրավական գնահատական տալու, ընտրել է ավելի զգուշավոր մոտեցում և հարցի վերջնական լուծումը փաստացի թողել Սահմանադրական դատարանի տիրույթում։

Ըստ Հովեյանի՝ նման մոտեցումը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։ Նա հիշեցնում է, որ ամբողջ նախընտրական շրջանում պետական մարմիններն ու ԿԸՀ-ն քաղաքացիներին կոչ էին անում մասնակցել քվեարկությանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ձայն կարևոր է և կարող է որոշիչ լինել։

«Մենք անընդհատ ասում էինք մարդկանց, որ մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել։ Եվ հենց այն պահին, երբ ստեղծվեց իրավիճակ, որ մի քանի ձայներ իրականում կարող էին փոխել քաղաքական պատկերը, այդ սկզբունքը չկիրառվեց։ Սա կարող է մարդկանց մոտ հակառակ տպավորությունն ստեղծել և ապագայում նվազեցնել մասնակցության մոտիվացիան», – նշում է նա։

Փորձագետը նաև անդրադառնում է հետագա իրավական գործընթացներին։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցած կուսակցությունները կամ դաշինքները կարող են դիմել Սահմանադրական դատարան, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես կգա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Սահմանադրական դատարանը, ըստ օրենքի, ունի 15 օր՝ գործը քննելու և որոշում կայացնելու համար։ Հովեյանի խոսքով՝ դատարանը կարող է կամ ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը, կամ այն անվավեր ճանաչել և պահանջել նոր հաշվարկներ կամ այլ իրավական գործողություններ։

Միաժամանակ փորձագետը մատնանշում է ևս մեկ կարևոր ռիսկ, որը կապված է վերաքվեարկության ինստիտուտի հետ։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե վերաքվեարկության ընթացքում նույնպես տեղի ունենան այնպիսի խախտումներ, որոնք կազդեն արդյունքների վրա, կարող է առաջանալ համապետական վերաքվեարկության անհրաժեշտություն։

«Այստեղ ռիսկն այն է, որ առանձին տեղամասերում հնարավոր է արհեստականորեն խափանել վերաքվեարկությունը՝ բոյկոտի կամ այլ միջամտությունների միջոցով, ինչը տեսականորեն կարող է հանգեցնել արդեն համապետական վերաքվեարկության պահանջի։ Այսինքն՝ իրավիճակը բազմաշերտ է, և իրավական լուծումները նույնպես ունեն իրենց ռիսկերը», – եզրափակում է Մարիամ Հովեյանը։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top