Վերջին ընտրական գործընթացներում քաղաքական պայքարի առանցքային թեմաներից մեկը դարձել էր Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը։ Դրանով իսկ ներքին քաղաքական դերակատարները հրավիրեցին Ռուսասնանին, որպես «դատավոր»։ Այս մասին նշել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իշխանության համար մոբիլիզացնող ուժեղ գաղափարներ գրեթե չկային։ Թեև որոշ ժամանակ հասարակության վրա ազդեցություն էր ունենում խաղաղության և նոր պատերազմի վտանգի թեման, սակայն ժամանակի ընթացքում այդ օրակարգի ազդեցությունը նվազեց։ Սարգսյանի գնահատմամբ՝ պատերազմի սպառնալիքի շուրջ մշտական խոսակցությունները կորցրեցին նախկին ազդեցությունը, հասարակության մի մասն այլևս նույն լրջությամբ չի ընդունում նման հայտարարությունները և անհրաժեշտություն առաջացավ մոբիլիզացման նոր հնարքների։
Ըստ քաղաքագետի, քաղաքական պայքարի կենտրոն տեղափոխվեց հակառուսական կամ հակառուսականության դեմ պայքարի թեման։ «Նախընտրական դիսկուրսը կառուցվեց «կողմ կամ դեմ Ռուսաստանին» տրամաբանության շուրջ՝ վերածվելով հասարակության մոբիլիզացման հիմնական գործիքի», — ասաց նա։ Քաղաքագետի կարծիքով՝ երբ ընտրությունները ներկայացվում են որպես Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման ընտրություն, դրանով իսկ Մոսկվային տրվում է հատուկ դեր և ազդեցություն ներքաղաքական գործընթացների վրա։
«Եթե այս ընտրություններում ամեն ինչ կապում ես Ռուսաստանին կողմ կամ դեմ լինելու, ապա դու քո կամքով նրան [Ռուսաստանին] այստեղ դատավոր լինելու հրավեր ես հղում: Այդ երկիրն էլ ասում է՝ «դե, մենք կորոշենք», որովհետև ինքնին ընտրության հարցադրումն նրան հնարավորություն է տալիս այստեղ սեփական կամքը թելադրելու», — նշում է քաղաքագետը։
Սարգսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հենց ընտրությունների շրջանում Ռուսաստանից հնչեցին կոշտ հայտարարություններ և սահմանափակող քայլերի մասին ակնարկներ, ինչը անմիջականորեն անդրադարձավ հասարակական տրամադրություններին։ Նրա խոսքով՝ հասարակության մի մասի մոտ տպավորություն է ստեղծվել, թե այդ գործողությունները փաստացի աշխատել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի օգտին, քանի որ ավելի են ուժեղացրել հակառուսական տրամադրությունների շուրջ ձևավորված մոբիլիզացիան։
Միևնույն ժամանակ քաղաքագետը չի բացառում, որ Ռուսաստանի գործողությունները կարող էին լինել նաև նրա ավանդական կայսերական քաղաքականության դրսևորում։ Սակայն, անկախ շարժառիթներից, ըստ Սարգսյանի, ստացվել է այնպես, որ Ռուսաստանը հայտնվել է ընտրությունների առանցքում և ընկալվում է որպես գործընթացների վրա ազդեցություն ունեցող կարևոր դերակատար։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել պաշտոնավարել առանց Ռուսաստանի հետ համագործակցության, Սարգսյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը միանշանակ չէ։ Նրա խոսքով՝ բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Հայաստանը կարող է աստիճանաբար ձևավորել նոր տնտեսական և ֆինանսական հնարավորություններ, լուծումներ գտնել էներգետիկայի, երկաթուղային հաղորդակցության և այլ ռազմավարական ոլորտներում։
Որպես օրինակ՝ քաղաքագետը հիշեցնում է սպառազինության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները։ Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը չապահովեց Հայաստանի զինված ուժերի պահանջները, Երևանը սկսեց այլընտրանքային աղբյուրներ և շուկաներ որոնել, ինչպես նաև զարգացնել սեփական արտադրական կարողությունները։ Սարգսյանի կարծիքով՝ նման մոտեցումներ հնարավոր է կիրառել նաև տնտեսության այլ ճյուղերում՝ նոր շուկաների, հաղորդակցային ուղիների և գործընկերների որոնման միջոցով։
Սակայն նա ընդգծում է, որ տեսական հնարավորությունների և իրականության միջև դեռ մեծ տարբերություն կա։ Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության միջավայրը շարունակում է մնալ բարդ, քանի որ Ադրբեջանը, նրա գնահատմամբ, չի հրաժարվել իր ռազմավարական նպատակներից և շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ նույնիսկ խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ։
Սարգսյանը նաև նշում է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում դեռ բազմաթիվ անորոշություններ կան։

