Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների ակտիվացումը նոր հնարավորություններ է բացում, սակայն խոսել այն մասին, թե Վաշինգտոնը տեսանելի ապագայում կկարողանա փոխարինել Մոսկվային՝ որպես Երևանի առանցքային տնտեսական գործընկեր, առնվազն վաղաժամ է: Նման կարծիք է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը տասնամյակներ շարունակ սերտորեն կապված է մնում ռուսական տնտեսության հետ, և այդ կապերը հնարավոր չէ արագորեն վերակառուցել: «Մենք Ռուսաստանի հետ կապված ենք հազարավոր տնտեսական թելերով: Ես չեմ կարծում, որ այդ հարաբերությունները կարելի է ամբողջությամբ փոխարինել Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ»,— նշել է փորձագետը:
Սարգսյանը պարզաբանել է, որ պատճառը ոչ միայն ԱՄՆ-ի աշխարհագրական հեռավորությունն է, այլև երկու երկրների միջև բավարար չափով զարգացած պայմանագրիրաիրավական բազայի բացակայությունը: Չնայած ստորագրված Ռազմավարական գործընկերության հարտիային՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլը նա դիտարկում է սոսկ որպես ավելի երկարատև գործընթացի սկիզբ:
ԱՄՆ-ն շեշտը չի դնում ներդրումների վրա, այլ միայն Հայաստանը մտցնում է «կանաչ գոտի»
Փորձագետն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ էապես տարբերվում է ուղղակի ներդրումների մոդելից:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այսօր միջոցներ չի ներդնում հայկական տնտեսության մեջ, այլ վերացնում է սահմանափակումները սեփական բիզնեսի համար՝ թույլ տալով ամերիկյան ընկերություններին ժամանակակից տեխնոլոգիաներ և սարքավորումներ մատակարարել Հայաստան:
«Վաշինգտոնը չի ասում՝ “Մենք ներդրումներ ենք անում Հայաստանում”: Նա իր բիզնեսին ասում է՝ “Հայաստանը կանաչ գոտի է, եթե նրանք հնարավորություններ ունեն, կարող եք տեխնոլոգիաներ վաճառել նրանց”»,— պարզաբանել է Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ հենց այսպիսի մոտեցումն է ընկած բարձր տեխնոլոգիական արտադրանքի հնարավոր մատակարարումների և համագործակցության նոր ուղղությունների զարգացման քննարկումների հիմքում:
Մոդուլային ԱԷԿ-ի շուրջ չափազանց շատ հարցեր են մնում
Այդուհանդերձ ամերիկյան տեխնոլոգիաներով Հայաստանում մոդուլային ատոմային էլեկտրակայանի կառուցման թեման, նրա խոսքով, չի տեղավորվում ընդհանուր համատեքստում:
Սարգսյանը նշել է, որ իր գլխավորած Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն ուսումնասիրել է փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ամերիկյան մասնագետների գնահատականները: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ ԱՄՆ-ի մասնագիտական հանրույթի ներսում վերաբերմունքն այս տեխնոլոգիայի նկատմամբ մնում է բավականին զգուշավոր:
Նրա խոսքով՝ բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ մատնանշում են, որ տեխնոլոգիան դեռևս չի անցել լիարժեք գործնական ստուգում, և կան մի շարք չլուծված հարցեր:
Խոսքը վերաբերում է ինչպես մարդու և շրջակա միջավայրի համար ռեակտորների երկարատև անվտանգությանը, այնպես էլ էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությանը, շահագործման արժեքին և դրանց լայն կիրառման հնարավոր հետևանքներին:
Ամերիկագետն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ ո՛չ հենց Միացյալ Նահանգներում, ո՛չ էլ այլ երկրներում չկան ամբողջությամբ գործարկված կոմերցիոն նախագծեր, որոնք թույլ կտային վերջնականապես գնահատել նման կայանների բոլոր առավելություններն ու ռիսկերը:
Հայաստանը չպետք է դառնա փորձադաշտ
Սարգսյանի խոսքով՝ անթույլատրելի է Հայաստանի վերածումը մինչև վերջ չստուգված տեխնոլոգիաների փորձարկման հարթակի: Նա նշել է, որ նման մտահոգություններ հայտնում են հենց ամերիկացի մասնագետները, այլ ոչ միայն հայ վերլուծաբանները:
Այս կապակցությամբ Սարգսյանը վաղաժամ է համարում Հայաստանում նման կայանի կառուցման հեռանկարների վերաբերյալ: Նրա խոսքով՝ դեռևս բաց է մնում ոչ միայն նախագծի տեխնոլոգիական հուսալիության հարցը, այլև այն հարցը, թե ի վերջո ով կարող է հանդես գալ որպես դրա ներդրող:
Փորձագետն ընդգծել է, որ հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը կարևոր գործընթաց է, սակայն ռազմավարական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ելնել առաջին հերթին երկրի երկարատև շահերից, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից:

