TRIPP նախագծի աշխարհաքաղաքական «ականները»

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում իր ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Երևանն այս հարցում մեծապես հույս է դնում ամերիկյան կողմի պատրաստակամության վրա։

Սակայն, ըստ քաղաքագետի, ցանկացած խոշոր տարածաշրջանային նախաձեռնություն կենսունակ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնում ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև տարածաշրջանի առանցքային դերակատարների՝ Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերն ու ընկալումները։

Թեհրանի կարմիր գծերը և ամերիկյան գործոնը

Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին բավականին բացահայտ ներկայացրել է Թեհրանի մտահոգությունները։ Դեսպանի ձևակերպմամբ՝ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային առաջնահերթություններից է TRIPP նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների կանխումը։

Սուրենյանցի դիտարկմամբ՝ Իրանի հիմնական մտահոգությունը նախագծի արդյունքում ձևավորվելիք անվտանգային միջավայրն է, ինչն ունի հստակ աշխարհաքաղաքական պատճառներ։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Թեհրանը ծայրահեղ զգայուն է դարձել սեփական սահմանների հարևանությամբ ամերիկյան ազդեցության ցանկացած ընդլայնման նկատմամբ։ Եթե Իրանում TRIPP-ը ընկալվի որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության գործիք՝ ենթակառուցվածքի նկատմամբ 99 տարվա իրավունքներով, ապա ներկայիս պարամետրերով նախագծի ընդունումը Թեհրանի կողմից կդառնա գրեթե անհնարին։

Մոսկվայի լծակներն ու «տնտեսական զգուշացումները»

Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ, թեև արտահայտվում է ավելի զգուշավոր, նույնպես հիմնված է անվտանգային և աշխարհաքաղաքական շահերի վրա, ասաց քաղաքագետը։ Մոսկվան նախագիծը դիտարկում է որպես Հարավային Կովկասում՝ իր ավանդական ազդեցության գոտում, ԱՄՆ-ի ներկայության ընդլայնում։

Չնայած վերջին տարիներին տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացմանը, Մոսկվան դեռևս տիրապետում է ազդեցիկ լծակների, պնդում է նա։ Այսպես՝ ռուսական կողմը պահպանում է ազդեցությունը Հայաստանի երկաթուղային համակարգի նկատմամբ, ինչը կարող է խոչընդոտել TRIPP-ի երկաթուղային բաղադրիչի իրականացմանը։ Բացի այդ՝ ռուս սահմանապահները շարունակում են ծառայություն իրականացնել հայ-իրանական սահմանի որոշ հատվածներում՝ հենց նախագծի հնարավոր անցման գոտու մոտակայքում, նշեց Սուրենյանցը։

Թեև Մոսկվան խուսափում է Թրամփի անունը կրող նախագծի հետ բացահայտ առճակատումից, ռուս պաշտոնյաների հայտարարություններում արդեն հնչում են զգուշացումներ Հայաստանի «ուկրաինական ճանապարհով» գնալու վտանգների մասին՝ ակնարկելով գազի գների բարձրացումը, շուկաների սահմանափակումն ու սփյուռքի հետ կապված խնդիրները։

Արագ գործարկո՞ւմ, թե՞ շահերի վերաձևակերպում

Սուրենյանցի գնահատմամբ՝ TRIPP-ի ապագան չի որոշվելու միայն Երևանի և Վաշինգտոնի ցանկությամբ։ Առանց տարածաշրջանային ուժային հավասարակշռության հաշվառման՝ ցանկացած շտապողականություն բախվելու է լուրջ դիմադրության։

Առաջիկա բանակցությունների առանցքային խնդիրը պետք է լինի ոչ թե նախագծի արագացված մեկնարկը, այլ դրա քաղաքական և անվտանգային վերաձևակերպումը՝ հաշվի առնելով Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերը»։ Եթե հաջողվի գտնել փոխընդունելի մոդել, նախագիծը կյանքի կկոչվի նոր պայմաններով։ Հակառակ դեպքում, TRIPP-ը տարածաշրջանային համագործակցության հարթակից կարող է վերածվել նոր աշխարհաքաղաքական հակասությունների հերթական թեժ օջախի, համոզված է նա։

Ամերիկյան ներքաղաքական ռիսկեր և Թրամփի գործոն

TRIPP նախագծի շուրջ ստեղծված իրավիճակին և հնարավոր զարգացումներին այլ դիտանկյունից է նայում քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։ Նրա գնահատմամբ՝ թեև նախագիծը ներկայացվում է որպես ընդհանուր ամերիկյան ծրագիր, այն իրականում սերտորեն շաղկապված է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անվան և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Դալլաքյանը հիշեցնում է, որ տարածաշրջանային այլընտրանքային ուղիների, մասնավորապես՝ «Միջին միջանցքի» մասին խոսվում է դեռևս Բարաք Օբամայի նախագահության ժամանակներից, սակայն դրանց գործնական իրականացման համար տարիներ են պահանջվում։ Այս համատեքստում քաղաքագետը մատնանշում է լուրջ ռիսկեր՝ կապված ԱՄՆ սպասվող ներքաղաքական զարգացումների հետ.

«Թրամփը միջանկյալ ընտրություններում կարող է խնդիրներ ունենա։ Իրանում, իմ կանխատեսմամբ, ռազմական գործողությունները շարունակվելու են մինչև այդ ընտրությունները, դրա հետևանքով նա կարող է կորցնել Կոնգրեսի երկու պալատներն էլ։ Այդ դեպքում արդեն կսկսվեն դեմոկրատների հետաքննություններն ու լսումները, և մոտակա երկու տարին ԱՄՆ նախագահն իր ուշադրությունը հիմնականում ստիպված կլինի սևեռել ներքաղաքական խնդիրներին ու Իրանին»,— պարզաբանում է Դալլաքյանը։

Բացի այդ, քաղաքագետի կարծիքով՝ այս տարվա աշնանը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ռուսաստանում և թե՛ աշխարհաքաղաքական մյուս կենտրոններում սպասվում են լուրջ փոփոխություններ, որոնք կարող են ազդել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումների վրա։

Միևնույն ժամանակ, Դալլաքյանը շեշտում է, որ թեև երկարաժամկետ առումով ԱՄՆ շահերից է բխում մասնակցել տարածաշրջանի ապաշրջափակմանը, գոյություն ունի խոշոր խաղացողների հստակ հակազդեցություն.

«Միանշանակ կան կենտրոններ, մասնավորապես Մոսկվայում և Պեկինում, էլ չեմ խոսում Թեհրանի մասին, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի ԱՄՆ-ն ներկայություն չունենա այդ ճանապարհների վրա»,— եզրափակում է Դալլաքյանը։

TRIPP-ը կիրականացվի սահմանված ժամկետներում. ի՞նչն է փաստում նախագծի կենսունակության մասին 

Ի տարբերություն հնչող մտահոգությունների, քաղաքագետ Արմեն Պետրոսյանը նախագծի շուրջ ընթացող գործընթացներում դրական զարգացումներ է տեսնում։ Նրա ձևակերպմամբ՝ այն, որ ծրագրի իրագործման ճանապարհին որևէ խնդիր չկա, ապացուցվում է ոչ միայն պաշտոնական հայտարարություններով, այլև հայ-ամերիկյան խորհրդակցությունների գործնական բնույթով.

«Պատահական չէ, որ այս տարի ամերիկյան խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն արդեն երրորդ անգամ են այցելել Հայաստան, ինչը գործընթացի բնականոն հունի հստակ ցուցիչ է։ Օրեր առաջ ամերիկյան կողմի խորհրդատվական ընկերության և Հայաստանի կառավարության մասնագետները միասին ուսումնասիրել են նախագծի տեղանքը Սյունիքում՝ այն աշխարհագրական տարածքում, որտեղ իրականացվելու է TRIPP-ը»,— նշում է Պետրոսյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Վաշինգտոնի նման ակտիվությունը քաղաքականից զատ նաև տեխնիկական մասով հստակ ցույց է տալիս ամերիկյան կողմի հաստատակամ մոտեցումն ու հակվածությունը նախագծին։

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների կողմից բարձրացվող մտահոգություններին՝ փորձագետը վստահեցնում է, որ TRIPP նախագիծն ի վերջո շահեկան է լինելու բոլոր կողմերի համար և իրականացվելու է սահմանված ժամկետներում։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top