ԱՄՆ-Իրան հակամարտությունը մտնում է անորոշ փուլ, Իրանի ներսում հակասությունները խորանում են

Իրանի շուրջ զարգացող իրադարձություններն ու Միացյալ Նահանգների հետ շարունակվող դիմակայությունը շարունակում են մնալ Հարավային Կովկասի անվտանգության և տարածաշրջանային գործընթացների վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Այս մասին նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Փորձագետի գնահատմամբ՝ այս պահին որևէ հիմք չկա պնդելու, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը մոտ է վերջնական հանգուցալուծման։ Թեև հրադադարը շարունակում է գործել, և կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մասին, ռազմական լարվածությունը շարունակում է պահպանվել։

Պետրոսյանը զուգահեռ անցկացրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հետ։ Նրա խոսքով՝ ինչպես այդ դեպքում, այնպես էլ այսօր առանձին դրույթների խախտումները շարունակվում են, կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները չկատարելու մեջ, սակայն դրանցից հրաժարվելու մասին պաշտոնական հայտարարություններ չկան։

Նրա գնահատմամբ՝ գլխավոր խնդիրը ոչ թե ներկա իրավիճակն է, այլ այն, որ ԱՄՆ-Իրան հակամարտության ավարտի որևէ հստակ սցենար առայժմ չի նշմարվում։ «Քանի դեռ հակամարտության հանգուցալուծման հասկանալի սցենար չկա, երկարաժամկետ կանխատեսումներ անել հնարավոր չէ», — նշեց նա։

Ռազմական էսկալացիան շարունակում է մնալ գլխավոր վտանգը

Պետրոսյանի խոսքով՝ ամենավատ սցենարը կլինի այն, եթե ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը կրկին ամբողջությամբ վերադառնա ռազմական հարթություն և վերածվի երկարատև փոխադարձ հարվածների։

Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակում Իրանը կարող է թիրախավորել այն երկրների տարածքները, որտեղ, իր ընկալմամբ, առկա կլինի ամերիկյան ռազմական ներկայություն։

Իրանում խորանում են քաղաքական և ռազմական էլիտաների տարաձայնությունները

Փորձագետի գնահատմամաբ՝ իրավիճակի վրա լուրջ ազդեծություն ունեն նաև Իրանի ներքին քաղաքական զարգացումները։

Նրա խոսքով՝ այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ քաղաքական ղեկավարության և ռազմական էլիտայի, առաջին հերթին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև առկա են լուրջ տարաձայնություններ։

Պետրոսյանի գնահատմամբ՝ հենց Կորպուսն է փաստացի վերահսկում իրավիճակը տեղում և մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքի վրա։ Ընդ որում, ռազմական թևի մոտեցումները հաճախ չեն համընկնում քաղաքական ղեկավարության դիրքորոշումների հետ։

Նրա խոսքով՝ այս հանգամանքը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում նաև Իրանի գործընկեր երկրների համար։

Մասնավորապես, Հայաստանի պաշտոնյաները սովորաբար շփվում են իրենց իրանցի քաղաքական գործընկերների հետ, սակայն ներկայիս իրավիճակում միայն այդ մակարդակի հաղորդակցությունը բավարար չէ։

Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է արդյունավետ հաղորդակցություն ապահովել նաև Իրանի ռազմական համակարգի ներկայացուցիչների հետ, քանի որ հակամարտության ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցող որոշումները մեծապես կայացվում են հենց այդ շրջանակներում։

Պետրոսյանը նշեց, որ ներկայումս իրավիճակը վերահսկելի է, սակայն ԱՄՆ-Իրան հակամարտության ապագա զարգացումները շարունակում են մնալ տարածաշրջանի համար ամենակարևոր անորոշության գործոնը, իսկ դրա հետագա ընթացքը կախված կլինի այն բանից, թե արդյոք հակամարտությունը կկարողանա ռազմական փուլից տեղափոխվել քաղաքական և դիվանագիտական հարթություն։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top