Հայկական կողմի՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկին ենթադրյալ համաձայնության քննարկումը մտահոգություն է առաջացրել փորձագիտական շրջանակներում: Շատերն այն ընկալել են որպես երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ՝ զգուշացնելով նման քայլի հնարավոր ռիսկերի մասին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քննարկվող տարբերակների, այդ թվում՝ ԱՄՆ-ից ստացված առաջարկների մասին լրացուցիչ մանրամասներ:
Հիմնվելով վարչապետի ներկայացրած մանրամասների վրա՝ ստացվում է, որ ժամանակի ընթացքում հարցի նկատմամբ մոտեցումը փոխակերպում է կրել: Այսպես, դեռևս 2022 թվականին հայկական կողմը, հաշվի առնելով փոխադարձության սկզբունքը, առաջարկել էր սահմանապահ և մաքսային վերահսկողության գործառույթները փոխանցել երրորդ կողմին՝ երկու երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի շփումները նվազագույնի հասցնելու նպատակով: Հետագայում, եվրոպացիների առաջարկով, խոսակցություն սկսվեց մասնավոր պահնորդական ընկերություն ներգրավելու մասին՝ երթուղու անվտանգությունն ապահովելու համար: Այժմ, եթե հավատանք Փաշինյանի խոսքերին, քննարկումները տեղափոխվել են բացառապես տնտեսական հարթություն` որոշակի պահնորդական էլեմենտների պահպանմամբ։ Տրանսպորտային ուղիների համատեքստում կառավարման արտապատվիրակման մասին խոսելիս, խոսքը վերաբերում է ներդրումային մեխանիզմի ստեղծմանը, որի շրջանակներում միջոցներ կներգրավվեն ենթակառուցվածքների կառավարման և զարգացման համար:
Ըստ Փաշինյանի՝ քննարկվում է ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ահռելի ներդրումային ներուժ է պահանջում, բայց նաև որոշակի գործոններով անհրաժեշտ է կոնսոլիդացնել այդ ներդրումը։ Վարչապետի բնորոշմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում խոսք է գնում ոչ միայն ճանապարհների և երկաթուղու մասին, այլև խողովակաշարերի՝ նավթամուղ, գազամուղ, էլեկտրահաղորդման գծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին և այլն։ «Դա մի տնտեսություն է, որը պետք է կառավարվի և մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի։ Սրա մասին է խոսքը, և մենք այս համատեքստում, որն, ի դեպ, մեր տրամաբանությամբ՝ պետք է և կարող է լինել Հայաստանի սեփականությունը։ Եվ խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է։Հայաստանի օրենսդրությամբ՝ այն, ինչ ես հիմա նշեցի, դա կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ դրա տրամաբանությամբ՝ այդ իրավունքով տրված ներդրումներն, այդ հողի վարձակալության պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են Հայաստանի սեփականությունը»,-ասաց վարչապետը։
Նա հավաստիացրեց, որ մաքսային և սահմանապահ վերահսխողության գործառույթները կիրականացվեն բացառապես հայկական կողմի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավասության լիակատար համապատասխանությամբ: Թեև իրականացման մեխանիզմը դեռևս մշակման փուլում է, նախնական հայեցակարգով նախատեսվում է անկոնտակտ ընթացակարգերի կիրառում: Ինչպես նշել է Փաշինյանը, աշխարհում գոյություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել կամ ամբողջությամբ բացառել ֆիզիկական շփումը, օրինակ՝ բիոմետրիկ նույնականացման միջոցով: Նա ընդգծել է, որ չի պնդում, թե այդ լուծումները կկիրառվեն կոնկրետ իրավիճակում, սակայն կարևոր է համարել նշել նման տեխնոլոգիական հնարավորությունների առկայությունը: Միևնույն ժամանակ, վարչապետը չի բացառել, որ առանձին դեպքերում, օրինակ՝ ավտոմատ ահազանգման կամ տագնապի համակարգի գործարկման դեպքում, կարող է առաջանալ մարդու հետ ուղղակի փոխգործակցության անհրաժեշտություն, և այդ սցենարները դեռևս պահանջում են լրացուցիչ մշակում: Այնուամենայնիվ, Փաշինյանը չի բացառել, որ կառավարող ընկերությունը կարող է ունենալ իր սեփական անվտանգության ծառայությունը: «Մեր օդանավակայանում նույնպես գործում է օդանավակայանի ներքին անվտանգության ծառայություն, սակայն այդ հանգամանքը բնավ չի ենթադրում ինքնիշխանության սահմանափակում», — կարծում է վարչապետը:
Լրագրողների՝ փոխադարձության սկզբունքի մասին հարցին ի պատասխան, մասնավորապես՝ արդյոք նույն ընկերությունը կիրականացնի կառավարում նաև ադրբեջանական կողմում, Փաշինյանը կրկին շեշտը դրեց ենթադրյալ կառույցի գործառույթների վրա: Նա նշել է, որ «ադրբեջանական կողմում համապատասխան երկաթուղային ենթակառուցվածքն արդեն իսկ գոյություն ունի, իսկ ստեղծվող ընկերությունը կզբաղվի ներդրումների ներգրավմամբ, ինչը նրա հիմնական խնդիրներից մեկն է: Խոսքը վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների ներգրավմանը, երկաթուղու և գազատարի կառուցմանն ու շահագործմանը»:
Այսպիսով, Փաշինյանը հասկացրել է, որ այդ ընկերության գործունեությունը չի տարածվի երթուղու ադրբեջանական հատվածի վրա, այդ թվում՝ այսպես կոչված «ներքին անվտանգության» ապահովման առումով, ինչի մասին նա նաև նախկինում էր նշել:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի հետ տվյալ հարցի շրջանակում քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, բայց ամերիկյան տարբերակը «գլխավորապես քննարկվող տարբերակն է»։

