Վարչապետի այսօր կայացած մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում նա պարզաբանումներ է տվել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկի էության մասին, հայկական փորձագիտական հանրությունում ակտիվացել են ընթացող գործընթացները վերլուծելու փորձերը: Չնայած արտաքին թափանցիկությանը, առաջարկված մոդելի մանրամասներում դեռևս բազմաթիվ հարցեր են մնում:
Ի՞նչ է իրականում առաջարկվում ԱՄՆ-ի կողմից: Արդյո՞ք սա տարածաշրջանի շահերին համապատասխանող փոխզիջում է, թե՞ ընդհակառակը՝ մոդել, որը ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության համար: Այս և այլ ասպեկտները դարձել են քաղաքագետների, տնտեսագետների և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների քննարկման առարկա, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչ է իրականում թաքնված «ներդրումային մոտեցում» ներկայացված նախաձեռնության հետևում:
Ամերիկյան սցենարը արդեն իմպլեմենտացվում է
Քաղաքագետ Արման Գրիգորյանի գնահատմամբ՝ հայկական կողմը ոչ միայն հայտնել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի իրականացման պատրաստակամություն՝ այսպես կոչված ամերիկյան սցենարով, այլև խոսքն արդեն վերաբերում է անմիջական իրականացման փուլին անցնելուն: «Իմ կարծիքով, որոշումն արդեն կայացված է, և այն դիրքորոշումը, որ տարիներ շարունակ փորձել է առաջ տանել հայկական կողմը, փոփոխությունների է ենթարկվել», — նշել է նա: Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի համաձայնել են «միջանցքի» որոշակի մոդելի, որը նախատեսում է պետական ինքնիշխանության մասնակի սահմանափակում համապատասխան տարածքում: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում է Գրիգորյանը, վարչապետի կողմից հայտարարված «մասնավոր ընկերությունը», որին, նրա խոսքով, կփոխանցվի հաղորդակցությունների կառավարումը, ամենայն հավանականությամբ, միայն ձևականորեն կներկայացնի մասնավոր հատվածը: «Իրականում դա կլինի կառույց, որը խորապես կապված է ԱՄՆ կառավարության հետ և գործելու է Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերի տրամաբանությամբ», — կարծում է նա: Գրիգորյանը միամիտ է համարում այն հավատը, որ նախագիծը, անկախ անվանումից՝ լինի դա «Խաղաղության խաչմերուկ», թե «Զանգեզուրի միջանցք», կկատարի բացառապես հաղորդակցական կամ տնտեսական գործառույթներ: Իրականում, վստահ է նա, խոսքը վերաբերում է ավելի լայնածավալ խնդրի, որի շրջանակներում ստեղծվող մեխանիզմը կդառնա Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղման գործիք: Ամբողջական ապաշրջափակում առանց ինքնիշխանության սահմանափակման
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը, իր հերթին, նշում է. «Նախատեսվում է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, ներառյալ այն ուղիները, որոնք կապում են Ադրբեջանը Նախիջևանի հետ: Այս գործընթացի շրջանակներում քննարկվում է հայ-ամերիկյան համատեղ ընկերության ներգրավման կամ, հնարավոր է, ստեղծման հեռանկարը, որը կզբաղվի ենթակառուցվածքների կառուցման համար ներդրումների ներգրավմամբ, իսկ հետագայում՝ դրանց կառավարմամբ և տարբեր ծառայությունների մատուցմամբ: Սակայն ամենակարևորը, ինչպես հայտարարվում է, այս ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»: Փորձագետի խոսքով՝ առաջարկների հնչեցված մասում նա անմիջական սպառնալիքներ չի տեսնում ինքնիշխանության կորստի առումով: Այդուհանդերձ, չնայած հայտարարված սկզբունքներին, Մինասյանը կասկածում է, որ կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը: «Ակնհայտ է, որ Աբու Դաբիում քննարկումների հիմնական թեման եղել է հենց հաղորդակցությունների ապաշրջափակումը, սակայն, երևում է, որ կողմերին դեռևս չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ: Իմ տպավորությամբ՝ այժմ ընթանում է առանձին մանրամասների համաձայնեցում», — հավելել է նա:
Ծառայությունների արտապատվիրակումը կառավարման գործիք է, իսկ «միջանցքի» արտապատվիրակումը՝ տարածքային զիջում
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով․ «Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայությունների արտապատվիրակման հետ։ Այս համեմատությունը անհեթեթ է, մոլորեցնող և վտանգավոր։
Նախ՝ օդանավակայանի կամ փոստային ծառայության կառավարումը արտապատվիրակելը կոմերցիոն պայմանավորվածություն է, որի դեպքում ազգային իրավազորությունը լիովին պահպանվում է։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր ինքնիշխանությունն իրականացնել իր հողերի, օդային տարածքի և իրավական համակարգի նկատմամբ։ Դրանք հանրային-մասնավոր գործընկերության ստանդարտ մոդելներ են, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում՝ զարգացման, արդիականացման և արդյունավետության խթանման նպատակով՝ լիարժեք ազգային վերահսկողության պահպանմամբ։
Ի տարբերություն դրա՝ «միջանցքի» հայեցակարգը, որը պահանջում է Ադրբեջանը և հաճախ կրկնվում է արտաքին ուժերի կողմից, ենթադրում է բոլորովին այլ բան՝ հայկական հողերի արտատարածքայնացում։ Այն ենթադրում է ինքնիշխան տարածքի մի շերտ, որը դուրս է բերված Հայաստանի իրավական, վարչական և անվտանգության վերահսկողությունից՝ զիջված փաստացի կամ իրավաբանորեն այլ ուժի։ Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանության զիջում է։
Տարբերությունը պարզ է, բայց հիմնարար. ծառայությունների արտապատվիրակումը կառավարման գործիք է, իսկ «միջանցքի» արտապատվիրակումը՝ տարածքային զիջում։
Փաշինյանի հռետորական խաբեությունը աղավաղում է այդ գիծը՝ շփոթեցնելով հանրային ընկալումը և վտանգավոր կերպով իջեցնելով ապագա զիջումների շեմը։ Ներկայացնել, թե տարանցիկ ուղու իրավազորության փոխանցումը համարժեք է Զվարթնոց օդանավակայանի շահագործման արտոնագրի տրամադրմանը, նշանակում է շփոթել ծառայության վարձակալությունը սահմանից հրաժարվելու հետ։
Եթե այս համեմատությունը վավեր լիներ, ապա գաղութային ժամանակաշրջանի ցանկացած արտոնություն կարելի էր վերանվանել որպես արդիականացում։ Բայց պատմությունը ցույց է տալիս հակառակը։ Տարածքային ինքնիշխանությունը կառավարման պայմանագիր չէ. դա պետականության հիմքն է։
Առաջարկելով Սյունիքի տարածքով միջանցքի վերահսկողությունը փոխանցել երրորդ կողմի՝ իբր Ադրբեջանի անխափան հաղորդակցությունը Նախիջևանի հետ ապահովելու նպատակով՝ Նիկոլ Փաշինյանը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Երրորդ կողմի վերահսկողության ներքո գտնվող միջանցքը՝ անկախ նրանից, թե ով է այն կառավարում, վտանգավոր նախադեպ կստեղծի։ Այն փաստացի կկտրի Հայաստանի տարածքով մի ուղի՝ ազգային ինքնիշխանությունը ենթարկելով մի պետության տարանցիկ իրավունքներին, որը ոչ միայն չի հրաժարվում բռնությունից, այլ շարունակաբար սպառնում է Հայաստանի անվտանգությանը և կենսունակությանը։ Նման միջանցքը—նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից—իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք։ Ոչ թե ամերիկյան կապիտալի անմիջական մասնակցություն, այլ հայ-ամերիկյան նախաձեռնության իրականացում
Փորձագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ ամերիկյան առաջարկների էությունն ոչ այնքան ամերիկյան կապիտալի անմիջական մասնակցություն է, որքան հայ-ամերիկյան նախաձեռնության իրականացում: «Խոսքը վերաբերում է մասնավոր ընկերությանը, որը կստանա հաղորդակցությունների կառուցման իրավունք կոնկրետ հողատարածքների վրա: Դրանք կարող են լինել մայրուղիներ, երկաթուղիներ, գազատարներ և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ: Միևնույն ժամանակ, ընկերությունը չի ունենա սեփականության իրավունք այդ հողամտարածքների նկատմամբ, առավել ևս՝ չի ենթադրվում այդ տարածքների միջազգային կարգավիճակի որևէ փոփոխություն», — ընդգծում է փորձագետը:
Նա բացատրում է, որ նախագիծը բաղկացած է մի քանի բաղադրիչներից. նախ՝ կառուցում, ապա՝ հաղորդակցությունների շահագործում և, վերջապես, դրանց անվտանգության ապահովում, որի համար պատասխանատու կլինի մասնավոր պահնորդական կառույց: Սակայն, նրա խոսքով, սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի հատուկ ծառայությունները կամ իրավապահ մարմինները սահմանափակված կլինեն այդ գոտիներում աշխատանքներ իրականացնելու հարցում:
«Ավելին, ոչ մաքսային, ոչ էլ սահմանապահ վերահսկողությունը չեն փոխանցվում որևէ երրորդ կողմի կառույցների: Այդ գործառույթները մնում են բացառապես հայկական պետության իրավասության ներքո, և դա նույնիսկ չի քննարկվում», — նշել է Քոչինյանը: Նա նաև հավելել է, որ եթե խոսել ինքնիշխանության սահմանափակման ռիսկերի մասին, ապա դրանք ավելի շատ կապված են ոչ թե ընթացիկ ամերիկյան առաջարկների, այլ 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետի, իսկ ավելի շուտ ռուսական կողմի կողմից այդ դրույթի մեկնաբանման հետ:

