ՀՀ Կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ առաջարկվում է փոխել ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման գործող մոտեցումները։ Նոր նախագիծը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի միջոցով հնարավորություն ստեղծել, որպեսզի քաղաքացիները կարողանան նվիրատվությունների ձևաչափով ֆինանսական աջակցություն տրամադրել տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ լրատվամիջոցներին։ Նախաձեռնության հիմնական նպատակը, ըստ հեղինակների, մեդիա դաշտի ֆինանսական անկախության և թափանցիկության բարձրացումն է։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ լրատվամիջոցների ֆինանսավորման առաջարկվող այս նոր մեխանիզմը նախատեսում է քաղաքացիների մասնակցությունը լրատվամիջոցների աջակցությանը, ինչը սկզբունքորեն դրական է։ Սակայն, շարունակեց Մելիքյանը, դրա արդյունավետությունն ու արդար կիրառումը կախված են օրենսդրական հստակ կարգավորումներից։
Նրա խոսքով՝ գաղափարի հիմնական առավելությունն այն է, որ հասարակությունը հնարավորություն կստանա ոչ միայն տեղեկություն սպառելու, այլև սեփական ընտրությամբ աջակցելու այն լրատվամիջոցներին, որոնք համարում է վստահելի, հետաքրքիր կամ իր հիմնական տեղեկատվական աղբյուրը։ Թեև խոսքը մեծ գումարների մասին չէ, հազարավոր քաղաքացիների մասնակցության դեպքում հնարավոր կլինի ձևավորել որոշակի ֆինանսական աջակցություն, որը կարող է օգտակար լինել լրատվամիջոցների համար։
Միաժամանակ Մելիքյանը զգուշացնում է, որ ցանկացած գործիք կարող է ծառայել թե՛ բարի նպատակների, թե՛ հակառակ արդյունքի։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է նախապես մշակել հստակ օրենսդրական ձևակերպումներ և միայն գործնական կիրառման ընթացքում պարզ կլինի, թե որքան արդյունավետ կաշխատի նախաձեռնությունը իրականում։
Նա մատնանշում է նաև հնարավոր ռիսկերը։ Ըստ նրա՝ հայկական մեդիադաշտը խիստ բևեռացված է, և լրատվամիջոցների մեծ մասը սպասարկում է այս կամ այն քաղաքական ուժի շահերը, ինչի հետևանքով հանրային շահը հաճախ մղվում է երկրորդ պլան։ Այդ պայմաններում չի բացառվում, որ նույն քաղաքական ֆինանսավորումը պարզապես իրականացվի այլ մեխանիզմով։
Մելիքյանի խոսքով՝ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ նույն քաղաքական ուժերը նախկինի պես ֆինանսավորեն իրենց հետ ասոցացվող լրատվամիջոցները, պարզապես գումարները բաժանվեն հազարավոր փոքր փոխանցումների և ձևակերպվեն ֆիզիկական անձանց միջոցով։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական ուժերը կարող են իրենց համակիրներին ուղղորդել, որպեսզի վերջիններս իրենց եկամտից նախատեսված գումարներն ուղղեն կոնկրետ լրատվամիջոցների, և արդյունքում ֆինանսավորման իրական պատկերը չփոխվի։
Խոսելով այն մասին, թե ինչպիսի մեխանիզմներ կարող են կանխել նման սցենարը, Մելիքյանը շեշտում է, որ խնդրի լուծումը լրացուցիչ սահմանափակումների մեջ չէ, այլ լրատվամիջոցների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների լիարժեք թափանցիկության ապահովման։
Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է հստակ պատկերացում ունենա, թե տվյալ լրատվամիջոցը ում է հարում, ինչ գաղափարներ է տարածում և ինչ շահեր է ներկայացնում։ Նա նշում է, որ այսօր բազմաթիվ բևեռացված լրատվամիջոցներ փաստացի վերածվել են քարոզչամիջոցների, սակայն միաժամանակ շարունակում են հայտարարել, թե անկախ և անաչառ են։ Մելիքյանը սա գնահատում է որպես լսարանի նկատմամբ անազնիվ վերաբերմունք և երեսպաշտություն։
Նա հիշեցնում է, որ իրենց կողմից բազմիցս առաջարկվել է օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և հստակեցնել մեդիայի թափանցիկության պահանջները, սակայն այդ առաջարկները խորհրդարանում բավարար արձագանք չեն ստացել։
Մելիքյանը նաև անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների՝ հատկապես խորհրդարանի ղեկավարության կողմից ընդդիմադիր լրատվամիջոցներին ուղղված հարցերին՝ նրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ նման հարցադրումները, թեև լեգիտիմ են, սակայն առավել լեգիտիմ է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ իշխանություններն իրենք չեն ապահովել այնպիսի օրենսդրություն, որի պայմաններում ֆինանսավորման աղբյուրները հանրության համար լիովին տեսանելի կլինեն։
Նա հիշեցրել է, որ 2021-2022 թվականներին կատարված օրենսդրական փոփոխությունները հիմնականում ձևական բնույթ են կրել։ Թեև օրենքը նախատեսում է ֆինանսական հաշվետվությունների և ելքային տվյալների հրապարակում, այդ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու պատասխանատվության մեխանիզմները, ըստ նրա, չափազանց թույլ են և գործնականում չեն կիրառվում։ Արդյունքում օրենքի պահանջները հաճախ մնում են պարզապես հռչակագրային դրույթներ՝ առանց իրական ազդեցության մեդիա դաշտի թափանցիկության վրա։

