Նոր աշխարհակարգ՝ նոր մեգակայսրություններ Աշխարհում այնպիսի նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում և այնպիսի արագությամբ, որ շատերի մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։ Շատերը չեն կարող ընկալել, առավել ևս բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս պայքար է գնում մեգաշուկաներ ստեղծելու համար և թիրախում է ԵՄ-ը, որին փորձում են խաղից հանել։ «Համաշխարհային տնտեսությունը այնպիսի իրավիճակում է գտնվում, որ կայուն և զարգացող տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է ձևավորել մակրոտնտեսական համակարգ։ Ըստ որոշ հաշվարկների դա 1 միլիարդից ավելի բնակչություն ունեցող միավորներ ստեղծելն է։ Մինչև վերջերս հիմնական մրցակցությունը ընթանում էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի միջև։ ԵՄ-ը բավականին հաջող միավոր էր՝ ներդրվում էին ստանդարտներ, արդյունաբերությունն զարգանում էր, իսկ ԱՄՆ-ում ընթանում էին ճիշտ հակառակ գործընթացներ։ Դեմոկրատական վարչակարգերի ժամանակ, մասնավորապես Օբամայի նախագահության ժամանակաշրջանում, փորձեցին գտնել լուծում ԱՄՆ և ԵՄ տնտեսությունների միավորման ձևով՝ ապահովելով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժ, առանց մաքսերի և տուրքերի։ Սակայն այդ մոդելը չաշխատեց՝ ԵՄ-ը ավելի նախընտրելի էր տարբեր ժողովուրդների համար և տարբեր երկրները իրենց կենտրոնական պահուստները ապահովում էին եվրոյով։ Այսպիսով ԱՄՆ հասկացավ, որ ԵՄ վտանգ է իր տնտեսության համար», - նշում է Դանիելյանը։ Քաղաքագետը նշեց, որ ԵՄ ըստ էության Սովետական Միության նմանվող հենքերի վրա ստեղծված գլոբալիստական միություն է։ Այն վերազգային է, այլապես հնարավոր չէր լինի 27 երկրների միավորումը, նույն պատճառով այն վերկրոնական է, ունի վերպետական կառույցներ և առաջ է տանում գենդերային ծրագրերը։ Այս մոդելը Սովետական Միության մոդելի պես ենթադրում էր տարածում և հնարավորինս շատ երկրների ներառում։ Որպես գլոբալիստական նախագիծ, նա իր դեմ դնում է գլոբալ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է մի կողմ դնել նեղ ազգայնական «էգոիստական» շահերը՝ կլիմայական խնդիրներ, կանաչ էներգետիկա և այլն։ Տապալելով ԵՄ-ի հետ տնտեսական միավորման պրոեկտը՝ ԱՄՆ-ի նոր պահպանողական վարչակազմը տնտեսությունը փրկելու համար սկսեց պայքարել գլոբալիզմի դեմ ի դեմս ԵՄ-ի։ Այսօրվա վարչակազմը դուրս եկավ Փարիզի հռչակագրից, կանաչ էներգետիկայի դեմ է հանդես գալիս, հիմքում դնում է քրիստոնեական արժեքները, հրաժարվում է գենդերային ծրագրերից։ Հենց այս համատեքստում, ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ է դիտարկել Ալյասկայի և դրան հաջորդած Վաշինգթոնի հանդիպումները։ «Ալյասկայում, ըստ որոշ մոտեցումների, տեղի է ունեցել 2 թշնամիների հանդիպում, բայց մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ իրենց որպես թշնամիներ չեն պահում։ Ավելին՝ ինչ-որ առումով նրանք նույնիսկ դաշնակիցներ են, և պատրաստ են համագործակցել և միմյանց աջակցել գլոբալիզմի դեմ պայքարում։ Ալյասկայում հանդիպեցին 2 ղեկավարներ, որոնք տանում են նույն գաղափարական պայքարը և այս առումով դաշնակից են, բայց դա չի նշանակում, որ իրենք դաշնակից են, որպես պետություններ, որովհետև որպես պետություններ նրանք մրցակիցներ են։ Այնինչ Վաշինգթոնում հանդիպման ժամանակ մենք ի դեմս ԵՄ տեսանք պարտված գաղափարական ուժ», - ասաց նա։ Այդ հանդիպման ժամանակ Թրամփը ԵՄ ղեկավարներին ներկայացնում է իր «մենթորական վերջնագրերը»՝ թե ինչը և ինչպես պետք է լինի։ «Արդյունքում գլոբալիստական նախագիծ ԵՄ-ը պարտվում է։ Վաշինգտոնում ստորագրվում է հուշագիր, որով ԵՄ պարտավորվում է հարյուրավոր միլիարդների թանկ էներգակիրներ գնել Միացյալ Նահանգներից, 500-600 մլրդ ներդրումներ անել ԱՄՆ տնտեսության մեջ։ Այդ հուշագիրը ըստ էության պարտվող կողմի կոնտրիբուցիա է», - համոզված է Դանիելյանը։ Ըստ նրա ստեղծվող մեգաշուկաները կարելի է ինչ-որ չափով համարել կայսրություններ․ ԱՄՆ-ն իր կայսրությունն է ստեղծում, Չինաստանն իր կայսրությունը, Ռուսաստանն էլ իրը։ «Այսօր բոլորը այն կարծիքին են, որ այս երեքը պետք է նստեն մի սեղանի շուրջ և պայմանավորվեն աշխարհի ապագայի շուրջ», - համարում է քաղաքագետը։ Ցավոք, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի ղեկավարությունը չի հասկանում այդ տենդենցները և գտնվում է սառը պատերազմի՝ հին աշխարհի մտածողության մեջ։ ԵՄ, որպես գլոբալիստական նախագիծ, վտանգի տակ է, սա նշանակում է, որ իր անվտանգային երաշխիքները ՀՀ-ն պետք է դիտարկի այս նոր իրողությունները հաշվի առնելով։

Տարածաշրջանային դերակատարություն և ուժերի բալանս

Հայաստանի քաղաքական դաշտում կողմնորոշման հարցը մնում է կարևոր խնդիրներից մեկը: Քաղաքական կուսակցությունների և հանրային քննարկումների համատեքստում հաճախ բախվում ենք այն հարցին, թե որն է Հայաստանի տեղը միջազգային հարաբերություններում, և արդյոք կողմնորոշումը որոշիչ նշանակություն ունի պետության անվտանգության և զարգացման համար: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, կողմնորոշումը միջազգային հարաբերություններում հաճախ ընկալվում է սխալ, և այդ ընկալումը խոչընդոտում է ռացիոնալ քաղաքական որոշումների ընդունմանը:

Կողմնորոշման խնդիրը հայաստանյան քաղաքական դաշտում

Հայաստանի քաղաքական խոսույթում կողմնորոշման հարցը հաճախ դառնում է բանավեճի առարկա: Ոմանք կարծում են, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշում ընտրի՝ լինի դա արևմտյան, ռուսական, թե, օրինակ, իրանական: Ըստ Դանիելյանի, Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատված կարծում է, որ անվտանգության երաշխիքներ կարող են ապահովել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը կամ Ռուսաստանը: Սակայն նման մտածողությունը, նրա կարծիքով, հիմնված է ոչ ռեալիստական սպասումների վրա: Կողմնորոշումը չի կարող լինել ինքնանպատակ, և միջազգային հարաբերությունները չեն կարող հիմնվել բարեկամության կամ բարոյականության վրա:

Դանիելյանը նշում է, որ միջազգային հարաբերություններում բարոյականությունը գրեթե բացակայում է: Նա օրինակ է բերում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքերը, ով ընդգծել է, որ միջազգային քաղաքականությունն առաջնորդվում է շահերով, այլ ոչ թե բարոյական սկզբունքներով: Օրինակ, Իրաքի դեմ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն աջակցել է քրդերին, սակայն պատերազմի ավարտից հետո նրանք մնացել են առանց պաշտպանության՝ ցույց տալով, որ միջազգային հարաբերություններում գերակայում են շահերը:

Ուժերի բալանսի տեսությունը և Հայաստանի տարածաշրջանային դերը

Դանիելյանի վերլուծության առանցքային մասը կապված է ուժերի բալանսի տեսության հետ: Նա առանձնացնում է մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք կիրառվում են միջազգային հարաբերություններում:

  1. Հավասարակշռում և զսպում: Ուժերի բալանսի հիմնական սկզբունքներից մեկը հավասարակշռումն է, երբ պետությունները փորձում են կանխել մեկ այլ պետության գերիշխանությունը: Օրինակ, Թուրքիայի և Ադրբեջանի աճող ազդեցությունը Հարավային Կովկասում ստիպում է Վրաստանին փնտրել հակակշիռներ՝ հավասարակշռելու տարածաշրջանային ուժերի բաշխումը:
  2. Հեգեմոնիայի կանխարգելում: Եթե մի երկիր չափից ավելի է հզորանում, այն դառնում է սպառնալիք մյուսների համար, անգամ եթե չունի ընդարձակման մտադրություններ: Դանիելյանը նշում է, որ Երկրորդ արցախյան պատերազմից հետո Հայաստանի պարտությունը խախտել է տարածաշրջանային ուժերի բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի:
  3. Դինամիկ հավասարակշռություն: Միջազգային հարաբերությունները դինամիկ են, և դաշինքները կարող են փոխվել՝ կախված ուժերի բաշխումից: Օրինակ, մի երկիր, որն այսօր բարեկամ է, վաղը կարող է դառնալ մրցակից, եթե նրա ազդեցությունը չափից շատ աճի:
  4. Ալյանսների ձևավորում: Երբ մի երկիր չի կարողանում միայնակ կանխել մյուսի հեգեմոնիան, ձևավորվում են դաշինքներ: Դանիելյանը հիշատակում է ՆԱՏՕ-ի ստեղծումը՝ որպես ԽՍՀՄ-ի դեմ հակակշիռ, կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի դեմ դաշինքները:

Հայաստանի դերակատարության բացակայության խնդիրը

Դանիելյանի կարծիքով, Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում հստակ դերակատարության բացակայությունն է: Պետությունները գոյատևում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ունեն կոնկրետ դեր միջազգային հարաբերություններում: Եթե Հայաստանը չունի նման դեր, ապա նրա գոյությունը որպես պետություն կարող է վտանգվել: Նա օրինակ է բերում Հարավսլավիան, որն ստեղծվել էր Գերմանիայի դեմ հակակշռելու համար, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կորցրեց իր նշանակությունը և քայքայվեց:

Հայաստանի դեպքում, պետության ստեղծումը պայմանավորված էր Ռուսաստանի՝ տարածաշրջան մուտքով, երբ Հայաստանը դարձավ Օսմանյան կայսրության և Պարսկաստանի դեմ հակակշիռ: Սակայն այժմ, երբ տարածաշրջանային ուժերի բալանսը փոխվել է, Հայաստանը պետք է վերանայի իր դերը: Դանիելյանը նշում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հզորացումը Հայաստանի համար ստեղծում է լուրջ մարտահրավերներ, և առանց հստակ դերակատարության Հայաստանը կարող է կորցնել իր նշանակությունը:

Scroll to Top