Եթե կազմաքանդվեն հայ-ռուսական կապերը, ՌԴ-ի տեղը կզբաղեցնի Թուրքիան

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են ծայրահեղ լարված փուլում, և Հայաստանը կանգնած է արտաքին քաղաքական ուղղության փոփոխության շեմին։  Այս մասին նշել է Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ 

Նրա կարծիքով՝ եթե հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես կազմաքանդվեն, տարածաշրջանում առաջացած աշխարհաքաղաքական վակուումը երկար չի պահպանվի։ «Աշխարհաքաղաքական բաց չի մնում։ Ռուսաստանի տեղը այստեղ մտնելու է Թուրքիան»,– ասում է Բոզոյանը։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունը փորձում է այդ գործընթացը իրականացնել փուլային տարբերակով՝ հասարակության համար հնարավորինս քիչ ցավոտ դարձնելու նպատակով։ Մինչդեռ, նրա կարծիքով, Ռուսաստանը դեմ է նման մոտեցմանը և ցանկանում է ավելի հստակ հասկանալ Հայաստանի ընտրությունը։

Բոզոյանը կարծում է, որ վերջին ձերբակալությունները կարող են նաև օգտագործվել որպես քաղաքական «խաղաթուղթ» Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանափակ հնարավորություններ ունի ճնշում գործադրելու համար, մինչդեռ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա շատ ավելի մեծ է։

«Որպեսզի Փաշինյանը կարողանա առևտրի մեջ մտնել Պուտինի հետ, նա, թվում է, նաև այս ձերբակալությունները փորձում է այսպես ասած խաղաթուղթ դարձնել Պուտինի հետ բանակցություններում։ Սակայն ես կարծում եմ, որ ռուսական կողմը նման տիպի խաղի մեջ չի մտնի»,– ասում է նա։ Բոզոյանի կարծիքով՝ հենց այստեղ կարող է առաջանալ Հայաստանի իշխանության հիմնական խնդիրը, քանի որ Մոսկվան, ըստ նրա, առաջնորդվելու է ոչ թե նման քաղաքական ազդանշաններով, այլ իր համար առավել էական տնտեսական և աշխարհաքաղաքական շահերով։

«Եթե գնում եք դեպի ԵՄ, ապա ոչ մեր ռեսուրսների հաշվին»

Անդրադառնալով այն տեսակետին, թե Հայաստանը ստիպված է փոխել արտաքին քաղաքական ուղղությունը, քանի որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, Բոզոյանը պնդում է, որ Հայաստանում տարածված այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը պետք է դիտարկել նաև կառավարության 2026-2031 թվականների ծրագրի համատեքստում, որը, ըստ նրա, էապես տարբերվում է 2021 թվականի ծրագրից և ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերությունների աստիճանական վերանայման ուղղությունը։

Բոզոյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանի՝ դեպի Եվրամիություն հնարավոր շարժն իրականացվի ռուսական ռեսուրսների և գործող արտոնությունների հաշվին։ «Եթե դուք ուզում եք գնալ դեպի ԵՄ, ապա ոչ մեր ռեսուրսների հաշվին պետք է գնաք։ Դուք կկողմնորոշվեք։ Եթե դուք գնում եք դեպի ԵՄ, ուրեմն այն պրեֆերենցիաները, որ դուք ունեք՝ գազից սկսած մինչև ատոմային էներգիա, դուք չեք ունենալու»,– ասում է քաղաքագետը։

Միաժամանակ Բոզոյանը ընդունում է, որ Ռուսաստանն իր հերթին նույնպես սխալներ է թույլ տվել Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ քաղաքականության մեջ։ Սակայն, նրա կարծիքով, այդ սխալների պատճառներից մեկը Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության բնույթն է։ Նա նշում է, որ Արևմուտքը հետխորհրդային տարածքում ավելի արդյունավետ է կիրառել «փափուկ ուժի» գործիքները՝ օրինակ բերելով Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը։ Ռուսաստանի կողմից նման գործիքների սահմանափակ կիրառումը, ըստ նրա, հանգեցրել է մի շարք երկրներում Մոսկվայի դիրքերի թուլացմանը։ Սակայն Բոզոյանը կարծում է, որ Արևմուտքի ազդեցության ընդլայնումը դեռևս չի նշանակում այդ երկրների հաջողություն։

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը «ավանտյուրա» է

Քաղաքագետը հատկապես կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու հեռանկարը՝ այն համեմատելով Ուկրաինայի իրավիճակի հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեպքում եվրոպական ինտեգրման աշխարհագրական և քաղաքական նախադրյալներն անհամեմատ ավելի ակնհայտ էին։ Ուկրաինան անմիջական սահման ունի ԵՄ անդամ երկրների՝ Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի հետ։ Հայաստանի դեպքում, ըստ նրա, իրավիճակն արմատապես այլ է։ «Հայաստանի սահմանակից երկրներն են Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը։ Վրաստանը սառեցրել է իր անդամակցությունը Եվրամիությանը, Թուրքիան 60 տարի չի կարողանում դառնալ ԵՄ անդամ, Ադրբեջանի ծրագրի մեջ այդպիսի բան չկա, իսկ Իրանը մշակութային և քաղաքակրթական իմաստով շատ հեռու է ԵՄ-ից»,– նշում է Բոզոյանը։

Այս պայմաններում նա Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժը համարում է «մաքուր ավանտյուրա»՝ պնդելով, որ իշխանությունների ընտրած ուղղության իրական պատճառները առանձին քննարկման կարիք ունեն։ Միաժամանակ Բոզոյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ընթացող գործընթացների հետագա զարգացումը մեծապես կախված կլինի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցություններից։ 

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններն ավարտվեն առանց համաձայնության, չի բացառվում, որ Հայաստանում սկսված գործընթացները շարունակվեն։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top