Հանքարդյունաբերությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժը, սակայն ընդերքի շահագործումը շարունակում է հարցեր առաջացնել։ Որքա՞ն ակտիվ պետք է ուսումնասիրվի Հայաստանի ընդերքը, որտե՞ղ է անցնում տնտեսական զարգացման և բնության պահպանության սահմանը, և ինչպե՞ս խուսափել մի իրավիճակից, երբ նոր հանքավայրերի որոնման ու շահագործման տնտեսական օգուտը ստվերում է շրջակա միջավայրի և մարդկանց կյանքի որակի հարցերը։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում երկրաբանական հետախուզության ծավալների և մեթոդների շուրջ բանավեճը․ մինչդեռ ոլորտի ներկայացուցիչները խոսում են Հայաստանի չբացահայտված ներուժի և հետախուզական աշխատանքների անբավարարության մասին, միջազգային փորձագետները զգուշացնում են՝ սահմանափակ տարածք ունեցող երկրում կարևոր է ոչ թե զանգվածային հետախուզությունը, այլ ճիշտ տարածքների ընտրությունն ու ներդրումների արդյունավետ կազմակերպումը։
Պետք է ոչ միայն շահագործել գործող հանքերը, այլև հաստատել նոր պաշարներ
Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման հեռանկարների վերաբերյալ խոսելիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանջյանը նշում է, որ Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը երկրաբանական հետախուզության անբավարար ծավալներն են։ Նրա խոսքով՝ 2015 թվականի համեմատ Հայաստանում այդ աշխատանքների վրա կատարվող ծախսերը նվազել են մոտ 50%-ով։ Նա նաև ներկայացրել է տարբեր երկրների համեմատություն՝ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով երկրաբանական հետախուզության ծախսերի վերաբերյալ, որտեղ Հայաստանը վերջին տեղում է իր դիտարկած երկրների շարքում։
Ջհանջյանի խոսքով՝ Ավստրալիայում և Կանադայում վերջին տարիներին երկրաբանական հետախուզության ծախսերի աճ է գրանցվել, մինչդեռ Հայաստանում ընդհանուր միտումը հակառակն է։ Նա հղում է արել նաև Հայաստանի վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ երկրաբանական հետախուզության աշխատանքների վրա կատարվող տարեկան ծախսերը բավարար չեն երկրի ներուժը բացահայտելու համար։ Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանը ցանկանում է մասնակցել կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայի աճին, պետք է ոչ միայն շահագործի արդեն գործող հանքերը, այլև ավելի ակտիվորեն ուսումնասիրի ընդերքը և հաստատի նոր պաշարներ։
Ջհանջյանը նշեց, որ Հայաստանի տարածքի ընդամենը 43 քառակուսի կիլոմետրն է զբաղեցված հանքարդյունաբերական ենթակառուցվածքներով, ինչը կազմում է երկրի տարածքի մոտ 0.15%-ը։ Միաժամանակ, նրա խոսքով, ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 5.1%-ը։ Այս համեմատությունը Ջհանջյանն օգտագործել է ցույց տալու համար, որ հանքարդյունաբերության տնտեսական կշիռը մեծ է՝ զբաղեցրած տարածքի համեմատ։ Նա նաև նշել է, որ գյուղատնտեսությունը զբաղեցնում է երկրի տարածքի մոտ 60%-ը և ապահովում ՀՆԱ-ի շուրջ 7.9%-ը։
Զանգվածային հետախուզությո՞ւն, թե՞ ընտրված ներդրողներ
Haller Lomax-ի գործընկեր Թիմուր Օդիլովի գնահատմամբ, այս հարցում կարևոր դեր է խաղում երկրի տարածքը։ Ըստ նրա՝ երկրաբանական հետախուզության կազմակերպման մոդելն ընտրելիս այս գործոնը պետք է հաշվի առնվի։
Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է մեխանիկորեն կիրառի այն երկրների փորձը, որոնք ունեն հսկայական տարածքներ և կարող են թույլ տալ զանգվածային երկրաբանական հետախուզություն։ Փոխարենը՝ անհրաժեշտ է ներգրավել որակավորված փոքր ու միջին ընկերությունների։
Օդիլովի խոսքով՝ այդ ընկերությունների ընտրության համար անհրաժեշտ է ստեղծել հստակ մեխանիզմ։ Նա խնդիր է համարել լիցենզիաների տրամադրման «առաջինը եկավ՝ առաջինը ստացավ» սկզբունքի կիրառման ընթացակարգերի ոչ բավարար հստակությունը։ Նրա գնահատմամբ՝ թափանցիկ և կանխատեսելի կանոնների բացակայությունը կարող է խոչընդոտել ներդրումների ներգրավմանը։
Նա նաև կարևորել է լիցենզավորված տարածքների շրջանառության կարգավորումը։ Եթե ընկերությունը մի քանի տարի ուսումնասիրում է տարածքը, բայց արդյունքի չի հասնում, պետք է գործարկվի այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա տարածքը վերադարձնել և տրամադրել մեկ այլ ներդրողի։
Պետությունը պետք է վերահսկի աշխատանքնե՞րը, թե՞ ներդրումները
Օդիլովը, նաև ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պետությունը ևս չպետք է հետախուզության անմիջական իրականացնողը լինի։ Նա զգուշացրել է, որ եթե պետական երկրաբանական ծառայությունը վերածվի երկրաբանական հետախուզություն իրականացնող օպերատորի, կարող է առաջանալ ծախսերը շարունակաբար կատարելու, բայց հստակ արդյունք չապահովելու շահագրգռվածություն։ Օդիլովի խոսքով՝ սա այն վտանգներից է, որից պետք է խուսափել պետական երկրաբանական ծառայություն ստեղծելիս։
Նրա խոսքով՝ պետությունը չպետք է նաև միջամտի մասնավոր ընկերությունների տեխնիկական աշխատանքներին՝ վերահսկելով, թե քանի մետր հորատում է իրականացվել կամ ինչ ծավալի աշխատանք է կատարվել։ Փոխարենը՝ կարգավորող մարմինը պետք է վերահսկի ներդրումային պարտավորությունների կատարումը։
Օդիլովը նշել է, որ որոշ երկրներում ընկերությունների համար սահմանվում են նվազագույն ծախսային պարտավորություններ։ Նրա ներկայացմամբ՝ այս մոտեցումը կիրառվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան և Ղազախստանը։
Ինստիտուցիոնալ բացը
Հայաստանի ընդերքի շահագործումը, անկասկած, կարող է դառնալ տնտեսական աճի լուրջ գործոն։ Առկա տվյալները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերությունը համեմատաբար փոքր տարածք զբաղեցնելով՝ նշանակալի ներդրում է ունենում ՀՆԱ-ում։ Սակայն փոքր տարածք ունեցող երկրում զանգվածային հետախուզումը և նոր հանքավայրերի արագ շահագործումը չեն կարող լինել միակ ճանապարհը։ Ավելի կարևոր է ընտրել այնպիսի մոդել, որտեղ ներդրումները ուղղվում են առավելագույնս խոստումնալից և նվազագույն բնապահպանական ռիսկերով տարածքներ։ Լիցենզավորման թափանցիկ կանոնները, ներդրումային պարտավորությունների խիստ վերահսկողությունը և չօգտագործվող տարածքների վերադարձի մեխանիզմները անհրաժեշտ են, բայց դրանք բավարար չեն։
Բնապահպանական հարցերը չեն կարող մնալ երկրորդական։ Հայաստանի սահմանափակ ջրային և հողային ռեսուրսները, լեռնային էկոհամակարգերի խոցելիությունը և բնակչության կյանքի որակի հարցերը պահանջում են, որ ցանկացած նոր նախագիծ գնահատվի ոչ միայն տնտեսական արդյունավետությամբ, այլև երկարաժամկետ բնապահպանական ազդեցությամբ։ Անհրաժեշտ են անկախ բնապահպանական գնահատումներ, խիստ մշտադիտարկում, ջրի և հողի աղտոտման կանխարգելման ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև տեղական համայնքների իրական մասնակցություն որոշումների կայացմանը։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը չպետք է կրի ձևական բնույթ։
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այն իրավիճակից, երբ տնտեսական օգուտը ստվերում է բնության և մարդկանց առողջության հարցերը։ Հայաստանի ընդերքի ներուժը պետք է բացահայտվի, բայց ոչ թե ամեն գնով, այլ պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներով։

