ԱԽ քաղաքական վերափոխումը․ Կա ներքաղաքական օրակարգի ներթափանցման ռիսկ

Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորման այս բարդ փուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց անսպասելի քայլի՝ փոխեց  անվտանգության կառավարման առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարությունը՝ ԱԽ քարտուղարին։ Այս պաշտոնը 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր զբաղեցնում էր Արմեն Գրիգորյանը, այժմ այս կարևոր գործառույթները վստահվեցին  ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս փոփողությունը և ի՞նչ սպասել նորանշանակ ԱԽՔ-ից։ 

Անվտանգության խորհուրդը՝ ձևական կառույցից քաղաքական աշխատանքի կենտրոն

Փորձագետ Դավիթ Պետրոսյանի գնահատմամբ՝ մինչ 2018 թվականը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը հաճախ ընկալվում էր որպես քաղաքական նշանակման տեղ, որտեղ կարող էին հայտնվել մարդիկ, որոնք արդեն ավարտել էին իրենց հիմնական պետական կամ քաղաքական աշխատանքը և որոնց անհրաժեշտ էր նոր պաշտոն տրամադրել։ 2018 թվականից հետո, փորձագետի խոսքով, իրավիճակը փոխվեց։

Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը, Պետրոսյանի գնահատմամբ, կարևոր դեր է ունեցել Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացում։ Սա հատկապես էական է այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը փորձում էր դուրս գալ արտաքին քաղաքականության այն կառուցվածքից, որտեղ գերակշռում էին Ռուսաստանի հետ հարաբերություններն ու ռուսական հարթակները։

ԱԽ գրասենյակը սկսեց ստեղծել այլընտրանքային հարթակներ՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։ Սկզբնական շրջանում շատերը չէին հավատում, որ այդ քաղաքականությունը կարող է գործնական արդյունք տալ, սակայն, ըստ Պետրոսյանի, գործընթացը աշխատեց։ Հետագայում այդ ուղղություններից շատերը տեղափոխվեցին Արտաքին գործերի նախարարության համակարգման ներքո, սակայն դրանց մեկնարկը տրվել էր հենց Անվտանգության խորհրդի գրասենյակում, ասաց Պետրոսյանը։

Այդ պատճառով, նրա գնահատմամբ, այսօր կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու ոչ միայն Անվտանգության խորհրդի ղեկավարության, այլև այդ ամբողջ աշխատանքային համակարգի հետ։

Գլխավոր վտանգը՝ արտաքին քաղաքականության ներքաղաքականացում

Պետրոսյանի համոզմամբ՝ Արմեն Գրիգորյանի հեռացումը և Ալեն Սիմոնյանի նշանակումը պետք չէ դիտարկել մասնագիտական աշխատանքի նկատմամբ դժգոհության կամ դրա արդյունավետության գնահատականի համատեքստում։ Նրա կարծիքով՝ սա առաջին հերթին քաղաքական փոփոխություն է։ Եվ հենց այդ հանգամանքն է ստեղծում հիմնական ռիսկը, նշում է նա։

Պետրոսյանը խնդրահարույց է համարում այն հնարավոր զարգացումը, որի դեպքում արտաքին քաղաքականությունը կարող է սկսել ավելի մեծ չափով պայմանավորվել ներքաղաքական գործընթացներով։

Եթե Անվտանգության խորհրդի գրասենյակը նախկինում հիմնականում կենտրոնացած էր արտաքին քաղաքականության, անվտանգության և ռազմավարությունների մշակման վրա՝ պահպանելով որոշակի մասնագիտական ու ինստիտուցիոնալ հեռավորություն ներքաղաքական բանավեճերից, ապա դրա քաղաքական բնույթի փոփոխությունը կարող է փոխել նաև կառույցի գործելակերպը։

Այստեղ, ըստ փորձագետի, առաջանում է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև ուղղակի պետական անվտանգության խնդիր։

Արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման ընթացքում իշխանության ներսում պետք է պահպանվեն տարբեր կարծիքների, քննադատական գնահատականների և այլընտրանքային սցենարների ներկայացման հնարավորությունները։ Եթե այդ մեխանիզմները թուլանան, որոշումների կայացումը կարող է դառնալ ավելի միակենտրոն։

Իսկ միակենտրոն որոշումների կայացման դեպքում նվազում է այն հավանականությունը, որ նույն հարցը կքննարկվի տարբեր մասնագիտական և քաղաքական տեսանկյուններից։

Սա կարող է նշանակել, որ որոշումների կայացման ընթացքում ոչ բավարար չափով կդիտարկվեն այլընտրանքային տարբերակները, իսկ հնարավոր ռիսկերը չեն գնահատվի ամբողջ խորությամբ։

Երբ անվտանգության կառույցը կարող է ներքաղաքական գործիք դառնալ

Այս փոփոխության ամենազգայուն կողմը հենց այստեղ է։

Անվտանգության խորհրդի նման կառույցի ներգրավումը ներքաղաքական օրակարգերի մեջ վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ կարող է փոխվել կառույցի աշխատանքային մշակույթը։ Խնդիրը շատ ավելի խորն է․ եթե անվտանգության քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտը սկսի ավելի անմիջականորեն ներգրավվել ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ, ապա կարող է խախտվել պետական անվտանգության և կուսակցական-քաղաքական շահերի միջև անհրաժեշտ սահմանը։

Անվտանգության կառույցը պետք է գնահատի պետության առջև կանգնած ռիսկերը՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ինչ ներքաղաքական խնդիր է լուծում իշխանությունը։ Հակառակ դեպքում արտաքին քաղաքականության ցանկացած որոշում կարող է սկսել դիտարկվել ոչ միայն պետական շահի, այլև իշխանության ներքաղաքական հաշվարկների տեսանկյունից։

Այդ դեպքում վտանգվում է նաև քննադատական ինստիտուցիոնալ միջավայրը։ Եթե պետական համակարգի ներսում տարբեր կառույցներ այլևս չեն ներկայացնում միմյանց հակակշռող գնահատականներ, այլ հիմնականում համադրվում են նույն քաղաքական տրամաբանության շուրջ, ապա իշխանության ներսում ձևավորվում է համաձայնության պատրանք։

Բոլորը կարող են համաձայն լինել նույն օրակարգի հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ օրակարգի բոլոր ռիսկերը գնահատված են։

Հենց այս պատճառով Պետրոսյանի մատնանշած միակենտրոնացման ռիսկը պետք է դիտարկել ոչ թե որպես սովորական կադրային փոփոխության հնարավոր հետևանք, այլ որպես պետական որոշումների որակի և անվտանգության կառավարման խնդիր։

Որոշումների կենտրոնացումը կարող է նվազեցնել այլընտրանքների դերը

Մինչև այժմ արտաքին քաղաքականության վերաբերյալ կարևոր որոշումները քննարկվել են տարբեր հարթակներում՝ վարչապետի աշխատակազմում, Արտաքին գործերի նախարարությունում և Անվտանգության խորհրդում։

Այս բազմակենտրոնությունը, նույնիսկ եթե միշտ չէ, որ ապահովել է համաձայնություն, առնվազն հնարավորություն է տվել նույն խնդրին նայել տարբեր դիրքերից։

Եթե այդ համակարգում Անվտանգության խորհուրդը կորցնի իր մասնագիտական ինքնուրույնությունը և ավելի սերտորեն ինտեգրվի ներքաղաքական որոշումների տրամաբանությանը, կարող է առաջանալ հակառակ գործընթաց՝ որոշումների կայացման կենտրոնացում մեկ քաղաքական ուղղության շուրջ։

Այդ դեպքում խնդիրը պարզապես այն չէ, որ որևէ այլընտրանքային կարծիք կարող է չընդունվել։ Ավելի վտանգավոր է այն, որ այդ կարծիքը կարող է ընդհանրապես չձևակերպվել կամ չհասնել որոշում կայացնող մակարդակին։

Այսինքն՝ պետության համար վտանգավոր սցենարը ոչ միայն սխալ որոշումն է, այլև այն իրավիճակը, երբ որոշումից առաջ այլընտրանքային սցենարները լիարժեք չեն ուսումնասիրվում։

Դրա հետևանքով արտաքին քաղաքականության ռիսկերը կարող են գնահատվել ոչ ամբողջական, իսկ որոշումների հետևանքները՝ կանխատեսվել սահմանափակ շրջանակում։

Հայաստանի արտաքին վերադասավորման փուլում սա առավել զգայուն է

Այս ամենը տեղի է ունենում հատկապես զգայուն ժամանակահատվածում։

Հայաստանը միաժամանակ վերանայում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնում է արևմտյան գործընկերների հետ համագործակցությունը, փորձում է նոր տնտեսական և տարածաշրջանային հնարավորություններ ստեղծել և վերաձևավորել իր անվտանգության համակարգը։

Այսպիսի փուլում արտաքին քաղաքականությունը պահանջում է ոչ թե ավելի քիչ, այլ ավելի շատ մասնագիտական հակադրություն, տարբեր սցենարների քննարկում և ռիսկերի բազմակողմանի գնահատում։

Այդ պատճառով Անվտանգության խորհրդի ներսում քննադատական մտածողության նվազումը կարող է ունենալ շատ ավելի լայն հետևանքներ, քան առանձին պետական կառույցի աշխատանքի փոփոխությունը։

Եթե նախկինում ԱԽ գրասենյակը հանդես էր գալիս որպես այնպիսի հարթակ, որտեղ մշակվում էին արտաքին քաղաքականության և անվտանգության ռազմավարական ուղղություններ, ապա այժմ առանցքային հարց է դառնում՝ պահպանվելո՞ւ է արդյոք այդ դերակատարումը, թե՞ կառույցը աստիճանաբար ձեռք է բերելու առավել ընդգծված քաղաքական գործառույթ։

Այս հարցի պատասխանը որոշելու է ոչ միայն Անվտանգության խորհրդի հետագա աշխատանքը, այլև այն, թե որքանով Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը կշարունակի հիմնվել ինստիտուցիոնալ քննարկումների, մասնագիտական գնահատականների և տարբերակների համադրման վրա։

Որովհետև անվտանգության կառույցի ամենամեծ վտանգը միայն սխալ որոշումը չէ։ Ավելի մեծ վտանգ է այն համակարգը, որտեղ սխալ որոշմանն այլընտրանքային կարծիք այլևս չի հասնում։

Եվ եթե Անվտանգության խորհուրդը, որը վերջին տարիներին ձևավորվել էր որպես արտաքին ու անվտանգային քաղաքականության մասնագիտական կենտրոն, սկսի ներգրավվել ներքաղաքական գործընթացների տրամաբանության մեջ, ապա վտանգը վերաբերում է արդեն ոչ թե մեկ պաշտոնյայի կամ մեկ նշանակման, այլ պետական անվտանգության որոշումների կայացման ամբողջ համակարգին։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top