«Ցածր լեգիտիմություն ունեցող կառավարությունն ուզում է իր ա

«Հայաստանն այսօր վերադարձել է այն վիճակին, որը ձևավորվել էր 1992-ից մինչև 2018 թվականը։ Իշխանության ղեկին կանգնած է մի էլիտա, որն ունի ցածր հասարակական լեգիտիմություն», – ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ստեղծված լարվածությանը։
Նրա խոսքով՝ Եկեղեցին թերևս միակ հաստատությունն է, որ 2018 թվականի իրադարձություններից հետո չի անցել նոր իշխանությունների ենթակայության տակ։ Հեղափոխությունից հետո՝ գործադիր, ապա օրենսդիր, ապա նաև դատական իշխանությունները, իրավապահ մարմիններն ու բանակը, աստիճանաբար անցել են նոր ղեկավարության վերահսկողության ներքո։ Այս համակարգերը համալրվել են նոր կադրերով՝ կենսագրությամբ և մտածելակերպով համապատասխանող մարդկանցով։ Դա բնական գործընթաց է իշխանափոխությունից հետո։ Սակայն Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր ինքնավար և յուրահատուկ բնույթով, դուրս է մնացել այդ գործընթացից։

Իսկանդարյանը հիշեցնում է, որ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձերը սկսվել են դեռ 2018 թվականից։ Արդեն այն ժամանակ կային կաթողիկոսին փոխելու կոչեր, գրավվում էին եկեղեցական շենքեր, հնչում էր կոշտ ու երբեմն ագրեսիվ հռետորաբանություն։ Թեև այն ժամանակ այդ ամենն այնքան վուլգար չէր, որքան հիմա է, բայց բովանդակության առումով քիչ բան է փոխվել։

«2018-ից հետո իշխանության եկած խմբի համար, ըստ երևույթին, նման հաստատությունները օտար են։ Հայ Առաքելական Եկեղեցին երբեք պարզապես կրոնական կառույց չի եղել. այն եղել ու մնում է մեր մշակութային և քաղաքական ինքնության կարևոր բաղադրիչ։ Բայց նոր իշխանությունների համար պատմական հիշողությունն ու ինքնությունը, կարծես թե, արժեք չեն ներկայացնում։ Ուստի սկզբից ի վեր Եկեղեցին ընկալվել է որպես մրցակից», – նշում է քաղաքագետը։

Նա շեշտում է, որ հակամարտության հիմքում հայեցակարգային բախում է։ Քաղաքացու՝ որպես բացառապես տնտեսական միավորի գաղափարը՝ «աշխատում է, հարկեր է վճարում ու ուտում», հակասում է այն մոդելին, որտեղ ազգային ինքնությունը ձևավորվում է նաև հոգևոր-մշակութային տարրերի միջոցով։ Այս առճակատումն իշխանությունների և Եկեղեցու միջև կրում է ոչ թե իրավիճակային, այլ խորքային բնույթ և ձևավորվել է դեռ հետհեղափոխական ժամանակաշրջանի մեկնարկին։

Այսօր, երբ մոտենում են ընտրությունները, կառավարության վարկանիշը անկում է ապրում, իսկ ընդդիմությունն ինստիտուցիոնալ առումով թուլացած է, իշխանությունը չի զգում վտանգ ո՛չ ձախից, ո՛չ աջից։ Իսկանդարյանի խոսքով՝ սա հիշեցնում է 1992-2018 թվականների համակարգը, երբ երկրում կառավարում էին հանրային վստահության ցածր մակարդակ ունեցող գործիչներ։ 2018-ին իրավիճակն այլ էր՝ նոր իշխանությունները հենվում էին լայն հանրային աջակցություն ունեցող մանդատի վրա։ Բայց ժամանակի ընթացքում այդ մանդատը նվազեց, և երկիրը վերադարձավ հին մոդելին՝ թույլ իշխանություն, թույլ ընդդիմություն։

«Համակարգը աշխատում է ֆորմալ՝ սահմանադրական գործիքների շնորհիվ, որոնք թույլ են տալիս որոշումների կայացման ամբողջ գործընթացը կենտրոնացնել իշխանությունների ձեռքում՝ անտեսելով թուլացած ու մասնատված ընդդիմությանը։ Առաջին հայացքից կարծես թե անհանգստանալու բան չկա։ Բայց հենց նման պայմաններում են կարողանում անսպասելիորեն ծագել 2018-ի նման իրադարձություններ։ Իսկ իշխանություններն այժմ ձգտում են վերահսկել այն ամենը, ինչ դեռ մնում է իրենց վերահսկողությունից դուրս։ Առաջին հերթին՝ Եկեղեցին։ Վերջին հայտարարությունները վկայում են ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու ազդեցությունը սահմանափակելու փորձերի մասին, այլև՝ նրա ղեկավարությանը փոխարինելու ձգտման», – եզրափակում է Իսկանդարյանը։

Scroll to Top