Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները այնքան էլ հստակ չեն։ Այս մասին նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Ըստ նրա՝ շատերը խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը ընկալեցին որպես նշանակալի առաջընթաց և դիվանագիտական նվաճում։ Սակայն, ըստ էության, կողմերը պատրաստ էին այս քայլին դեռևս ԱՄՆ-ում հանդիպումից առաջ։ Նախաստորագրման հարցը ակտիվորեն քննարկվում էր Աբու Դաբիում, և գործընթացն ինքնին կարող էր տեղի ունենալ հոնց այնտեղ։
Վաշինգտոնում կայացած հանդիպման հիմնական նշանակությունն այն էր, որ փաստաթուղթը նախաստորագրվեց աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի մայրաքաղաքում և ԱՄՆ նախագահի ներկայությամբ։ Սա կարելի է դիտարկել որպես մի տեսակ «թեթև» անվտանգության երաշխիք՝ խաղաղության պայմանագրի տեքստի հետ համաձայնության արձանագրում բարձր միջազգային մակարդակով։
Երկրորդ կարևոր իրադարձությունը Մինսկի խումբը լուծարելու մասին փաստաթղթի ստորագրումն էր։
«Հայաստանը սկզբունքային առարկություններ չուներ այդ հարցի շուրջ, բայց պնդում էր, որ դա պետք է արվի խաղաղության պայմանագրի ստորագրման օրը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանը հետքայլ արեց. համաձայնագիրը չի ստորագրվել և, հավանաբար, մոտ ապագայում չի ստորագրվի, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին փաստաթուղթը », — նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի, Թրամփի և Ալիևի կողմից ստորագրված եռակողմ հռչակագրին, Գրիգորյանը ընդգծեց, որ փաստաթղթի երկու հիմնական կետերը ուղղակիորեն կապված են հաղորդակցությունների ապաշրջափակման հետ։
«Եթե համեմատենք ներկայիս իրավիճակը նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հետ, կա որոշակի առաջընթաց. ամրագրվել են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները։ Միաժամանակ, պահպանվել է անխոչընդոտ տեղաշարժի մասին դրույթը։ Չնայած որոշ առաջընթացի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ կար որոշակի համաչափություն՝ կար Արցախը և Լաչինի միջանցքը։ Հիմա, ամենավատ սցենարի իրագործման դեպքում, սա կարող է վերածվել միակողմանի զիջման, քանի որ համաչափություն չկա։ Բացի այդ, ներկայիս փաստաթղթում փոխադարձության սկզբունքը տրված է լղոզված ձևակերպոըմներով․ այն ուղղակիորեն չի հիշատակվում, փոխարենը խոսվում է միայն «փոխադարձ առավելությունների» մասին, որոնց իմաստը մնում է անորոշ», — նշում է Գրիգորյանը։

