Դիվանագիտությունից՝  ծովային բախում. ինչո՞ւ ձախողվեցին ԱՄՆ-ԻԻՀ բանակցությունները

Դիվանագիտությունից՝  ծովային բախում. ինչո՞ւ ձախողվեցին ԱՄՆ-ԻԻՀ բանակցությունները

Իսլամաբադում իրանա-ամերիկյան բանակցությունները ձախողվել են՝ կողմերը միմյանց մեղադրում են, հնչում են ռազմական սպառնալիքներ, Հորմուզի նեղուցը կրկին ուշադրության կենտրոնում է: Կլինի՞ նոր բախում, թե դեռ դիվանագիտական ելք կա: Այս մասին իր կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան, իրանագետ Դավիթ Կարապետյանը:

Էսկալացիան տեղափոխվում է ծով

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը տարածաշրջանը մտցնում է լարվածության նոր փուլ, որտեղ հակամարտությունը կարող է դուրս գալ դիվանագիտական հարթությունից։

«Եթե մինչ այս հիմնական շեշտը դրված էր բանակցությունների վրա, ապա այժմ մենք տեսնում ենք, որ զարգացումները կարող են տեղափոխվել ռազմական հարթություն՝ հատկապես ծովային ուղղությամբ», — եզրափակում է վերլուծաբանը։

Վերլուծաբանի խոսքով՝ Իսլամաբադում ընթացած բանակցությունները փաստացի տապալվել են, իսկ դիվանագիտական ջանքերը այս պահին «գրեթե բացակայում են»։

«Ամբողջ դիվանագիտական գործընթացը, կարելի է ասել, հոտս ցնդեց», — նշում է նա՝ ընդգծելով, որ կողմերի միջև որևէ կոնսենսուս չի ձևավորվել։

Վաշինգտոնի պահանջները

Նրա ներկայացմամբ՝ ԱՄՆ-ի կողմից ներկայացված պահանջները եղել են կոշտ և բազմաշերտ։ Մասնավորապես, Վաշինգտոնի համար «կարմիր գիծ» էր ինչպես Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը, այնպես էլ Իրանի կողմից ուրանի հարստացումը։

Կարապետյանի խոսքով՝ ԱՄՆ-ը պահանջել է, որպեսզի Իրանը դուրս բերի ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանը երկրի տարածքից, ինչպես նաև դադարեցնի և նույնիսկ վերացնի իր միջուկային օբյեկտների գործունեությունը։

«Խոսքը գնում էր ոչ միայն սահմանափակման, այլ նաև ամբողջական լիկվիդացիայի մասին», — ընդգծում է վերլուծաբանը։

Սակայն, նրա գնահատմամբ, այս երեք հիմնական պահանջներից ոչ մեկը չի բավարարվել, ինչը դարձել է բանակցությունների ձախողման առանցքային պատճառը։

Իրանի հակադարձ դիրքորոշումը

Իրանական կողմը ևս ունեցել է իր նախապայմանները։ Ինչպես նշում է Կարապետյանը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությանը, Թեհրանը ակնկալում էր, որ տարածաշրջանում իր դաշնակիցների դեմ ռազմական գործողություններ չեն իրականացվի։

«Պայմանավորվածություններից մեկը այն էր, որ նման սցենարներ, օրինակ՝ լիբանանյան ուղղությամբ, չեն կրկնվի», — ասում է նա։

Բացի այդ, Իրանը պահանջում էր նաև սառեցված ակտիվների ապաշրջափակում, որը, ըստ վերլուծաբանի, նույնպես չի իրականացվել։

«ԱՄՆ-ը առաջարկում էր մոտ 6 միլիարդ դոլարի սահմանափակ աջակցություն՝ միջնորդների միջոցով, սակայն դա ավելի շատ “խայծ” էր, քան իրական լուծում», — նշում է Կարապետյանը։

Վերլուծաբանը ընդգծում է, որ բանակցությունների հիմնական խնդիրը եղել է փոխադարձ անվստահությունն ու պահանջների անհամատեղելիությունը։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top