Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացման գործընթացին։ Հայտարարության մեջ մտահոգություն է արտահայտվել այն առնչությամբ, որ Երևանը ակտիվացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ, և նշվել է, որ նման զարգացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների վրա: Իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Տնտեսական գործոնը՝ որպես հարաբերությունների առանցք
Նրա գնահատմամբ՝ 2022 թվականից սկսած հայ–ռուսական հարաբերություններում գերակայող է դարձել տնտեսական գործոնը։ Եթե նախկինում հարաբերությունների առանցքում հիմնականում ռազմաքաղաքական բաղադրիչն էր, և Հայաստանը որոշակի ակնկալիքներ ու հույսեր էր կապում Ռուսաստանի հետ այդ ոլորտում, ապա 2022 թվականի էսկալացիայից և Արցախի հայաթափումից հետո հարաբերություններում սկսվեց խոր ճգնաժամ։
Նրա խոսքով՝ այդ փուլից հետո Հայաստանը փաստացի սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը հասցվել է մինիմալի։ Որպես օրինակ նա հիշեցնում է, որ վերջին տարիներին հայ–ռուսական համատեղ զորավարժություններ չեն անցկացվել, մինչդեռ մինչև 2020 թվականը դրանք իրականացվում էին տարեկան պարբերականությամբ։
Փոխադարձ կախվածության նոր մոդել
Գրիգորյանը նշում է, որ տնտեսական գործոնի կարևորության աճը պայմանավորված է նաև Ռուսաստանի ներկայիս իրավիճակով։ Արևմտյան պատժամիջոցների պայմաններում Մոսկվան վերջին տարիներին փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին առևտուրը, և այդ համատեքստում անգամ Հայաստանի նման փոքր երկրները որոշակի կարևորություն են ստացել Ռուսաստանի համար։
Եթե նախկինում տնտեսական կախվածությունը հիմնականում միակողմանի էր, ապա այժմ, ըստ քաղաքագետի, կարելի է խոսել փոխադարձության մասին։ Հայաստանը շարունակում է ունենալ Ռուսաստանի կարիքը՝ որպես մեծ շուկայի և առևտրային գործընկերոջ, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանն էլ ունի Հայաստանի կարիքը՝ որպես օղակ այլ երկրների հետ առևտուրը պահպանելու և դիվերսիֆիկացնելու համար։ Այս առումով, Գրիգորյանի խոսքով, տնտեսական տեսանկյունից ավելի կարևոր են դարձել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի երկրները։
ԵԱՏՄ-ն՝ Մոսկվայի կարմիր գիծը
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի արձագանքների կոշտությունն էապես տարբեր է՝ կախված ոլորտից։ Ռազմաքաղաքական տիրույթում, մասնավորապես ՀԱՊԿ-ի հարցում, թեև հնչում են դժգոհություններ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ, սակայն առանձնապես ակտիվ ճնշումներ չեն նկատվում։ Ըստ Գրիգորյանի՝ կողմերը կարծես հարմարվել են առկա ստատուս քվոյին, երբ Հայաստանը ֆորմալ առումով չի լքում կազմակերպությունը, բայց միաժամանակ ակտիվորեն չի մասնակցում դրա գործունեությանը։
Սակայն տնտեսական ինտեգրման հարցերում, հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում, Ռուսաստանի արձագանքը շատ ավելի զգայուն և ակտիվ է։ Գրիգորյանը նշում է, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը դժվար թե լքի ԵԱՏՄ-ն, ինչպես նաև դժվար է պատկերացնել Հայաստանի լիարժեք անդամակցությունը Եվրոպական միությանը։
Նա ուշադրություն է դարձնում նաև այն փոփոխություններին, որոնք վերջին շրջանում նկատվում են Հայաստանի իշխանությունների խոսույթում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է ոչ թե ԵՄ անդամակցության, այլ եվրոպական չափանիշներին մոտենալու գործընթացի կարևորության մասին՝ ընդունելով, որ անդամակցությունը երկրորդական հարց է։ Սա, ըստ քաղաքագետի, գալիս է այն գիտակցումից, որ Հայաստանի համար ԵՄ անդամակցության իրատեսական օրակարգ ներկայում գոյություն չունի։
Այնուամենայնիվ, Գրիգորյանի կարծիքով, հենց այս հարցերում է, որ Մոսկվան փորձում է հստակ ազդակներ հղել Երևանին՝ ակնարկելով, որ Եվրասիական տնտեսական միության կամ ավելի լայն աշխարհաքաղաքական ուղղության փոփոխության դեպքում հետևանքները կարող են լինել շատ ավելի կոշտ, քան այսօր։

