Վաշինգտոն-Պեկին-Տոկիո. Ռազմավարություն, թե՞ դիվանագիտության իմիտացիա

Գազայից հետո՝ Իրանի ճակատ. նոր մարտահրավերներ Հայաստանի համար

Տարածաշրջանային լարվածության այս պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունը կանգնած է բարդ ու խոցելի իրավիճակում։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ Իսրայելի և Համասի միջև Շարմ էլ Շեյխում ԱՄՆ, Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ վերսկսված բանակցությունները, տարբերվում են նախորդներից իրենց մասշտաբով և ներգրավված միջազգային գործոններով։

Հայաստանը, որպես փոքր երկիր, պետք է հաշվի առնի այս գլոբալ փոփոխությունները, փորձի պահպանել հավասարակշռությունը՝ առանց սեփական շահերը զիջելու, և գտնի իր ուրույն տեղը նոր աշխարհաքաղաքական դաշտում։

Պաղեստինի ճանաչումը` դիվանագիտական ռազմավարություն

Ըստ փորձագետ Արմեն Պետրոսյանի՝  Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը կարևոր դիվանագիտական քայլ էր, որը պայմանավորված էր երկու հիմնական գործոնով: 

«Հայաստանի դիրքավորումը տվյալ դեպքում Պաղեստինը ճանաչելու հետ կապված երկու հիմնական գործոնով էր պայմանավորված: Նախ, այդ ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ճանաչեց, եթե չեմ սխալվում, էլի երեք-չորս եվրոպական երկրներ ճանաչեցին, Իսլանդիա, Իսպանիա, եթե չեմ սխալվում, չորս երկրներ ճանաչեցին, այսինքն՝ այդ ժամանակ փորձ էր արվում Իսրայելի վրա համակողմանի ճնշում գործադրել, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները», — նշում է նա: 

Այս ճանաչումը համահունչ էր միջազգային ջանքերին՝ ուղղված Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանը: Բացի այդ, այն նպաստում էր Հայաստանի դրական կերպարի ամրապնդմանը իսլամական աշխարհում, հատկապես այն պայմաններում, երբ Թուրքիան և Ադրբեջանը 1990-ականներից սկսած Իսլամական համագործակցության կազմակերպությունում Հայաստանը ներկայացրել են որպես ագրեսոր և իսլամական մշակույթը վնասող երկիր:

Այս ճանաչումը Հայաստանի համար դարձավ «շատ լավ հնարավորություն, և երևի թե ավելի հարմար պահ չէր էլ կարող լինել՝ հակակշռելու Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչությանը և ամրապնդելու իր դիրքերը միջազգային ասպարեզում< համոզված է փորձագետը:

Իրանի դեմ սպառնալիքները և Հայաստանի մտահոգությունները

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների հաջող ավարտը կարող է փոխել տարածաշրջանային դինամիկան: Պետրոսյանը  նշում է․ 

«Եթե գործարքը կայանում է, վստահաբար Իսրայելի ամբողջ ուշադրությունը և էներգիան կենտրոնանալու է Իրանի դեմ: Այսինքն՝ սա որոշակի առողջ մտահոգություն է»: 

Իրանի դեմ սպառնալիքները կապված են միջուկային համաձայնագրի ձախողմամբ, քանի որ եվրոպական եռյակն էլ հրաժարվեց, այսինքն՝ միջուկային համաձայնագրից, և փաստացի Իրանի միջուկային համաձայնագիրը այլևս չի գործում, և միջուկային ծրագրի կանխման հետ կապված հնարավոր է նաև ռազմական սցենարներ, հավելում է նա: 

Իսրայելը, օգտվելով համաշխարհային անորոշություններից, կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, ինչը լուրջ մտահոգություն է Հայաստանի համար՝ հաշվի առնելով Իրանի հետ սերտ սահմանային և տնտեսական կապերը:

Այս համատեքստում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման կանխատեսումը, ինչպես նաև Իսրայելի և Ադրբեջանի ավելի ակտիվ համագործակցությունը, ստեղծում են լրացուցիչ ռիսկեր: Իսրայելը, հետապնդելով իր ռազմավարական շահերը առաջնահերթություն է տալու Ադրբեջանի հետ կապերին, մասնավորապես էներգակիրների մատակարարման և ռազմական համագործակցության ոլորտներում:

Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Այդուհանդերձ, Հայաստանի համար Իսրայելի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են, չնայած բարդություններին, որոնք առաջանում են Իսրայելի սերտ կապերից Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կարծում է փորձագետը: 

«Իսրայելը այս տարածաշրջանում ամրապնդվելու է: Այս պատճառով  Հայաստանի համար Իսրայելի հետ հարաբերությունները չափազանց ևս կարևոր են»,  — նշում է նա: 

Բացի այդ, Երուսաղեմում հայկական համայնքի ներկայությունը, ներառյալ հայկական թաղամասը, պահանջում է ակտիվ դիվանագիտություն՝ պաշտպանելու հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, հատկապես ծայրահեղական խմբերի ճնշումների ֆոնին:

Այս իրավիճակում Հայաստանը պետք է ակտիվացնի շփումները Իսրայելի հետ՝ օգտագործելով սեփական ռեսուրսները, ներառյալ հայկական սփյուռքը․

«Հայաստանի նորանշանակ դեսպանը հրեական սփյուռքի ներկայացուցիչների հետ սկսել է հանդիպումներ ունենալ, սա շատ կարևոր է Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության շահերի լոբբինգի համար և Իսրայելի հետ գոնե Հայաստանի դեմ լոբբինգի ջանքերը դադարեցնելու կամ նվազեցնելու համար»: 

Հայաստանի համար կարևոր է օգտագործել միջազգային ասպարեզում առկա հնարավորությունները, ներառյալ Թրամփի վարչակազմի հետ կապերը: Ինչպես նշում է Պետրոսյանը․ «Թրամփի ադմինիստրացիան կարող է կապող օղակ դառնալ Հայաստանի և Իսրայելի միջև»: 

Scroll to Top