Հայաստանի բյուջետային ընտրությունը 2026-ին․ շինարարությո՞ւն, թե պաշտպանություն ու տեխնոլոգիաներ

Հայաստանի բյուջետային ընտրությունը․ շինարարությո՞ւն, թե պաշտպանություն

Հայաստանի կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը լուրջ հարցեր է առաջացնում տեխնոլոգիական ու պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ։ Այն դեպքում, երբ աշխարհում գրեթե բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանի ոչ բարեկամ հարևանները, արագացնում են ռազմական և տեխնոլոգիական ներդրումները, մեր երկրում հակառակ միտումն է նկատվում․ ռազմարդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտների ֆինանսավորումը նվազում է։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կտրուկ կրճատումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2026 թվականին նախատեսվում են 37.35 մլրդ դրամ, մինչդեռ 2025-ին դրանք կազմում էին 47.51 մլրդ դրամ։ Նվազումը՝ 10.16 մլրդ դրամ կամ 21.4%։
Ռազմարդյունաբերական բյուջեն նույնպես նվազել է՝ 5.72 մլրդ դրամից դառնալով 4.97 մլրդ դրամ (−13%)։

Կրճատումները վերաբերում են հենց ռազմարդյունաբերության հիմքային բաղադրիչներին․

  • Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ — 4.16 մլրդ դրամից նվազել են մինչև 3.56 մլրդ դրամ (−14.5%)։
  • Փորձանմուշների արտադրություն — 1.50 մլրդ դրամից մինչև 1.28 մլրդ դրամ (−14.1%)։
  • Մասնագիտական կադրերի ուսուցում — 53.7 մլն դրամից մինչև 25 մլն դրամ (−53.5%)։

Միակ աճող հոդվածը «Միջազգային ցուցահանդեսներ» ծրագրին հատկացվող 100 մլն դրամն է, ինչը համեմատաբար փոքր գումար է։

ՏՏ ոլորտում նույնպես նկատվում է ֆինանսավորման նվազում։ «ՏՏ ընկերությունների պետական աջակցությունը» կրճատվել է 33.7%-ով՝ 29.36 մլրդ դրամից մինչև 19.47 մլրդ դրամ։ Միայն «Թվային փոխակերպում» և «Հեռահաղորդակցություն» ծրագրերն են գրանցել աճ՝ համապատասխանաբար 13% և 76%։

Շինարարության ոլորտին՝ անհամեմատ մեծ աջակցություն

Համադրության համար ուշագրավ է, որ նույն բյուջեում շուրջ 103 մլրդ դրամ նախատեսվում է ուղղել հիպոտեկային վարկերի տոկոսների փոխհատուցմանը՝ շինարարական ոլորտը խթանելու համար։ Այս թիվը գրեթե 20 անգամ գերազանցում է ամբողջ ռազմարդյունաբերական բյուջեն։ Այսպիսով, պետությունը փաստացի գերադասում է բնակարանաշինության սուբսիդավորումը՝ սեփական տեխնոլոգիական ու պաշտպանական կարողությունների ամրապնդման փոխարեն։

Պաշտպանական բյուջե․ նվազում ավելի քան 100 մլրդ դրամով

Պաշտպանական ոլորտում ևս թվերը մտահոգիչ են։ Եթե 2025 թվականին պաշտպանության նախարարության բյուջեն 664.6 մլրդ դրամ էր, ապա 2026-ին այն կրճատվել է մինչև 563.1 մլրդ դրամ։ Նվազումը՝ ավելի քան 101.5 մլրդ դրամ։

Գլխավոր կրճատումները հետևյալն են․

  • Ռազմական ուսուցում և վերապատրաստում — 1.07 մլրդ դրամից նվազել է մինչև 387 մլն դրամ (նվազում՝ շուրջ 700 մլն դրամ)։
  • Մարտական պատրաստականություն և կապիտալ ծախսեր — 660.9 մլրդ դրամից նվազել է մինչև 560.1 մլրդ դրամ (նվազում՝ շուրջ 100.8 մլրդ դրամ)։ Կապիտալ կարիքների ապահովման 116.2 մլրդ դրամանոց ծրագիրը ամբողջությամբ հանվել է։

Մնացած ծրագրերում փոփոխությունները փոքր են․ միջազգային համագործակցությունը գրեթե անփոփոխ է (942 մլն դրամ), ռազմաբժշկական և ականազերծման ծրագրերը՝ փոքր նվազումներով։

Դիլեմա՝ շինարարությո՞ւն, թե անվտանգություն

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի ռազմատեխնոլոգիական և պաշտպանական ոլորտները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ։ Այն պահին, երբ տարածաշրջանում ռազմական մրցավազքը սրվում է, Հայաստանը կրճատում է իր հիմնական պաշտպանական ու տեխնոլոգիական ներդրումները՝ շեշտը դնելով շինարարական ոլորտի խթանման վրա։

Բաց հարցերն ավելի շատանում են․

  • Ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում պետությունը՝ սպառողական բումի՞, թե ինքնուրույն պաշտպանական կարողությունների զարգացման։
  • Ինչպե՞ս է նախատեսվում ապահովել անվտանգությունը պաշտպանական ծախսերի նման կրճատումների պայմաններում։
  • Եվ արդյո՞ք հնարավոր է խոսել բանակի արդիականացման մասին, երբ նվազում են R&D, կադրերի պատրաստման ու մարտական պատրաստականության բյուջետային հատկացումները։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան

Scroll to Top