Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որոշիչ դեր չունի: Սակայն, ըստ հասարակական գործիչ Ազատ Արշակյանի, նման դերակատարություն չունեն նաև Բաքուն և Անկարան: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա այդ հարաբերություններում, Արշակյանը նշել է. «Կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ մեզ տարել են, և դա վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»:
Արշակյանը նշել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանը կամազուրկ վիճակում է: «Մեզ ձեռքից բռնած տարել են այս վիճակի մեջ», — ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը սպասում է արտաքին ուժերի կողմից հաջորդ քայլերի հստակեցմանը: Ըստ նրա, Հայաստանը իր որոշումների իրավունքը փոխանցել է Եվրոմիությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հայտարարելով. «Դուք կարգավորեք՝ հաշտեցրեք մեզ կամ կռվացրեք»: Նա հավելել է, որ եթե Հայաստանին տրամադրվի ժամանակակից սպառազինություն և ռազմական աջակցություն, ապա երկիրը պատրաստ է նաև պայքարել: «Վերջին 30 տարիների ընթացքում մենք կռվել ենք, հաջողությամբ ազատագրել տարածքներ, եղել ենք հպարտ և հաղթող: Այժմ մենք ունենք նախադեպ. եթե մեզ տրամադրեք լավ սպառազինություն, մենք կպայքարենք, իսկ եթե առաջարկեք խաղաղության ծրագիր, մենք պատրաստ ենք նաև համագործակցության», — նշել է Արշակյանը:
Արշակյանի կարծիքով, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապագան որոշվում է խոշոր տերությունների կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Եվրոմիության միջև համաձայնությամբ: Նա ընդգծել է, որ այդ պետությունները կարծես համաձայնեցված դիրքորոշում ունեն տարածաշրջանային հարցերում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում: Օրինակ, նա նշել է Մեղրիի կարգավիճակի մասին նոյեմբերի 9-ի հուշագիրը և օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որոնք ունեն գրեթե նույն բովանդակությունը, սակայն առաջին դեպքում կարգավորողը Ռուսաստանն էր, իսկ երկրորդում՝ ԱՄՆ-ը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ ԱՄՆ-ի դրական կարծիք կար, և Եվրոմիությունը, ՆԱՏՕ-ն ու ժողովրդավարական պետությունների յոթնյակը չէին առարկում», — ասել է Արշակյանը: Սակայն, նրա խոսքով, այդ փաստաթղթի ութերորդ կետը չի կատարվել, ինչը դարձել է ձախողման պատճառ:
Անդրադառնալով Թուրքիայի դերին՝ Արշակյանը նշել է, որ Թուրքիան չի կարող համարվել որոշիչ խաղացող: «Թուրքիան խոցելի և չկայացած պետություն է: Լոզանի կոնֆերանսում ենթադրվում էր, որ այն կդառնա մահմեդական դեմոկրատիայի օրինակ, սակայն այդ ծրագիրը ձախողվել է», — ասել է նա: Նրա կարծիքով, Թուրքիայում կրոնականությունը խաթարել է աշխարհիկ կյանքը, ինչը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին: Նա օրինակ է բերել Բոսնիա-Հերցեգովինան և Ալբանիան՝ որպես ավելի դեմոկրատական և ազատ մահմեդական պետություններ: Թուրքիան, չնայած իր ներգրավվածությանը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ունի երկրորդական դեր: «Թուրքիան Ադրբեջանի մեծ եղբոր դերն է ստանձնում, սակայն նրա ազդեցությունը սահմանափակ է», — նշել է Արշակյանը: Նրա կարծիքով, Թուրքիան չունի Հայաստանին պատժելու հնարավորություն, եթե վերջինս չկատարի նման պահանջներ: «Մենք չպետք է վախենանք: Արարատը մնում է Արարատ, և դա պատերազմ հրահրելու առիթ չի կարող լինել», — ընդգծել է Արշակյանը:

