Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացը մեծ դժգոհության առարկա է դարձել։ Հիմնական հարցը այն է, թե արդյո՞ք այս նախաձեռնությունը կարող է իրականում ծառայել արդարության և թափանցիկության նպատակներին, թե՝ ընդամենը վերածվում է վարչական հերթական գործիքի։
ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի գնահատմամբ՝ հայտարարագրման ինստիտուտը նախնական տարբերակով պետք է մաս կազմեր համապարփակ ռազմավարական վերափոխումների։ Նրա խոսքով, այն նախատեսված էր ներդնել միաժամանակ մի շարք այլ ռեֆորմների հետ․
«Խոսքը վերաբերում էր բաժնետիրական ընկերությունների կանոնակարգման բարեփոխումներին, պարտադիր ցուցակման իրավական պահանջների սահմանմանը, արժեթղթերի շուկայի կայացմանն ուղղված ինստիտուցիոնալ աջակցությանը, հանրային հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների իրավական կարգավիճակի հստակեցմանը, կորպորատիվ հարկման նոր համակարգերին և ֆիզիկական անձ բաժնետերերի համար հայտարարագրման ռեժիմների ներդրմանը։ Այս ամենը պետք է գործեր մեկ ամբողջության մեջ», – ընդգծում է Անանյանը։
Նրա խոսքով, սակայն, ամբողջականության բացակայության պայմաններում հայտարարագրման ռեֆորմը կտրվեց իր ռազմավարական համատեքստից և վերածվեց ինքնանպատակ վարչական պրակտիկայի։ Անանյանը նշում է, որ այն իրականացվեց առանց բավարար ինստիտուցիոնալ պատրաստվածության և հանրային նախապատրաստման, ինչն էլ առաջացրեց լուրջ սոցիալ-հոգեբանական դիմադրություն։
«Քաղաքացին հայտարարագրման պահանջը չընկալեց որպես արդարության ու թափանցիկության գործիք, այլ՝ որպես վերահսկողության և ճնշման դրսևորում։ Բացատրական աշխատանքի բացակայությունը, թվային հարթակների խոցելիությունն ու պետական մարմինների սահմանափակ կարողությունները միայն խորացրին հասարակական անվստահությունն ու դիմադրությունը», – ընդգծում է նա։
Արդյունքում՝ նախկին պաշտոնյայի գնահատմամբ, իշխանությունն ստացավ ոչ թե հարկաբյուջետային կարգապահության ամրապնդում, այլ՝ հանրային վստահության նոր ճգնաժամ։ Նա համոզված է, որ կոսմետիկ ճշգրտումներով հնարավոր է հասնել միայն որոշ տեխնիկական բարելավումների, սակայն առանց ռազմավարական շրջանակի վերակառուցման արդյունքը նույնը կմնա․ տեխնիկական լավացումը երբեք չի փոխարինում համակարգային արդարությանը։
Անանյանի կարծիքով՝ փոխանակ առանձին հատվածներ «կարկատելու», անհրաժեշտ է վերադառնալ ամբողջականության սկզբունքին։ Դա ենթադրում է նոր տնտեսական մտածելակերպի և կառուցվածքային բարեփոխումների շուրջ ազնիվ ու բաց քննարկումներ հասարակության հետ։
«Հայաստանին այսօր անհրաժեշտ են ոչ թե մասնակի արտագրված ու հատվածաբար ներմուծված մեխանիզմներ, այլ՝ իրական համակարգային տնտեսական ռեֆորմներ։ Իսկ նման փոփոխությունների հիմքում պետք է դրվի քաղաքական ազնվությունն ու ինստիտուցիոնալ համարձակությունը։ Դա հնարավոր կլինի միայն նոր քաղաքական միջավայրում՝ իշխանափոխությունից հետո», – ամփոփում է Դավիթ Անանյանը։

