Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, պարզապես ներքաղաքական գործընթաց չէ, այլ արտաքին ճնշման, հիմնական ներքաղաքական դերակատարների անձնական ամբիցիաների և իշխանության և ընդդիմության սոցիալական լեգիտիմության լիակատար կորստի միահյուսման հետևանքով առաջացած խորը ճգնաժամ։ Նման պայմաններում իմպիչմենտը դառնում է ոչ թե իշխանությունը փոխելու մեխանիզմ, այլ ճնշման լծակ, կանխարգելիչ խաղ և փոխադարձ վարկաբեկման գործիք։
Այս համատեքստում նախկին իշխող Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված «անակնկալը»՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու տեսքով, շատերի համար առաջացնում է մեկ պարզ հարց. եթե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը իսկապես հավատում են իմպիչմենտի բարենպաստ արդյունքին, ապա ինչո՞ւ են խաղադրույք կատարել անդեմ գործչի վրա։
Համբարձումյանի ընտրությունը, իհարկե, պատահականություն չէ, այլ մտածված մարտավարական քայլ։ Շատերի համար քիչ հայտնի Համբարձումյանը ո՛չ քաղաքական կշիռ ունի, ո՛չ էլ խարիզմա, ինչը նրան դարձնում է ներկայիս պահի համար իդեալական դեմք։ Նրա թեկնածությունը մտահոգություն չի առաջացնի ո՛չ միջազգային գործընկերների, ո՛չ էլ Փաշինյանի թիմի շրջանում։ Սա թույլ է տալիս ՀՀԿ-ին իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացնել որպես ճնշում գործադրելու «տեխնիկական» փորձ, այլ ոչ թե որպես իշխանության համար իրական հայտ։ Համբարձումյանը շախմատի այն խաղաքարերից է, որը չի հավակնում թագուհի դառնալ, բայց թույլ է տալիս Սերժ Սարգսյանին պահպանել մանևրի ազատությունը։
Այս ընտրությունը նաև նվազագույնի է հասցնում ռիսկերը։ 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալուն անկասկած մասնակցություն ունեցած, բայց գործող վարչապետի նկատմամբ լիակատար վերահսկողություն չապահոված Սարգսյանը ակնհայտորեն խուսափում է իշխանության թեկուզ ժամանակավորապես բերելու ընտրողների համակրանքը վայելող մեկի։ Ակնհայտ է, որ Համբարձումյանը, ի տարբերություն Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի կամ Արման Թաթոյանի նման ծանրքաշայինների, որոնց անունները նույնպես նշվում էին հնարավոր թեկնածուների շարքում, ի վիճակի չէ դուրս գալ վերահսկողությունից և դառնալ անկախ խաղացող։
Սարգսյանի հիմնական նպատակներից մեկը Ռոբերտ Քոչարյանին և նրա «Հայաստան» դաշինքին թուլացնելն է 2026 թվականի ընտրություններից առաջ։ Իմպիչմենտի նախաձեռնությունը Քոչարյանին դնում է դժվարին կացության մեջ. Համբարձումյանի նման թույլ թեկնածուին աջակցելը նրան քաղաքական միավորներ չի բերի, բայց իմպիչմենտին մասնակցելուց հրաժարվելը կարող է դիտվել որպես ընդդիմության գործի դավաճանություն։ Եթե իմպիչմենտը ձախողվի, առաջին ընդդիմադիր ուժը կկարգվի պարտված, ինչը, բնականաբար, կազդի Քոչարյանի կերպարի վրա ընտրությունների նախօրեին։ Չնայած այսօր «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ աջակցում է նախաձեռնությանը, բայց «Պատիվ ունեմ» դաշինքն է ստանձնում է իր թեկնածուի հետ կապված քաղաքական ամբողջական պատասխանատվությունը, դժվար որևէ մեկը հիշի դրա մասին, հատկապես, եթե «Հայաստան» խմբակցության որևէ անդամ չմասնակցի գործընթացին։ Կարծում եմ, որ Սարգսյանն ավելի շատ հույսը դնում է նախաձեռնության ձախողման վրա՝ դեռևս դրա մեկնարկի՝ ստորագրությունների հավաքագրման փուլում։
Հեղինակի մտահղացման համաձայն, ըստ ամենայնի, ստորագրությունների պակասը պետք է պայմանավորված լինի հենց «Հայաստան» դաշինքից ինչ-որ մեկի բացակայությամբ։
Եթե իմպիչմենտը անսպասելիորեն հաջողությամբ ավարտվի, ՀՀԿ-ն հաղթանակը կվերագրի միայն իրեն՝ Քոչարյանին թողնելով ստվերում։ Համբարձումյանի ընտրությունը կամրապնդի այս թակարդը, ոչ ոք չի հիշի, ով աջակցեց գործընթացին, այս անգամ կհիշեն նախաձեռնողներին։ Այսպիսով, Սարգսյանն օգտագործում է Համբարձումյանին որպես իր մրցակցին մանիպուլյացիայի ենթարկելու գործիք՝ առանց սեփական դիրքերը վտանգելու։
Հնարավոր է, որ մենք գործ ունենք բոլորովին այլ սցենարի հետ, որտեղ Սերժ Սարգսյանի թիմը պարզապես խաղում է այն դերը, որը նրան վերապահել են արտաքին խաղացողները։ Թեև Սերժ Սարգսյանն իրեն երբեք չէր դիրքավորում որպես արևմտամետ քաղաքական գործիչ, իրականում նա լատենտ արևմտամետներից է։ Այս համատեքտում Համբարձումյանի առաջադրումը կարող է լինել բարդ խաղի մաս, որը համաձայնեցվել է արևմտյան գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր հնարավորինս արագ կնքման մեջ։
Իմպիչմենտի նախաձեռնությունն այս պարագայում իշխանափոխության սպառնալիքի տպավորություն ստեղծելու միջոց է՝ Բաքվին ավելի վճռական գործողությունների մղելու համար, ասել է թե․ «Ստորագրեք համաձայնագիրը հիմա, քանի դեռ Փաշինյանը իշխանության գլուխ է, հակառակ դեպքում հաջորդ առաջնորդը կարող է ավելի քիչ հարմարվողական լինել»։ Միաժամանակ, Սարգսյանն իր մասնակցությամբ ամրապնդում է իր դիրքերը որպես Բրյուսելի և Վաշինգտոնի համար ընդունելի չափավոր ուժ և երաշխավորում ՀՀԿ-ի համար տեղեր ապագա խորհրդարանում։

