Հայաստանի իշխանությունները «հոգացել են», որպեսզի մյուս իշխող թիմի համար դժվար «ոչ» ասելը։ Այս մասին նշել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ առանց հանրային լայն քննարկման նախաստորագրվել է այսպես կոչված «խաղաղության փաստաթուղթը», որի բովանդակությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում պետական ինքնիշխանության տեսանկյունից։ Զաքարյանի գնահատմամբ՝ փաստաթուղթը ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ հայ ժողովուրդը կամ Հայաստանի Հանրապետությունը սեփական կենսական խնդիրները ձևակերպելու և դրանք կյանքի կոչելու համար փաստացի պետք է թույլտվություն ստանա Ադրբեջանից։ Խոսքը վերաբերում է որոշակի հանձնաժողովների ստեղծմանը, որոնք կարող են ասել՝ այս կամ այն հարցը «պրոբլեմ է», առաջարկել այն չքննարկել խորհրդարանում կամ հրաժարվել որոշ օրենքների ընդունումից։ Ըստ նրա՝ սա արտաքին ուղիղ միջամտություն է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը։
Միջազգային երաշխիքներ, բայց ոչ սուվերենության հաշվին
Զաքարյանը չի բացառում, որ որոշ գործընթացներ կարող են ընդունելի լինել Հայաստանի համար, սակայն միայն հստակ պայմանների դեպքում։ Մասնավորապես, եթե դրանք իրականացվեն միջազգային երաշխիքային մեխանիզմների շրջանակում, հիմնավորված և փաստարկված բացատրություններով։ Օրինակ՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը կամ տարածաշրջանային հաղորդակցությունների միաժամանակյա և բազմուղղի գործարկումը կարող են դիտարկվել որպես դրական տարբերակներ։
«Այդ նույն TRIPP-ը որոշ մշակումներից հետո կարող է դառնալ Հայաստանի համար լավ տարբերակ։ Ես խիստ թերահավատ եմ այս «ֆրոնտ-օֆիս և բեք-օֆիս» ձևակերպումների և մեխանիզմների նկատմամբ, որոնք կարող են Հայաստանի ձեռքերը կապել սուվերենության առումով», նշեց նա։ Զաքարյանի համոզմամբ՝ ՀՀ-ին անհրաժեշտ են ուժեղ պետական իշխանություններ, որպեսզի «բեք-օֆիսը» լինի որոշումներ թելադրողը և չտրվի երրորդ կողմերից եկող մանիպուլյացիաներին կամ սխալ տեղեկատվության հիման վրա ընդունվող որոշումներին, որոնք ժամանակի ընթացքում նոր սպառնալիքներ կարող են առաջացնել։
Կոմունիկացիաներ, վերահսկողություն և հասարակության ինքնիշխանություն
Զուգահեռաբար, նախկին փոխնախարարը կարևորում է, որ մյուս հաղորդակցություններն էլ՝ մասնավորապես Հյուսիս–Հարավ ուղղությունը, ունենան ոչ պակաս ռազմավարական նշանակություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է լիարժեք օգտագործի իր հնարավորությունները՝ հյուսիսային և հարավային գործընկերների հետ կապերի, ինչպես նաև ծովային ճանապարհներին հասնելու տեսանկյունից։ Նույն կերպ կարևոր է նաև Վրաստանի հետ կապը, քանի որ ապագայում կարող են առաջանալ խնդիրներ, եթե ամբողջ առևտուրը իրականացվի միայն Թուրքիային ձեռնտու և նրա վերահսկողության տակ գտնվող միջանցքներով, իսկ Վրաստանը դուրս մնա այդ գործընթացներից։
Նա ընդգծում է, որ ինքնիշխանությունը միայն կառավարության պատկերացումը չէ․ դա հասարակության ինքնիշխանությունն է։ Սյունիքում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ առանց իր համաձայնության որևէ գործընթաց չի կարող տեղի ունենալ։ «Եթե ասում ենք՝ ինչ անենք, արդեն որոշել են, նշանակում է՝ հրաժարվում ենք մեր պետությունից»,– նշում է Զաքարյանը՝ հավելելով, որ աշխարհի բարդ իրավիճակը չի կարող արդարացում լինել ձեռքերը ծալած նստելու համար, երբ անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները միայն ավելանում են։

