Հայաստանը պատրաստվում է հնարավոր ճակատագրական շրջադարձի։ Ինչպես հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ, առաջիկայում Վաշինգտոնում կարող է ստորագրվել երեք փաստաթղթերից բաղկացած փաթեթ։ Մասնավորապես, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրելու են փաստաթուղթ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին, ինչպես նաև շրջանակային փաստաթուղթ, որով ամրագրվելու է խաղաղության պայմանագրի 17 համաձայնեցված կետերը։ Բացի այդ, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելու է փաստաթուղթ, որը վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված ծրագրի մեկնարկին։
Ռիսկեր՝ առանց այլընտրանքի
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ վերջակետ է դնում մի ամբողջ ժամանակաշրջանի, երբ միջազգային միջնորդությունը ներկայացված էր երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից։ Հայաստանը քաղաքական ժեստ է անում՝ կորցնելով դիվանագիտական ճնշման պոտենցիալ լծակներից մեկը։ Ավելին, կողմերը փաստացի հրաժարվում են ձևաչափից՝ առանց նոր կայուն այլընտրանք առաջարկելու։ Արդյունքում, եթե ապագա պայմանավորվածությունները չամրապնդվեն բավարար միջազգային երաշխիքներով, միակողմանի քայլերի և նոր ճգնաժամերի վտանգն անխուսափելիորեն կաճի։
TRIPP-ը կարող է դառնալ արտատարածքայնության մեղմ ձև
Երկրորդ փաստաթուղթը, որը վերաբերում է TRIPP անվանումը ստացած հաղորդակցությունների նախագծի ստեղծմանը, առաջին հայացքից հավասարակշռված է թվում։ Առնվազն՝ այն մասով, որն արտահոսել է մեդիա դաշտ։ Մոտեցումն, ըստ էության, ենթադրում է՝ հայկական Ինքնիշխանության պահպանում՝ խոշոր ներդրումների և միջազգային շահագրգռվածության ֆոնին։ Սակայն, ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է», իսկ այդ քողարկված մանրուքները կարող են լինել անսպասելի և ճակատագրական։
Օրինակ, փաստաթուղթը կարող է ներառել դրույթներ, ըստ որոնց վեճերը լուծվելու են միջազգային արբիտրաժներում՝ օրինակ Լոնդոնում, Վաշինգտոնում կամ Փարիզում՝ անգլո-ամերիկյան իրավական նորմերով։ Սա կտրուկ սահմանափակում է Հայաստանի իրավական հնարավորությունները՝ պաշտպանելու իր շահերը։ Արբիտրաժի որոշումները կարող են չլինել Երևանի օգտին՝ հատկապես հաշվի առնելով, որ նրան ստիպված կլինի գործ ունենալ հենց Վաշինգտոնի հետ։ Միաժամանակ Հայաստանը ներքաշվում է ծախսատար և քաղաքականապես զգայուն գործընթացների մեջ՝ իր իրավազորությունից դուրս, ինչը ինքնին արդեն որոշակի սահմանափակում է երկրի ինքնիշխանության համար։
Թեև ֆորմալ առումով խոսքը հայաստանյան և ամերիկյան ընկերությունների հավասար մասնակցության մասին է, «մանր տառերով» կարող են ամրագրված լինել այնպիսի պայմաններ, որոնք առավելություն են տալիս ամերիկյան կապալառուներին կամ ստեղծում են հայաստանյան ընկերությունների մասնակցության համար անհաղթահարելի պայմաններ (շրջանառության չափ, միջազգային լիցենզիաների առկայություն, ինչ-ինչ ստանդարտների համապատասխանություն և այլն)։ Արդյունքում՝ փողերն ու վերահսկողությունը կմնան ամերիկյան կառույցների ձեռքում, իսկ հայկական կողմի մասնակցությունը կլինի ձևական։
Փաստաթուղթը կարող է ներառել ֆինանսական պարտավորություններ Հայաստանի համար, ինչը կարող է բեռ դառնալ պետբյուջեի համար, հանգեցնել արտաքին պարտքի աճի, հարկային մուտքերի նվազման կամ նույնիսկ՝ ակտիվների բռնագանձման՝ պայմանների խախտման դեպքում։
Նույնիսկ եթե նշվում է, որ ճանապարհը գտնվելու է Հայաստանի սուվերենության ներքո, կարող են լինել ձևակերպումներ, որոնք սահմանափակում են հայաստանյան պետական մարմինների մուտքը։ Օրինակ՝ կարող է նախատեսվել այդ տարածքում «հատուկ գոտու» ստեղծում, որտեղ պետական մարմինների միջամտությունը հնարավոր է միայն կոնսորցիումի համաձայնությամբ։ Այսինքն՝ ֆորմալ կերպով մուտքը թույլատրվում է, բայց գործնականում պահանջվում է թույլտվություն, որը տեսականորեն կարող է մերժվել։ Սա արդեն որոշակիորեն արտատարածքայնության մեղմ ձև է։
Ավելին՝ ինչպես արդեն նշվել է, այս նախագիծը արմատապես փոխում է ուժերի դասավորությունը տարածաշրջանում։ Այն ԱՄՆ-ին դուրս է բերում դիտորդի դերից՝ դարձնելով նրան գործընթացների ակտիվ դերակատար ռազմավարական զգայուն տարածաշրջանում։ Հայաստանը, իր հերթին, մտնում է ամերիկյան քաղաքական-տնտեսական ազդեցության գոտի, ինչը մի շարք ռիսկեր է պարունակում։ Նախ՝ սա անխուսափելիորեն կբերի Մոսկվայի և Թեհրանի կոշտ արձագանքի։ Բացի այդ, ցանկացած վարչակազմի փոփոխություն Վաշինգտոնում կարող է կասկածի տակ դնել ԱՄՆ երկարաժամկետ պարտավորությունները կամ դրանց ձևաչափը։
Պարտավորությունների ամրագրում՝ բազմաթիվ անհայտներով
Երրորդ փաստաթուղթը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, լինելու է շրջանակային համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ կողմերը կհաստատեն, որ շարունակում են շարժվել դեպի լիարժեք խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Ըստ հրապարակումների՝ փաստաթղթում ամրագրված կլինի, որ ապագա պայմանագրի 17 դրույթները արդեն համաձայնեցված են, և կողմերից ոչ մեկը չի կարող հրաժարվել դրանցից։ Սա, մի կողմից, իրական առաջընթացի վկայություն է բանակցային գործընթացում, մյուս կողմից՝ այդ դրույթների բովանդակության վերաբերյալ հրապարակային տեղեկատվության բացակայության պայմաններում մնում է առանց պատասխանի հիմնական հարցը. ի՞նչ պայմաններով է ձեռք բերվում խաղաղությունը։
Եթե այս փաթեթը իսկապես ստորագրվի, ապա այն կդառնա տարածաշրջանային քաղաքականության տեկտոնական տեղաշարժերի խորհրդանիշ։ Հայաստանը հեռանում է հին ձևաչափերից և Թեհրանի «քթի տակ» ընտրում է ԱՄՆ-ին։ Թեև դա հայաստանյան որոշ շրջանակների կողմից դիտարկվում է կայուն զարգացման նոր մոդելի անցում, իրականում այն կբերի երկրի խոցելիության խորացման։

