Մրցակցությունը միջանցքների շուրջ․ տնտեսական փաթեթավորում՝ աշխարհաքաղաքական բովանդակությամբ

Միջանցքների մրցակցություն․ աշխարհաքաղաքական նպատակներ տնտեսական փաթեթավորմամբ

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների շուրջ մրցակցությունն առաջին հայացքից ունի տնտեսական երանգ, սակայն իրականում աշխարհաքաղաքական և ռազմական գերիշխանության համար ավելի լայն պայքարի մաս է։ Նման կարծիքի է  իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը։

Նրա խոսքով՝ Իսրայելի, Թուրքիայի ևԱդրբեջանի կողմից այսպես կոչված «կեղծ Զանգեզուրյան միջանցքի» ստեղծման փորձը ձախողվեց Իրանի դիմադրության արդյունքում, և այժմ նրանք դիմել են ԱՄՆ-ին՝ առաջ մղելով այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» պլանը։ Թեև այս պլանը ձևականորեն հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, փորձագետը զգուշացնում է, որ դրա իրական հետևանքները կարող են վտանգավոր լինել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար։

ԱՄՆ տնտեսական ու ռազմաքաղաքական ներկայության խորացում

Մովահեդիանը նշում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանի տարածքում կնշանակի նրա անմիջական ներկայությունը նաև Իրանի սահմանների մոտ․ դա կհանգեցնի Իրանի անվտանգային միջավայրի խաթարմանը, մեծ հաշվով աշխարհաքաղաքական շրջափակմանը և Իրանին տարածաշրջանային էներգետիկ ու բեռնափոխադրման ուղիներից դուրս մղելուն։

«Ամերիկացիները նաև փորձում են ստեղծել ուղի, որով ՆԱՏՕ-ին կապված ջիհադիստական և անջատողական ուժերը կհայտնվեն Իրանի սահմաններին մոտ», – ընդգծում է նա՝ հավելելով, որ նման վտանգ կարող է ծագել Ադրբեջանում և Հայաստանում ամերիկյան ներկայության միջոցով։

Փորձագետի կարծիքով՝ Զանգեզուրի միջանցքի ծրագրի ձևաչափը փոխվել է միայն արտաքինից․ «Ընդհանուր գաղափարի էությունը նույնն է, պարզապես իրանական դիմադրության պատճառով նրան այլ տեսք են տվել»։

Մաքսային և հաղորդակցության վերահսկողության վտանգ

Մովահեդիանը առանձնացնում է ևս մեկ խնդրահարույց հանգամանք՝ Հայաստանի մաքսային և տեղեկատվական ենթակառուցվածքներին ԱՄՆ հնարավոր հասանելիությունը։ Քանի որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, այդպիսի վերահսկողությունը ԱՄՆ-ին թույլ կտա մուտք գործել ԵԱՏՄ առևտրային տվյալների դաշտ, ինչը կնշանակի նաև Իրանի առևտրային տեղեկատվության արտահոսք։

Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի մաքսային և սահմանային համակարգերին միանալը հնարավորություն կտար ամերիկացիներին հետևել իրանցի քաղաքացիների սահմանահատումներին, ինչը «անընդունելի է Թեհրանի համար»։

Փորձագետը շեշտում է, որ այս գործընթացը վտանգավոր է ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի կայունության համա։  Ըստ նրա, ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը դարձնել «նոր Վրաստան կամ Ուկրաինա»՝ ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության առաջնագիծ։

Միջանցքը՝ Իրանի շրջափակման համաշխարհային շղթայի օղակ

Մովահեդիանը արձանագրում է․ «Իրանի դիրքորոշումը կեղծ Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ հետևողական է և անփոփոխ»։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջանցք,  առանց Հայաստանի ինքնիշխան վերահսկողության, Իրանի համար անընդունելի է։

Նրա գնահատմամբ՝ նման միջանցքը «ներսից շրջափակում» է Իրանն ու Հայաստանը՝ սպառնալով երկու երկրների ազգային շահերին։ «Եթե Հայաստանը կորցնի իր սահմանը Իրանի հետ, նրա գոյատևման հնարավորություններրը կհավասարվեն գրեթե զրոյի», – ասում է փորձագետը։

Իրանի տեսակետից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ոչ միայն տարածաշրջանային նախագիծ է, այլ լայն աշխարհաքաղաքական ծրագրի՝ Իրանը շրջանցող միջանցքների համակարգի մաս է։ Մովահեդիանը հիշեցնում է, որ Չինաստանը, Հնդկաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները և մյուսները փորձում են ստեղծել փոխադրման ուղիներ դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա։

Միաժամանակ, Իսրայելը փորձում է «դառնալ Իրանի հարևան»՝ ներթափանցելով Սիրիայի հարավ, ապա Իրաքյան Քրդստան, և Զանգեզուրի միջանցք։ «Եթե այս կեղծ միջանցքը իրականություն դառնա, Իսրայելը կստանա խթան՝ կրկին հարձակվելու Իրանի վրա», – նախազգուշացնում է նա։

Այսօր արդեն կա Իսրայելի լայնածավալ ռազմական ներկայություն Ադրբեջանում, և Բաքվի ու Թել Ավիվի միջև կայուն հետախուզական համագործակցություն։ Զանգեզուրի միջանցքը այդ կապը «ավելի կհեշտացնի և կխորացնի»։

Ռուսաստանի դերի անկում և սխալ հաշվարկներ

Խոսելով Ռուսաստանի փոփոխվող դերի մասին՝ փորձագետը նշում է, որ Մոսկվայի ազդեցությունը Հարավային Կովկասում զգալիորեն նվազել է՝ նախ և առաջ Ուկրաինայում պատերազմի պատճառով։

Բայց, նրա կարծիքով, խնդիրը միայն դրանում չէ․ «Ռուսաստանը սխալվեց, երբ կարծեց, թե կարող է զսպել Թուրքիայի, Բաքվի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ագրեսիվ ծրագրերը համագործակցության միջոցով»։

Մովահեդիանը ասում է, որ Ռուսաստանը ուշ հասկացավ, որ Արևմուտքի նպատակն էր նրա շրջափակումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում, և որ Թուրքիան ու Բաքուն պարզապես ԱՄՆ-ի և Բրիտանիայի նախագծած փազլի մաս էին։

Փորձագետը հիշեցնում է, որ Ռուսաստանը թույլ տվեց Ադրբեջանին զբաղեցնել հայկական տարածքներ՝ ակնկալելով, որ դրա դիմաց Բաքուն իրեն թույլ կտա գաղտնի արտահանել պատժամիջոցների տակ գտնվող նավթն ու գազը։ Սակայն Բաքուն այդ իրավիճակից օգտվեց և դարձավ Ռուսաստանի վրա ազդեցություն ունեցող գործոն՝ դրանով պայմաններ թելադրելով Մոսկվային։

«Ալիևին առնչվող մաֆիական խմբերի ներթափանցումն արդեն հասավ այնպիսի մակարդակի, որ Պուտինը ստիպված էր միջամտել ռուսական ներքին անվտանգության և տնտեսական ոլորտներին», – նշում է փորձագետը։

Մովահեդիանի կարծիքով՝ ԱՄՆ-ն այժմ փորձում է երեք հարավկովկասյան երկրներից յուրաքանչյուրին վերածել հակառուսական հարթակի՝ տնտեսական, քաղաքական և անվտանգության լուրջ ներդրումների միջոցով։

«Եթե Ռուսաստանն անհապաղ և լուրջ չմիջամտի, ԱՄՆ-ի ռազմական-քաղաքական ներկայությունն այստեղ կդառնա անդառնալի», – եզրափակում է նա։

Scroll to Top