Քաղաքական սեկտանտիզմ և անհետևողականություն․ ի՞նչ է կատարվում ՀՀ քաղաքական դաշտում 

Ընդդիմության արդյունավետությունը պետք է չափվի իշխանության վարքագիծը փոխելոг կարողությամբ։ Նման կարծիքի է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական մշակույթում խորքային խնդիրների քննարկումը մշտապես երկրորդ պլան է մղվել։ Նրա խոսքով՝ հանրային և քաղաքական դիսկուրսը հիմնականում կենտրոնանում է իրավիճակային խնդիրների վրա, մինչդեռ պատճառների վերլուծությունը գրեթե բացակայում է։
Հայաստանում գերիշխում է քաղաքական սեկտանտիզմը 

Նա նշում է, որ հայկական քաղաքական միջավայրում սովորաբար քննադատության է արժանանում ոչ թե սխալ գաղափարը, այլ անկախ մտածողությունը։ Ըստ նրա՝ գերակշռում է խմբային մտածողությունը, և յուրաքանչյուր կարծիք պարտադիր փորձ է արվում կապել որևէ քաղաքական ճամբարի հետ։

«Եթե քննադատում ես ընդդիմությանը, քեզ հայտարարում են թաքնված իշխանական, եթե քննադատում ես իշխանությանը, նույն կերպ պիտակավորում են արդեն իշխանության ներկայացուցիչները։ Արդյունքում ձևավորվում է քաղաքական սեկտանտիզմ, որտեղ ամեն ինչ ներկայացվում է սևի և սպիտակի տրամաբանությամբ, մինչդեռ իրականությունը նման չէ։ Իրականությունն ավելի հաճախ դառնում է գորշ, որովհետև քաղաքական խոսույթը կառուցվում է կլիշեների վրա»,- ասում է Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանը ցանկանում է ունենալ ավելի արդյունավետ քաղաքական համակարգ, անհրաժեշտ է հրաժարվել այդ մտածողությունից և վերադառնալ իրական քաղաքական քննարկումների։

Ընդդիմության և իշխանության  գործողություններում չկա քաղաքական տրամաբանություն

Նրա գնահատմամբ՝ այսօր թե ընդդիմությունը, թե իշխանությունը դրսևորում են քաղաքական անհետևողականություն։ «Ըստ իշխանության դիրքորոշման է, ընդդիմության ձայները ձևավորվել են ընտրակաշառքների և ընտրախախտումների միջոցով։ Ըստ ընդդիմության՝ հենց գործող իշխանությունն է ոչ լեգիտիմ, քանի որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ, ընտրողների նկատմամբ ճնշումների պայմաններում և այնպիսի միջավայրում, որը ունեցել է chilling effect՝ վախի և ինքնագրաքննության մթնոլորտ ստեղծելով ընդդիմության ընտրողների շրջանում», — նշեց նա։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վարչական ռեսուրսի կիրառման մասին արձանագրումներ կան ոչ միայն ընդդիմության հայտարարություններում, այլ նաև դիտորդական առաքելությունների փաստաթղթերում և Սահմանադրական դատարանի որոշման մեջ։

Չնայած նման դիրքորոշումների՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը համաձայնում են վերցնել պատգամավորական մանդատները և աշխատել իրենց իսկ պնդմամբ կասկածելի լեգիտիմություն ունեցող խորհրդարանում։  

Մանդատ վերցնելը ամենամակերեսային շերտն է

Հովհաննիսյանի կարծիքով՝ մանդատ վերցնել-չվերցնելու հարցը քաղաքական քննարկման միայն արտաքին շերտն է, իրական խնդիրը քաղաքական տրամաբանության հետևողականության բացակայությունն է։

Եթե ընդդիմությունն իսկապես համոզված է, որ ընտրություններն անլեգիտիմ են եղել, հատկապես հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և Սահմանադրական դատարանի կողմից վերահաշվարկ չնշանակելը, ապա, նրա գնահատմամբ, խորհրդարան մտնելով՝ ընդդիմությունը փաստացի լեգիտիմացնում է այն գործընթացը, որի դեմ պայքարում է։

Միևնույն ժամանակ, շարունակեց նա, եթե իշխանությունըհայտարարում է, որ ընդդիմության թեկուզ մեկ պատգամավորական մանդատ ձևավորվել է ընտրակաշառքի արդյունքում, ապա այդ դեպքում լեգիտիմության հարցը վերաբերում է ամբողջ խորհրդարանին։

Նա հիշեցնում է, որ հենց գործող իշխանության գործընկեր քաղաքական ուժերը՝ «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցությունները, Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներում որպես հիմնավորում օգտագործել էին նաև ընտրակաշառքի վերաբերյալ պնդումները։

Հովհաննիսյանը մանրամասն անդրադառնում է Սահմանադրական դատարանի լիազորություններին՝ հիշեցնելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 77-րդ հոդվածը, որի համաձայն, եթե դատարանը հանգում է եզրակացության, որ ընտրախախտումները եղել են համակարգային, կազմակերպված, զանգվածային և պարբերական բնույթի, ապա կարող է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր ապացույցները ձեռք բերելու հնարավորություններն արդեն սպառված են։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն իսկապես համոզված էր ընտրակաշառքների գոյության մեջ, ապա կարող էր օգտագործել այդ իրավական գործիքակազմը։

Ռումինիայի նախադեպը

Որպես օրինակ Հովհաննիսյանը ներկայացնում է Ռումինիայի փորձը։ Նրա խոսքով՝ այնտեղ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո թեկնածուները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել արդյունքները։

Սկզբնական փուլում դատարանը զգուշավոր մոտեցում էր ցուցաբերել, սակայն իրավիճակը փոխվել էր այն բանից հետո, երբ երկրի նախագահը գաղտնազերծել էր հատուկ ծառայությունների զեկույցները և դրանք ներկայացվել էին Սահմանադրական դատարանին։ Արդյունքում դատարանը հենց այդ նյութերի հիման վրա անվավեր էր ճանաչել ընտրությունների առաջին փուլի արդյունքները։

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Հայաստանի իշխանություններն իսկապես ցանկանում էին պայքարել ընտրակաշառքների դեմ, ապա կարող էին նույնպիսի մոտեցում ցուցաբերել և համապատասխան բոլոր նյութերը ներկայացնել Սահմանադրական դատարանին։

Նա նաև հիշեցնում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում բազմիցս խոսվել է ընտրակաշառքների մասին, սակայն, նրա խոսքով, մինչ օրս չկա նույնիսկ մեկ դատական ակտ, որով որևէ անձ դատապարտված լինի ընտրակաշառքի համար։

Վրաստանի օրինակը

Անդրադառնալով ընդդիմությանը՝ նա նշեց, որ ճիշտ ճանապարհը ստեղծված իրավիճակում մանդատներից հրաժարվելն էր։ Հովհաննիսյանի կարծիքով՝ երբ նախընտրական շրջանում ընդդիմությունն օգտագործում է միայն հաղթանակի մասին հռետորաբանություն, իսկ հետո պարզվում է, որ «Պլան B»-ն մանդատների ընդունումն է, դա բազմաթիվ ընդդիմադիր քաղաքացիների համար դառնում է դժվար հասկանալի։

Հովհաննիսյանը հիշեցրեց Վրաստանի փորձը։ Նրա խոսքով՝ վրացական ընդդիմությունը, հրաժարվելով մանդատներից, չփոխեց իշխանությունը, սակայն ստիպեց իշխանություններին գնալ քաղաքական զիջումների։

Նա հիշեցրեց, որ այդ գործընթացում ներգրավված էին ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը, որոնք ամիսներ շարունակ միջնորդական ջանքեր էին գործադրում իշխանության և ընդդիմության միջև, և արդյունքում ընդդիմությունը կարողացավ հասնել կոնկրետ քաղաքական զիջումների։

Միաժամանակ նա ընդգծում է, որ մանդատներից հրաժարվելը չի կարող լինել ինքնանպատակ քայլ։ «Եթե մանդատ չես վերցնում, դրա հետևում պետք է լինի հանրային կոնսոլիդացիա, միջազգային գործընկերների աջակցություն, հստակ քաղաքական օրակարգ և իշխանության նկատմամբ ճնշում ձևավորելու կարողություն»,- ասում է նա։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top