խրոխտ կեցվածքով քարոզչական միավորներ հավաքելու հերթական փորձ

Իրական մոդերատորներից մեկը հենց Ռուսաստանն է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չվերականգնի երկաթուղային որոշակի հատվածներ, ապա հայկական կողմը պատրաստ է հետ կանչել ռուսական կողմին տրված կոնցեսիոն կառավարման իրավունքը և սեփական միջոցներով իրականացնել վերականգնումը այդ հատվածներում։ Խոսքը Ղազախից դեպի Իջևան, Ախուրյանից դեպի հայ-թուրքական սահման և Երասխից դեպի Նախիջևան երկաթուղային հատվածների մասին է, որոնք կարևորություն են ձեռք բերել Կովկասյան ռեգիոնում երկաթուղային սխեմաների շուրջ տեղի ունեցող զարգացումների շրջանակում։ Ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքն է հայտնում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Խրոխտ կեցվածքով քարոզչական միավորներ հավաքելու հերթական փորձ

«Մեծ հավանականությամբ Փաշինյանի այս հայտարարությունը նախընտրական իրավիճակում խրոխտ կեցվածքով քարոզչական միավորներ հավաքելու հերթական փորձ է, քանի որ առայժմ որևէ նշան չկա, որ ռուսական կողմը թշնամությամբ է ընդունել Հայաստանի դիմումը կամ խնդրանքը այդ հատվածները վերականգնելու վերաբերյալ», — նշում է Բադալյանը։ 

Ավելին, շարունակում է նա, դատելով տեղի ունեցող զարգացումներից, հենց Ռուսաստանն է տարածաշրջանում երկաթուղային նոր լոգիստիկ սխեմաների գործարկման առանցքային մոդերատորներից մեկը։  Ըստ փորձագետի՝  դրա մասին են վկայում վերջին շրջանում ռուսական կողմից հնչող ակտիվ հայտարարությունները, և դրանցից մեկը՝ նախօրեին, երբ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ քննարկում են դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու և ինտենսիվացնելու հեռանկարները։

Նա հիշեցրեց, որ արդեն իսկ տեղի են ունեցել փորձնական փոխադրումներ՝ հայտնի ցորենի պատմության համատեքստում, երբ Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով բեռները երկաթուղով տեղափոխվել են Հայաստան։ «Այս պայմաններում դժվար է մտածել, որ Ռուսաստանը, որն ինքը բավական ակտիվ է այս լոգիստիկան աշխատեցնելու հարցում, կարող է խոչընդոտել վերոհիշյալ հատվածների վերականգնմանը։ Սա, կարծում եմ, մեղմ ասած, իրատեսական չէ», — նշում է նա։ 

Կոնցեսիոն կառավարումը իմաստավորվում է, երբ ՀՀ-ն դառնում է ռեգիոնալ երթուղիների մաս

Հակոբյանի գնահատմամբ՝ իրականում կոնցեսիոն կառավարման իրավունքը, որին ձգտել է ռուսական կողմը Հայաստանի երկաթուղու նկատմամբ, իմաստավորվում է հենց այն հեռանկարում, երբ Հայաստանի երկաթուղին դառնում է ռեգիոնալ նոր երթուղիների մաս։ Հակառակ պարագայում՞ նշում է նա,  հայկական երկաթուղին մնում է փակուղի՝ առանց գրավչության։ Փակուղային ռեսուրսը բնականաբար չի կարող ունենալ էական գրավչություն։ Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ սխեմաները աշխատեցնելու հարցում ռուսական կողմը հենց ինքն է առանցքային շահառուներից մեկը, և ակնհայտ են նրա ակտիվ մոդերատորության փորձերը։

Հայ-վրացական և հայ-իրանական հարաբերություններում խանդի պատճառ

Ըստ նրա՝ այս գործընթացնորը ամենևին միարժեք և միատար չեն, էապես առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքին, բայց չունեն միարժեք տրամաբանություն և բնույթ։ «Հետևաբար, ակնհայտ է, որ լինելու են մրցակցային զարգացումներ, որտեղ կունենանք թե գործընկերներ, թե մրցակիցներ նույն գործընկերների դեմքով», — ասում է նա։ 

Բադալյանը հիշեցնում է, որ, ըստ Վրաստանի վարչապետի, հենց Վրաստանն է Միջին միջանցքի կայուն և վստահելի ուղղություն։ Այսինքն, ակնհայտ է, որ Վրաստանը մի կողմից լինելով Հայաստանի գործընկեր, մյուս կողմից ունի մրցակցային կարգավիճակ Հայաստանի նկատմամբ։ Այս համատեքստը կարող է դառնալ հայ-վրացական հարաբերություններում խանդի պատճառ, պնդում է Բադալյանը։ 

«Նույն տրամաբանությամբ կարող ենք դիտարկել նաև Իրանի հետ հարաբերությունները, քանի որ Իրանը ևս որոշակի վերաբերմունք կունենա ռեգիոնալ սխեմաներում իր շահերին ուշադրության նկատմամբ և հակառակ դիրքորոշում՝ եթե էապես դուրս մնա այդ սխեմաներից», — ասում է նա։

Գլխավոր հարց․ արդյո՞ք Հայաստանը սուբյեկտ է այս գործընթացներում

Բադալյանի խոսքով՝ այս հարցերը կառավարելու համար շատ կարևոր է, թե Հայաստանն ընդամենը սպառող է, թե սուբյեկտ է իր բովանդակությամբ, իր քաղաքական օրակարգով և այդ օրակարգը առաջ մղելու կարողությամբ։ 

«Այս հարցում, ցավոք, պատասխանները առայժմ Հայաստանի սուբյեկտության օգտին չեն։ Առայժմ տեսնում ենք Հայաստանի սպառողական կարգավիճակը և ներքին սպառման համար քարոզչական ակտիվության դրսևորումները։ Քաղաքական բովանդակության առումով, ցավոք, Հայաստանն առայժմ աչքի չի ընկնում», — եզրափակեց  Բադալյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top