Տարածաշրջանը մեծ պատերազմի շեմի՞ն է

Տարածաշրջանը մեծ պատերազմի շեմի՞ն է

Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները գնալով ստանում են ավելի վտանգավոր ու անկանխատեսելի բնույթ։ Քաղաքական մեկնաբանների և վերլուծաբանների գնահատմամբ՝ իրավիճակը մոտենում է այն կետին, երբ ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի՝ ծանր հետևանքներով ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի համար։

Քաղաքական մեկնաբան Արմեն Այվազյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները առանձնակի ուշադրության են արժանի։ Խոսքը, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին հանդես է եկել խիստ կարևոր հայտարարությամբ, ընդգծելով, որ Իրանը ամբողջ ուժով կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած հարվածի։  Խամենեին պնդել է, որ նման սցենարի դեպքում ռազմական գործողությունները անխուսափելիորեն կտարածվեխ ողջ տարածաշրջանի վրա։

Թիրախում՝ ոչ միայն ռազմական օբյեկտները

«Այս հայտարարությունը պարզաբանելով՝ իրանցի պաշտոնյաներն ու փորձագետները բացահայտ նշել են, որ Իրանի զինված ուժերի պատասխան գործողությունները չեն սահմանափակվելու միայն ամերիկյան կամ իսրայելյան ռազմական թիրախներով։ Ըստ այդ մեկնաբանությունների՝ Թեհրանը կարող է փորձել կաթվածահար անել նավթի և գազի արտահանումը տարածաշրջանից՝ հարվածներ հասցնելով համապատասխան ենթակառուցվածքներին Պարսից ծոցում և Ադրբեջանում», — նշում է Այվազյանը։ 

Նա հավելեց, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության է առշանի իրանցի հայտնի վերլուծաբան, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամեդ Մարանդիի հայտարարությունը։ Մարանդին, ում արևմուտքում համարում են Իրանի ուժային կառույցների խոսափող,  բաց տեքստով հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է «սրբել-տանել» Իլհամ Ալիևի ռեժիմը։

Պատերազմ, որը չի կարող շրջանցել Հայաստանը

Այվազյանի համոզմամբ՝ այս զարգացումները խոսում են ոչ թե հերթական լարվածության, այլ իրականում մեծ տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին։ Նրա գնահատմամբ՝ նման սցենարը չի կարող չազդել Հայաստանի վրա կամ «անցնել մեր կողքով»։

«Հետևանքները կարող են լինել ճակատագրական ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև հատկապես Հայաստանի և Ադրբեջանի համար», — ընդգծում է քաղաքագետը՝ նշելով, որ Հարավային Կովկասը այս պարագայում դառնում է մեծ հակամարտության անմիջական հարակից գոտի։

Ի՞նչով է զբաղված Հայաստանը այս ֆոնին

Այս ամենի ֆոնին, Արմեն Այվազյանը խիստ քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանությունների վարքագիծը։ Նրա խոսքով՝ այն պահին, երբ տարածաշրջանը կանգնած է անվտանգության համակարգային փլուզման վտանգի առաջ, Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունները ակնհայտորեն չեն համընկնում ազգային անվտանգության օրակարգին։

Քաղաքագետը նշում է, որ հանրությունը տեսնում է իշխանության ղեկավարի հրապարակային վարքագիծը՝ երգ, պար, ցուցադրական ակտիվություն, մինչդեռ անվտանգության ողջ համակարգը, ըստ նրա, փաստացի ներգրավված է հայ հոգևորականության դեմ գործողությունների մեջ։ Այվազյանը նման իրավիճակը գնահատում է որպես վտանգավոր ու անընդունելի պետական կառավարման օրինակ։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի բացառում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ հարված հասցնելու մտադրությունից։ Նրա խոսքով՝ դա կլինի առավել ողջամիտ և պատասխանատու վարքագիծ։

Սակայն, ինչպես ընդգծում է Այվազյանը, որևէ պետության անվտանգությունը չի կարելի կառուցել նման հույսերի վրա։ «Այդ հույսով պետություն ղեկավարել և ազգային անվտանգություն ապահովել երբեք չի կարելի», — եզրափակում է նա՝ փաստելով, որ Հայաստանին անհրաժեշտ է սառը հաշվարկված, ինստիտուցիոնալ և երկարաժամկետ անվտանգային քաղաքականություն, այլ ոչ թե իրավիճակային սպասումներ։

Scroll to Top