Թուրանի գաղափարը այլևս տեսություն չէ. Թուրքիան ձևավորում է նոր գերտերություն

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց հրամանագիր, ըստ որի որոշ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, այլևս օտարերկրացի չեն համարվի Թուրքիայում: Դրանում զուգահեռ՝ նա արագացնում է թուրքական միասնական այբուբենի ստեղծման գործընթացը: Այս երկու քայլերն էլ, երբ դիտարկվում են միասին, տալիս են հետաքրքիր պատկեր՝ ինչպես է զարգանում Թուրքիայի նոր քաղաքական ու մշակութային տեսլականը, և ինչ նշանակություն ունի այն «Մեծ Թուրանի» գաղափարի իրականացման համար։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ Թուրանի գաղափարի իրականացման գործընթացը այլևս տեսանելի է և փուլ առ փուլ զարգանում է․ «Թուրանը կազմում են, արդեն կամաց-կամաց, և մենք, հայերս էլ, ցավոք, անմասն չենք այդ գործում», — ասում է նա։

Նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետը Ստամբուլում հայ համայնքի ներկայությամբ հայտարարել էր, որ «մենք ենք բացում Թուրանի ճանապարհը»։ Լոքմագյոզյանի կարծիքով՝ հենց այդ արտահայտությունն է, որ փաստում է՝ Հայաստանը, գուցե անգիտակցաբար, բայց մասնակցում է այն գործընթացին, որն ինքնին միտված է համաթուրքական միավորման ամրապնդմանը։

Նա նշում է, որ մինչ հայ պաշտոնյաները խոսում են «Թուրանի ճանապարհ» բացելու մասին, թուրքական կողմը շատ ավելի զգույշ է․ «Թուրքերը պաշտոնական մակարդակով այդ անունը գրեթե չեն օգտագործում։ Փորձում են թաքցնել իրենց իրական նպատակը, բայց դա հստակ արտացոլվում է մամուլում։ Երբ մի քանի տարի առաջ հայտարարեցին ժանդարմերիայի համագործակցության մասին, պաշտոնապես ասացին, թե դա որևէ երրորդ երկրի դեմ չէ, բայց բոլոր թուրքական թերթերը նույն վերնագրով գրեցին՝ “Թուրանի բանակը կազմվեց”։ Եվ եթե բոլոր թերթերն ունեն նույն վերնագիրը, նշանակում է՝ դա ուղարկվել է վերևից»։

Լոքմագյոզյանի կարծիքով՝ այս մոտեցումը թուրքական դիվանագիտության դասական օրինակն է՝ «պաշտոնապես չասել, բայց անպաշտոն ձևով հայտարարել»։ Նրա գնահատմամբ՝ Անկարան հմտորեն ձևավորում է գաղափարական հարթակ, որի նպատակը ոչ միայն քաղաքական կամ ռազմական ինտեգրումն է, այլև մշակութային ու լեզվական միավորումը։

«Տեսեք, այժմ ուզում են միասնական այբուբեն ստեղծել։ Մեր հարևան ադրբեջանցիները արդեն երեք անգամ իրենց այբուբենը փոխել են։ Թուրքերը ժամանակին լատինատառ դարձան, որի համակարգի ստեղծողը, ի դեպ, հայ էր՝ դիլաճառ Հակոբ Մարտյանը։ Հիմա այդ նույն այբուբենը փորձում են տարածել մյուս պետությունների վրա, որոնք դեռ այլ գիր են օգտագործում։ Սա պետություն կառուցելու գործընթաց է», — ընդգծում է նա։

Լոքմագյոզյանը համոզված է՝ Թուրանի գաղափարը ոչ թե վերացական միություն է, այլ համատարած ռազմավարություն՝ տնտեսական, լեզվական և քաղաքական մակարդակներով․ «Այն պահը, երբ այս պետությունները վերջնականապես միավորվեն, աշխարհը կստանա հարյուր միլիոնավոր բնակչությամբ հսկա մի պետություն։ Եվ նրանք դա գիտակցում են։ Շատերը Թուրքիային արդեն տեսնում են որպես եվրոպական, հզոր տնտեսություն ունեցող, ազդեցիկ պետություն։ Էրդողանի Թուրքիան իրեն ներկայացնում է որպես աշխարհի մեծերից մեկը, և այդ տեսլականը շատերին գրավում է»։

Scroll to Top