Վերաարտահանման ձախողում. Հայաստանի տնտեսությունը՝ առևտրային անկման ճնշման տակ

Վերաարտահանման ձախողում. Հայաստանի տնտեսությունը՝ առևտրային անկման ճնշման տակ

2025 թվականի առաջին կեսին Հայաստանի արտաքին առևտուրը ցուցադրում է զգալի անկում, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման կտրուկ կրճատմամբ։ Հունիս ամսին արտահանումը նվազել է 15.9%-ով, իսկ հունվար–հունիս ամիսներին կուտակային անկումը կազմել է 52.8%։ «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներ» կատեգորիայի վրա է բաժին ընկնում ընդհանուր կրճատման 79.8%-ը՝ բացատրելով 58.5 տոկոսային կետի անկումը։

Եթե բացառենք ոսկու վերաարտահանումը, ապա արտահանման աճը կազմելու էր ընդամենը 1.1%, ինչը վկայում է արտահանման այլ ուղղությունների թույլ ներուժի մասին։ Ներմուծումը հունիսին նվազել է 17.1%-ով, իսկ կես տարվա կտրվածքով՝ 38.6%-ով, կրկին ոսկու վերաարտահանման անկման հետևանքով (80.8% անկում, 46.1 տոկոսային կետի անկման ներդրում)։ Առանց վերաարտահանման՝ ներմուծումը կաճեր 4.1%-ով, նշվում է «Լույս» հիմնադրամի հետազոտության մեջ։ Թեև ներմուծման հիմնական անկումը պայմանավորված է ոսկու վերաարտահանման կրճատմամբ, և առանց այդ ցուցանիշը հաշվարկելու արձանագրվում է չափավոր աճ, դա դեռևս չի նշանակում, որ կարելի է անտեսել ռիսկերը։ Նույնիսկ որոշ ապրանքային խմբերում դրական դինամիկայի պարագայում, ներմուծման որակը մնում էհարցականի տակ, քանի որ նման աճը կարող է անկայուն լինել հատկապես տնտեսության դանդաղող աճի պայմաններում։

Դրական միտումներ են  նկատվում «պատրաստի սննդամթերք» (արտահանման աճ՝ 31.5%,անկման ներդրում՝ 1.5 տոկոսային կետ) եւ «ցամաքային, օդային եւ ջրային տրանսպորտ» կատեգորիաներում (ներմուծման ներդրում՝ 2.7 տոկոսային կետ)։ Այսպիսով, արտաքին առևտուրը բախվում է խորքային անկման, ինչը վկայում է տնտեսության ուժեղ կախվածության մասին ոսկու վերաարտահանումից։ Առանց այդ գործոնի արտահանման և ներմուծման աճը մնում է նվազագույն, ինչը ընդգծում է առևտրային հոսքերի դիվերսիֆիկացման հրատապ անհրաժեշտությունը։

Արտահանման և ներմուծման նվազումը առաջացնում է բացասական հետևանքների շղթա Հայաստանի տնտեսության համար, հատկապես հաշվի առնելով տնտեսության փոքր չափերն ու արտաքին առևտրից կախվածությունը ։ Արտահանման անկումը նշանակում է արտարժույթային եկամուտների կտրուկ նվազում, ինչն իր հերթին բերում է ընդհանուր ֆինանսական մուտքերի նվազեցնման և կարող է հանգեցնել ազգային արժույթի արժեզրկման։ Սա էլ բարձրացնում է ներմուծման գները, ուժեղացնում է գնաճային ճնշումը և նվազեցնում բիզնեսի և տնային տնտեսությունների գնողունակությունը։

Վերաարտահանումից դուրս արտահանման թույլ ներուժը մատնանշում է կառուցվածքային խնդիր․ Հայաստանի տնտեսությունում նկատվում է մրցունակ  ճյուղերի պակաս ։ Սա սահմանափակում է կայուն աճի հնարավորությունները, մեծացնում տնտեսության խոցելիությունը արտաքին ցնցումների հանդեպ և խոչընդոտում է ուժեղ արտադրական հատվածի ձևավորմանը։ Բացի այդ, արտահանման կրճատումը վատթարացնում է առևտրային և վճարային հաշվեկշիռները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային ներդրումային միջավայրի վրա, մեծացնել ռիսկերը ներդրողների համար և բարդացնել արտաքին ֆինանսավորման ներգրավումը։

Այս համատեքստում մտահոգություն է առաջացնում կառավարության ընդգծված զգուշավորությունը հանքարդյունաբերական ոլորտի ծրագրերի նկատմամբ, որի արդյունքում ոլորտը հայտնվել է երկարատև կանգի մեջ։ Մինչդեռ հանքարդյունաբերությունն ու մետալուրգիական ոլորտը ժամանակին ապահովում էին Հայաստանի ամբողջ արտահանման մինչև 45%-ը՝ մնալով արտարժույթային եկամուտների առանցքային աղբյուր և արտաքին տնտեսական հաշվեկշռի կայունացումն ապահուվոխ գործոն։ Այս ոլորտի ներուժի անտեսումը՝ արտահանման եկամուտների կտրուկ կրճատման և մեկ արտահանման-ներմուծման ուղուց (ոսկու վերաարտահանում) կախվածության ֆոնին, մեծացնում է տնտեսության խոցելիությունը, որն արդեն իսկ զուրկ է կայուն զարգացման շարժիչ ուժից։

Scroll to Top