Մենք ապրում ենք Երրորդ Հանրապետությունում, և այն ճգնաժամի մեջ է

Ընտրություններ 2026․ «ընդդիմությունափոխություն» իշխանափոխության փոխարեն

Հայաստանի ներքաղաքական օրակարգում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ձևավորվող գործընթացները վաղուց դուրս են եկել զուտ անձնական կամ հոգևոր հարթությունից։ Պետական կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանի համոզմամբ՝ այստեղ խոսքը մեկ անձի՝ անգամ Վեհափառ Հայրապետի մասին չէ, այլ ազգային ինստիտուտի ենթարկման կամ ոչնչացման փորձի։
«Ժամանակավոր կաթողիկոսի» օրակարգը

Ավետիսյանի խոսքով՝ իշխանության բարձրագույն ներկայացուցիչը հրապարակային խոսքում փաստացի հայտարարել է իր օրակարգը․ Վեհափառ Հայրապետի հեռացում, «ժամանակավոր կաթողիկոսի» նշանակում, կանոնակարգի փոփոխություն և ընտրությունների կազմակերպում։ Փորձագետը նշում է, որ սա ուղիղ տեքստով նշանակում է մեկ բան՝ իշխանությանը հարմար հոգևոր առաջնորդ ունենալու ձգտում։

Նա հիշեցնում է նաև այն հայտարարությունները, ըստ որոնց՝ պատմականորեն, երբ Հայաստանը պետականություն չուներ, կաթողիկոսի նշանակումը կատարվում էր տվյալ պետության ղեկավարների համաձայնությամբ։ «Այս ենթատեքստով այսօր հստակ ակնարկ է արվում․ Հայաստանը պետություն է, ես եմ պետության ղեկավարը, ուրեմն կաթողիկոսը պիտի նշանակվի իմ համաձայնությամբ», — ընդգծում է Ավետիսյանը։

Ինչու է իշխանությունը թիրախավորում եկեղեցին

Փորձագետի համոզմամբ՝ պատճառը պարզ է․ գործող իշխանությունը հրաժարվել է ազգային շահերից և չի ցանկանում, որ երկրում գործի մի մեծ, ազդեցիկ ինստիտուտ, որն ունի   հեղինակություն և ժողովրդի վրա իրական ազդեծություն, ուստի և կարող է բարձրաձայնել այդ շահերի մասին։

«Եթե եկեղեցին էլ անցնի իշխանության լիակատար վերահսկողության տակ, վաղը մենք կարող ենք հայտնվել ճաղերի հետևում միայն Արցախի անունը տալու համար», — զգուշացնում է Ավետիսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը գործելու է փուլ առ փուլ՝ սկսելով մեծ ինստիտուտներից ևի վերջո հասնելով ավելի փոքր շրջանակներին։

Համախմբում՝ եկեղեցու շուրջ

Այս պայմաններում, ըստ փորձագետի, սպասել առանձին անհատներից կամ քաղաքական ուժերից լուծումներ՝ անիմաստ է։ Նա կարևորում է ժողովրդի համախմբումը Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի շուրջ՝ թույլ չտալու համար, որ գործող իշխանությունը հաջողի իր ծրագրում։

«Եկեղեցին միայն հոգևոր պահանջմունքներ բավարարող կառույց չէ։ Այն ազգային ինստիտուտ է և ոչ թե պարզապես իրավունք ունի, այլ պարտավորություն ունի խոսելու, երբ երկրի ազգային շահերը չեն սպասարկվում», — ասում է Ավետիսյանը։

Նրա համոզմամբ՝ հազարամյա այդ կառույցը, որը կանգնած է հայկական պետականության հիմքերում, չի կարող լռել այն պահին, երբ իշխանությունը հրաժարվում է ազգային շահերից։

Ընտրությունների սցենարը․ իշխանափոխություն չէ, այլ «ընդդիմությունափոխություն»

Խոսելով հնարավոր ընտրական սցենարի մասին՝ Ավետիսյանը բացահայտորեն թերահավատ է իշխանափոխության հեռանկարի նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս պայմաններում ընտրությունները չեն կարող բերել իրական քաղաքական փոփոխության։

Փորձագետի խոսքով՝ իր կանխատեսմամբ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքում կարող է հավաքել մոտ 50 տոկոս կամ նույնիսկ 51 տոկոս։ Իսկ եթե անգամ այդ շեմը չհաղթահարի և կանգ առնի, օրինակ, 45 տոկոսի վրա, ապա մեծ հավանականությամբ նրան կաջակցի որևէ փոքր քաղաքական ուժ, որը կարող է անակնկալ թվալ հասարակության մի մասի համար, սակայն կմիանա իշխանությանը՝ ապահովելով խորհրդարանական մեծամասնություն։

«Ես տեսնում եմ Ազգային ժողովում մի վիճակ, որտեղ Փաշինյանը կրկին դառնում է մեծամասնություն», — նշում է Ավետիսյանը։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանում կարող է փոխվել ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմության կազմը։ Գործող «Հայաստան» դաշինքի փոխարեն երկրորդ տեղում կարող է հայտնվել «Մեր ձևով» անվանվող ուժը, իսկ երրորդ տեղում՝ կամ նույն «Հայաստան» դաշինքը, կամ որևէ այլ քաղաքական ուժ։

Այս համատեքստում փորձագետը շեշտում է, որ առաջիկա ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմության ներսում վերադասավորման՝ այն, ինչ ինքը անվանում է «ընդդիմությունափոխություն»։

«Սուտ ընդդիմության» ֆենոմենը

Ավետիսյանը կոշտ քննադատության է ենթարկում այն քաղաքական ուժերին, որոնք հրապարակային խոսքում հանդես են գալիս որպես ընդդիմություն, սակայն իրականում չունեն իշխանափոխության օրակարգ։ Նրա խոսքով՝ այդ ուժերի հիմնական նպատակը Ազգային ժողովում տեղ ունենալն է՝ ընդդիմության կարգավիճակով, այլ ոչ թե իրական պատասխանատվություն ստանձնելը։

«Շատերի օրակարգը իշխանափոխությունը չէ։ Նրանց օրակարգն այն է, որ լինեն խորհրդարանում՝ ընդդիմության դերում», — ընդգծում է նա։

Փորձագետի համոզմամբ՝ նման «կառուցողական» կամ «հարմար» ընդդիմությունը լիովին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Երբ հանրային խոսքում բարձրաձայնվում են Արցախի, ազգային կորուստների և իշխանության պատասխանատվության հարցերը, դա մշտապես նյարդայնացնում է գործող վարչապետին։ Եվ հենց այդ պատճառով, ըստ Ավետիսյանի, Փաշինյանը շահագրգռված է ունենալ այնպիսի ընդդիմություն, որը կխոսի մեղմ, «պուպուշ լեզվով» և չի դնի ցավոտ ու համակարգային հարցեր։

Այս պայմաններում փորձագետը կարևորում է հոգևոր առաջնորդության դերը՝ որպես համախմբող գործոն։ Նրա կարծիքով՝ հենց հոգևոր առաջնորդությունը կարող է հանդարտեցնել, միավորել քաղաքական ուժերին և ժողովրդին՝ վերադարձնելով Հայաստանին սուբյեկտային դերակատարումը միջազգային գործընթացներում։

Scroll to Top