Ընտրություններ-2026․ Դրական սցենարներ գրեթե չկան 

Ընտրություններ-2026․ Դրական սցենարներ գրեթե չկան 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական լարվածության մակարդակը կարող է որոշ չափով նվազել, սակայն Հայաստանի քաղաքական համակարգում բևեռացվածությունը կպահպանվի, ինչը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարության զարգացման համար։ Այս մասին նշել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ 

Ապագա խորհրդարանը կարող է նույնիսկ ավելի վատը լինել, քան ներկայիսը

«Եթե բոլոր հիմնական քաղաքական դերակատարները միմյանց դիտարկում են որպես ինչ-որ օտար տարր, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ որևէ քաղաքական կամ ժողովրդավարական դիսկուրս չի կարող լինել», – ասաց Գրիգորյանը։ Քաղաքագետը նշեց, որ ապագա խորհրդարանը կարող է նույնիսկ ավելի վատը լինել, քան ներկայիսը, քանի որ ավելի մեծ հիմքեր է ստեղծելու բևեռացվածության խորացման համար։

Նրա գնահատմամբ՝ այդ իրավիճակից առաջին հերթին շահելու են գործող իշխանությունները, քանի որ կստանա իր համար ավելի հարմար ընդդիմություն, քան ներկայիսն է։  «Եթե նախկինում խոսում էին «նախկինների» մասին, ապա հիմա կարող է ձևավորվել ուժ, որը հանրային ընկալման մեջ ասոցացվելու է Ռուսաստանի հետ, և այդ ուժի կողմից հնչեցված ցանկացած քննադատություն, նույնիսկ լեգիտիմ քննադատություն, կարող է չեզոքացվել միայն այն փաստարկով, թե “այդ ուժը ներկայացնում է օտար երկրի շահերը”», – ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ նույն գործելակերպը կիրառելու է նաև ընդդիմությունը՝ շարունակելով տարածել այնպիսի նարատիվներ, ինչպիսիք են, օրինակ, «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեման և պնդումները, թե գործող իշխանությունները վերահսկվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ 

Հայաստանի ժողովրդավարական զարգացումը փակուղում

«Սա կարող է Հայաստանի ժողովրդավարական զարգացումը մտցնել փակուղի», – ընդգծել է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ առաջիկա ընտրություններից առավելագույն դրական արդյունքը կարող է լինել այն, եթե խորհրդարան անցնի գոնե մեկ փոքր քաղաքական ուժ, որը կապ չունի ոչ գործող իշխանությունների, ոչ նախկին իշխանությունների, ոչ էլ արտաքին դերակատարների հետ և ունի իրական ժողովրդավարական օրակարգ։ «Եթե նույնիսկ այդպիսի փոքր ուժ չլինի խորհրդարանում, ցավոք, որևէ դրական զարգացում չենք կարող ակնկալել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում», – նշել է նա։

Նշելով, որ ըստ սոցիոլոգիական հարցումների, իշխող թիմը կվերընտրվի, Գրիգորյանը հավելեց, որ ներկայիս պայմաններում դրական սցենարներ գրեթե չկան՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կհաղթի ընտրություններում։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունների հաղթանակի դեպքում ժողովրդավարական հետընթացը շարունակվելու է։

«Եթե մեկ տարուց ավելի խախտում ես բոլոր կանոնները, նորմերը, օրենքները, Սահմանադրությունը և ժողովրդավարական սկզբունքները, և դրան չի հետևում որևէ լուրջ արձագանք, իսկ հետո ստանում ես նոր մանդատ և վերընտրվում, դա կարող է ընկալվել որպես ազդակ, որ այդ գործելաոճը լիովին ընդունելի է հասարակության համար», – ասել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ նաև ինստիտուցիոնալ առումով քիչ են այն սահմանափակումները, որոնք կարող են կանխել այդ գործընթացը։ Նա նշել է, որ գրեթե բոլոր անկախ մարմինները գտնվում են գործադիր իշխանության վերահսկողության տակ, իսկ քաղաքացիական հասարակությունը բաժանված է իշխանություններին ավելի լոյալ դերակատարների և նրանց միջև, ովքեր փորձում են պահպանել անկախությունը։ «Այդ զսպումների մեխանիզմն այսօր փաստացի գոյություն չունի», – նշել է Գրիգորյանը։

Արդեն հիմա պետք է մտածել ամենավատ սցենարը կանխելու մասին

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ապագայով մտահոգ բոլոր մարդիկ պետք է արդեն հիմա մտածեն, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ամենահոռետեսական սցենարները կանխելու համար։

Նրա խոսքով՝ նման զարգացումների օրինակներ արդեն եղել են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ հարևան Վրաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններում։

«Գրեթե բոլոր երկրներում ժողովրդավարական հետընթացը տեղի է ունենում նույնատիպ սցենարով, և այդ սցենարին նախորդող փուլում այն դերակատարները, որոնք պետք է կատարեին իրենց աշխատանքը, չեն կատարում այն՝ նույն արդարացումներով բացատրելով իրավիճակը», – ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ընտրությունների աշխարհաքաղաքականացումը և քաղաքական ուժերի միջև փոխադարձ մեղադրանքների խորացումը լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար և կարող են երկարաժամկետ հեռանկարում թուլացնել քաղաքական համակարգի առողջ մրցակցային միջավայրը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top