Հայաստանում ստեղծվել է բարդ իրավիճակ, երբ ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ քայլերը հաճախ հակադրության մեջ են մտնում ժողովրդավարական սկզբունքների ու իրավունքի պաշտպանության հետ։ Նման կարծիքի է «Հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը։
Ըստ նրա՝ գործող ընդդիմության ներկայիս «ապամոնտաժումը» կարող է մաքրել քաղաքական դաշտը և հնարավորություն տալ իրապես ժողովրդավարական ուժերի կայացմանը, սակայն այս գործընթացն ուղեկցվում է ընթացակարգային խախտումներով, որոնք պարունակում են համակարգային լուրջ ռիսկեր։
Քաղաքական գնահատականը պետք է տրվեր դեռ 2018 թվականին
Աբրահամյանի համոզմամբ՝ դեռևս 2018 թվականից անհրաժեշտ էր իրավաքաղաքական գնահատական տալ նախկին իշխանությունների գործունեությանը։ Եթե դատական համակարգը չէր կարող կամ չէր ցանկանում արդյունավետ գործել, ապա, նրա կարծիքով, անհրաժեշտ էր գտնել այլ իրավական և քաղաքական մեխանիզմներ, որոնք թույլ կտային սահմանազատել քաղաքական գործընթացները ապօրինի ազդեցություններից։
Նա հիշեցնում է, որ բազմաթիվ գործեր՝ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ, մինչ օրս գտնվում են դատարաններում։ «Եթե այդ գործընթացները ժամանակին ավարտվեին, ապա քաղաքականությունից զգալի չափով դուրս կգար ապօրինի կապիտալը, և քաղաքական մրցակցությունը կդառնար ավելի արդար»,- նշում է Աբրահամյանը։
Ուշացած քայլեր, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին
Միևնույն ժամանակ, նա ընդունում է, որ այն քայլերը, որոնք այսօր արվում են «Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության տեսանկյունից որոշ գործողություններ գուցե իսկապես անհրաժեշտ են»։ Սակայն, նրա խոսքով, այդ քայլերը հաճախ հակասության մեջ են մտնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ընթացակարգերի հետ։
«Սա է հիմնական խնդիրը։ Մի կողմից տեսնում ենք քայլեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել, մյուս կողմից՝ տեսնում ենք բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, որոնք վաղը կարող են վերածվել վտանգավոր նորմի»,- ասում է նա։ Աբրահամյանը զգուշացնում է, նման նախադեպերը հետագայում կարող են կիրառվել արդեն բոլորի նկատմամբ՝ անկախ քաղաքական հայացքներից։
«Եթե մի դեպքում խախտումները հանդուրժվում են, ապա հաջորդ անգամ դրանք արդեն ընկալվում են որպես նորմ, իսկ դա կարող է շատ վտանգավոր հետևանքների բերել»,- ընդգծում է նա։
Հայաստանի իրավիճակը տարբերվում է եվրոպական փորձից
Աբրահամյանը նշում է, որ նմանատիպ իրավիճակների միջով անցել են նաև եվրոպական մի շարք երկրներ։ Որպես օրինակ նա հիշեցնում է Ռումինիան, որտեղ չեղարկվեցին ընտրությունները և սկսվեցին լայնածավալ դատական գործընթացներ։ Այդ որոշումները նույնպես արժանացան քննադատության, քանի որ նույնիսկ արևմտյան որոշ քաղաքական գործիչներ նշում էին, որ ժողովրդավարությունը չի կարելի պաշտպանել հակաժողովրդավարական մեթոդներով։
Սակայն, ըստ նրա, Ռումինիայի և Հայաստանի միջև կա կարևոր տարբերություն։ «Եվրոպական երկրներն ունեն կայացած պետական և հատկապես դատաիրավական ինստիտուտներ։ Հայաստանում այդ ինստիտուտները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, և նման մեթոդների կիրառումը շատ ավելի մեծ ռիսկեր է ստեղծում»,- նշում է նա։
Աբրահամյանի խոսքով՝ եթե Հայաստանում շարունակվեն ժողովրդավարական ընթացակարգերի խախտումները և պետական ինստիտուտների թուլացումը, ապա երկիրը կարող է կանգնել նույն խնդիրների առաջ, որոնց այսօր բախվում է Վրաստանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար առանցքային խնդիրն այսօր ոչ միայն պետական անվտանգությունն է, այլ նաև այն, որ այդ անվտանգության ապահովումը չպետք է իրականացվի ժողովրդավարական արժեքների և իրավական պետության սկզբունքների հաշվին։ Այդ հակասության հաղթահարումը, ըստ Աբրահամյանի, առաջիկա տարիների ամենաբարդ քաղաքական մարտահրավերներից մեկն է։

