Վաշինգտոնյան գագաթնաժողով. Նոր մանրամասներ և նոր իրողություններ

Վաշինգտոնյան գագաթնաժողով. Նոր իրողություններ

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի արդյունքները շարունակում են մնալ Հայաստանում քաղաքական քննարկումների հիմնական թեման: Ոմանք գագաթնաժողովը համարում են հաջողված և շտապում են հայտարարել տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման մասին: Մյուսները, ընդհակառակը, վստահ են, որ գագաթնաժողովը հայկական կողմի միակողմանի զիջումների ևս մեկ փուլ էր: Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը վստահ է, որ կողմերի ձեռք բերված արդյունքները զգալիորեն տարբերվում են, վաշինգտոնյան հանդիպումը ստեղծեց աշխարհաքաղաքական ազդեցության նոր ձևաչափ Հարավային Կովկասում:


Ինչ ստացավ Հայաստանը և ինչ ստացավ Ադրբեջանը

Ըստ նրա, այս հանդիպման ՀՀ-ի գլխավոր հայտարարված նվաճումը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն էր և թուրքական սահմանի բացման հեռանկարը: Երկու նվաճումներն էլ փորձագետին կասկածելի են թվում. «Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը հնարավորություն է տալիս հետաձգել հակամարտության հնարավոր սրացումը, բայց ամբողջությամբ չի վերացնում այս վտանգը»: Ավելին, հաշվի առնելով Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու նախապայմանը, փաստաթղթի ստորագրման հնարավորությունը հետաձգվում է անորոշ ժամանակով: Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, ապա դա մեծապես կախված կլինի Թուրքիայի ներգրավվածության աստիճանից։

Մելքոնյանը նշում է, որ Բաքվի համար գագաթնաժողովը շատ ավելի արդյունավետ էր։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր պարտավորություններ չի ենթադրում Բաքվի համար, այլ միայն հնարավորություն ստեղծեց բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը  գործող ռեժիմի շրջանակներում պահպանեց գործելու ազատությունը և ապագայում կարող է պահանջել նոր զիջումներ, այդ թվում՝ անկլավների հարցում։

Բաքուն համաձայնության հասավ Երևանի հետ՝ դիմելու ԵԱՀԿ երկրներին Մինսկի խմբի լուծարման հարցով։ Այս քայլն ինքնին չի ենթադրում ՄԽ լուծարում, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս երկրների համաձայնությունը, սակայն այն ի ցույց դրեց մի միտում. Երևանը կրկին պատրաստ է շեղվել իր սկզբնական դիրքորոշումից։ Մելքոնյանը հիշեցրեց, որ նախկինում հայկական կողմը վստահեցրել էր, որ նման դիմումով հանդես կգա միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

Բաքվի համար մեկ այլ արդյունք էր ԱՄՆ-ի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի չեղարկումը, որը նոր հնարավորություններ է բացում Ադրբեջանի համար Վաշինգտոնի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար։ 

Հետևանքները արտաքին խաղացողների համար

Ըստ Մելքոնյանի. «Հարավային Կովկասում Ռուսաստանի համար նոր իրավիճակ է ստեղծվում. ստատուս քվոն ձևավորվում է առանց Մոսկվայի անմիջական մասնակցության և առանց նրա շահերը հաշվի առնելու։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի  տարածաշրջանից լիակատար դուրս գալու մասին վաղաժամ է խոսել՝ ապագա տարածաշրջանային ձևաչափին մասնակցելու հնարավորությունները մնում են։ Սակայն Ռուսաստանը կորցնում է ազդեցության մենաշնորհը, ինչը պահանջում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների  հետ փոխգործակցության և մրցակցության նոր մոդելների մշակում»։ 

Իրանը, ինչպես նշում է Մելքոնյանը, հայտնվել է տարածաշրջանի նոր ուրվագծերի ձևավորումից մեկուսացված։ «Ամերիկյան ընկերությունների հնարավոր տեղակայումը Հայաստանի սահմանների մոտ ստիպում է Թեհրանին ավելի ակտիվորեն ներգրավվել՝ ռիսկերը նվազեցնելու և սեփական շահերը պաշտպանելու համար։  Թուրքիան, ընդհակառակը, ապահովում է ազդեցության աճ, սա նրա առջև բացում է տարածաշրջանային հիմնական խաղացող դառնալու ռեալ հեռանկար։ Այս առավելության իրացման հնարավորությունը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես են իրականացվելու TRIPP-ի նման նախագծերը և արդյոք Հայաստանի հետ սահմանի բացումը կլինի իրական, թե մասնակի», — ասաց նա։

Ներքին հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար

Խոսելով հետևանքների մասին՝ Մելքոնյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանը մի շարք միակողմանի զիջումների գնաց, ինչպես ՄԽ լուծարման հարցում, այնպես էլ Սյունիքով ճանապարհի հարցում։ «Նախիջևան տանող տրանսպորտային ճանապարհի պայմանները փոխվել են. եթե նախկինում Երևանը պատրաստ էր ճանապարհը տրամադրել Իրանի միջով անցնող «Արազի միջանցքի» նման պայմաններով, ապա այժմ պայմանները բոլորովին այլ են», — նշել է նա։

Բացի այդ, Մելքոնյանը վստահ է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով՝ Հայաստանը պարտավորվեց վերանայել ԵՄ դիտորդական առաքելության գործելու ձևաչափը՝ այն պետք է լքի սահմանը։ «Առաքելությունը, հավանաբար, կգործի այլ ձևով։ Այսպիսով, Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենամիջազգայնացված երկիրը. նրա տարածքում կլինեն եվրոպացի դիտորդներ, ռուս սահմանապահներ, ռուսական ռազմաբազա  և ամերիկյան ընկերություն», — ասաց նա։

Մյուս կողմից, Բաքուն ստացավ Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության արտոնյալ պայմաններ՝ ապահովելով իր համար «անարգել» մուտք դեպի իր էքսկլավ, ինչն ապահովում է ադրբեջանական կողմի անմիջական օգուտ արդեն այս փուլում։ Մելքոնյանն ընդգծեց, որ Նախիջևան անարգել մուտքի մասին փաստաթուղթը Բաքվին օրինական հիմքեր է տալիս ապագայում տարածաշրջանային կամ միջազգային իրավիճակի փոփոխության դեպքում ճանապարհը բացելու համար։

Այսպիսով, վաղաժամ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Մինչև Ադրբեջանը չկատարի այնպիսի հիմնական կետեր, ինչպիսիք են հայ գերիների վերադարձը, Հայաստանի բռնազավթած տարածքներից իր զորքերի ետքաշումը, Ղարաբաղից բռնագաղթած քաղաքացիների իրավունքների վերականգնումը և «Արևմտյան Ադրբեջանի» նման զավթողական նախագծերի մերժումը, անհնար է խոսել Բաքվի լուրջ մտադրությունների կամ կայուն խաղաղության մասին, վստահ է փորձագետը։

Scroll to Top