Լոգիստիկան և էներգետիկան այսօր այլևս զուտ տնտեսական ոլորտներ չեն․ դրանք վերածվել են լիարժեք աշխարհաքաղաքական գործիքների, որոնց միջոցով գլոբալ դերակատարները փորձում են տարածել իրենց տնտեսական, աշխարհատնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Այս մասին նշել է Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Եթե 7–10 տարի առաջ այդպես չէր, այսօր ակնհայտ է, որ էներգետիկան և լոգիստիկան հենց աշխարհաքաղաքականությունն են»,– նշում է նա՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին այս միտումը դարձել է բացարձակ հստակ։
Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»՝ խելամիտ ազդեցության մոդել
Հարությունյանը նշում է, որ Չինաստանը հաշվարկված և իմաստուն քաղաքականություն է վարում։ Նրա խոսքով՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հենց այդ քաղաքականության արտահայտությունն է։
«Չինաստանը այնպիսի առաջարկներ է անում այն երկրներին, որոնց միջոցով պետք է կապվի Արևմուտքի հետ, որ գրեթե ոչ ոք անգամ չի մտածում հրաժարվելու մասին։ Դրանք շահավետ են այդ երկրների համար»,– ասում է նախկին վարչապետը՝ նշելով, որ Չինաստանի հիմնական շուկան Եվրոպան և Միացյալ Նահանգներն են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, վարում է Չինաստանի ազդեծության չեզոքացման քաղաքականություն։ Նա ոչ պակաս շահավետ առաջարկներ է անում, բայց բաց և կոշտ պայմաններով։
«Թրամփն ասում է՝ ես դեմ չեմ, որ դուք լավ ապրեք, հարստանաք, պատրաստ եմ օգնել, բայց մի պայմանով՝ ձեր հարստացման աղբյուրները ես պիտի տնօրինեմ»,– նշում է նա։
Ըստ Հարությունյանի՝ այս նույն մոտեցումն է կիրառվում Ուկրաինայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ։ Խոսքը հատկապես ընդերքի և ռազմավարական ռեսուրսների վերահսկման մասին է։
C5+1 և Կենտրոնական Ասիայի վերաիմաստավորումը
Նախկին վարչապետի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը վերջին շրջանում կտրուկ աճել է, ինչը պայմանավորված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակության վերագնահատմամբ։
Նա հիշեցնում է C5+1 ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում Թրամփը Կենտրոնական Ասիայի երկրներին առաջարկել է հսկայական ներդրումներ՝ մինչև 130 միլիարդ դոլարի չափով, սակայն հստակ պայմանով՝ ԱՄՆ մասնակցություն ընդերքի կառավարմանը և անվտանգային համակարգերին։
«Սրանով ԱՄՆ-ը փորձում է Կենտրոնական Ասիան դուրս բերել մի կողմից Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցությունից, մյուս կողմից՝ Չինաստանի ազդեցության ոլորտից»,– նշում է Հարությունյանը։
Չինաստանի պատասխան քայլը և Թուրքիայի դերը
Չինաստանը, նշում է Հարությունյանը, անմիջապես արձագանքել է ամերիկյան նախաձեռնություններին։ Նա հիշեցրեց, որ Ստամբուլում Չինաստանի նախաձեռնությամբ կայացավ վեց երկրների հանդիպումը՝ Չինաստան, Ղազախստան, Ղազախստան, Թուրքմենիա, Իրան և Թուրքիա։ «Նրանք հուշագիր ստորագրեցին, որ այդ երկրներով կանցնի նոր լոգիստիկ հնարավորություն, որը կմիացնի Չինաստանը արևմտյան Եվրոպային», — ասաց նա՝ հավելելով, որ այս հուշագիրը արձագանքն էր Թրամփի նախաձեռնություններին:
Նա ընդգծում է, որ նոր լոգիստիկ երթուղու ձևավորման մեջ Թուրքիան ստանում է առանցքային դերակատարում, Իրանը մտնում է խաղի մեջ, Կենտրոնական Ասիայի երկրները նույնպես շահագրգռված են նախագծի իրագործման մեջ։
«Պատահական չէ, որ այդ նախաձեռնությունից հաշված օրեր անց Թուրքիան և Իրանը ստորագրեցին նոր երկաթուղու կառուցման հուշագիր»,– ասում է նախկին վարչապետը։
TRIPP-ը և Հայաստանի շահերը. «Տնտեսական առումով՝ գրեթե ոչինչ»
Այս ենթատեքստում Հարությունյանը խիստ քննադատական է TRIPP նախագծի՝ Հայաստանի համար տնտեսական օգուտների հարցում։ Նրա խոսքով՝ Սյունիքով անցնող մոտ 42 կմ երկաթուղին տնտեսապես Հայաստանին գրեթե ոչինչ չի տալիս։
«Տրանզիտի վճարները լինելու են կոպեկներ։ Ադրբեջանն է շահում՝ ստանալով ուղիղ կապ դեպի Նախիջևան, Իգդիր և Ղարս»,– ասում է նա։
Նախկին վարչապետը հիշեցնում է նաև Forbes ամսագրում հրապարակված թուրք վերլուծաբան Մելիկ Քայլանի հոդվածը, որտեղ ներկայացված էին տարածաշրջանային շահառուների թվային հաշվարկները։
Ըստ այդ հոդվածի՝ Թուրքիայի արտահանումը կարող է աճել մինչև 310 տոկոսով, Ադրբեջանի ՀՆԱ-ն՝ տարեկան մոտ 2 տոկոսով, Կենտրոնական Ասիայի երկրների արտահանումը՝ շուրջ 100 միլիարդ դոլարով, մինչդեռ Հայաստանին խոստացվում է միայն մոտ 2,5 միլիարդ եվրոյի աջակցություն Եվրամիության կողմից։ «Մյուսները ստանում են շոշափելի արդյունքներ, իսկ Հայաստանին պարզապես խոստանում են ինչ–որ բան»,– նշում է Հարությունյանը։

